Հայաստանի անկախացումից հետո երկրի տնտեսության ազատականացմանը զուգահեռ տնտեսական բնագավառ մուտք գործեցին բարձր համբավ ունեցող այնպիսի միջազգային ընկերություններ, որոնց գործունեության ոլորտը մինչ այդ մեր երկրում թերեւս անհայտ էր: Նման բիզնեսների շարքին էր պատկանում նաեւ աուդիտի եւ խորհրդատվության բնագավառը: Սակայն այսօր արդեն իսկ անհերքելի փաստ է, որ անցած 15 տարիներին այդ ոլորտը ոչ միայն մեզանում կայացավ, այլեւ զարգացավ: Այդ ոլորտում աշխատող առաջիններից հայաստանյան շուկա մուտք գործած միջազգային ասպարեզում ճանաչված ընկերություններից մեկը եղավ «Գրանթ թորնթոն ինթերնեշնլ» կազմակերպության անդամ «Գրանթ թորնթոն ամիօն»: Այն, որ Հայաստան մուտք էր գործել ոլորտի համաշխարհային այսպես կոչված «Մեծ վեցնյակի» անդամներից մեկը, ինքնին արդեն խոսուն փաստ էր, քանի որ «Գրանթ թորնթոն ինթերնեշնլը» աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունները միավորող աշխարհի առաջատար կազմակերպություններից է: Բավական է միայն նշել, որ «Գրանթ թորնթոն ինթերնեշնլի» անդամ ընկերությունները գործում են աշխարհի ավելի քան 112 երկրներում, իրենց 519 գրասենյակների միջոցով եւ ավելի քան 22,6 հազար աշխատակիցներից բաղկացած անձնակազմով: Խոսուն փաստ է եւ թերեւս կայունության ու վստահության խորհրդանիշ նաեւ այն, որ «Գրանթ թորնթոն ինթերնեշնլը» համաշխարհային շուկայում իր ուրույն տեղն ունի արդեն ավելի քան 20 տարի, երբ ԱՄՆ գրասենյակի բաժնետեր Ալեքսանդր Գրանթի եւ Մեծ Բրիտանիայի բաժնետեր Թորնթոն Բեյքերի կողմից հիմնադրվեց «Գրանթ թորնթոն ինթերնեշնլը»: «Գրանթ թորնթոն ինթերնեշնլը» ունի 29 միջազգային գործարար կենտրոններ, որոնք գտնվում են աշխարհի կարեւորագույն ֆինանսական կենտրոններում, իսկ յուրաքանչյուր կենտրոն ղեկավարվում է բաժնետիրոջ կողմից, որը միեւնույն ժամանակ ունի աշխարհով մեկ գործող այլ բաժնետերերի փորձից օգտվելու հնարավորություն:
Հատկանշական է, որ «Գրանթ թորնթոն ինթերնեշնլը» սեփականության եւ կառավարման առումներով իրարից անկախ աուդիտորական եւ խորհրդատվական անդամ-ընկերությունների խոշորագույն միջազգային կազմակերպություններից մեկն է: Իսկ անդամ-ընկերությունները մատուցում են խորհրդատվական ծառայություններ ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հատվածներում: Միեւնույն ժամանակ «Գրանթ թորնթոն ինթերնեշնլի» յուրաքանչյուր անդամ անկախ ազգային ընկերություն է, սակայն բոլորն էլ հետեւում են ընդհանուր աշխատանքային ստանդարտներին եւ մեթոդաբանությանը: «Գրանթ թորնթոն ինթերնեշնլի» անդամ-ընկերությունները ամբողջ աշխարհով հաճախորդներին առաջարկում են ծառայությունների լայն ընտրանի, ներառյալ աուդիտ, միջազգային հարկային խորհրդատվություն, ֆինանսական իրավիճակի ուսումնասիրություն, «Մարդկային գործոնը եւ հարաբերությունները մենեջմենտում» թեմայով ուսումնասիրություններ, ինչպես նաեւ գործարար խորհրդատվության այլ լայն ընտրանի-գնահատումներ, ներդրումային եւ գործարար ծրագրերի մշակում, գործարար ռիսկի վերլուծություն եւ կառավարման խորհրդատվություն: Անցած տարիների ընթացքում ընկերությանը հաջողվեց աստիճանաբար ֆինանսական աուդիտի, հաշվապահական հաշվառման, իրավաբանական եւ կառավարման խորհրդատվության ծառայությունների ոլորտում դառնալ շուկայի առաջատարներից մեկը, եւ ոչ միայն պահպանել այդ դիրքերը, այլեւ պարբերաբար եւ հետեւողականորեն առաջխաղացումներ արձանագրել:
Հայաստանում 1994 թ-ից գործող «Գրանթ թորնթոն ամիօ» ընկերությունը բնականաբար հանդիսանում է «Գրանթ թորնթոն ինթերնեշնլի» հայաստանյան լիիրավ ներկայացուցիչը: Դժվար է պատահական համարել այն, որ այս ընկերության տրամադրած աուդիտորական հաշվետվություններն ընդունվում են Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, գերմանական GTZ hիմնադրամի, Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի եւ բազմաթիվ այլ հեղինակավոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ հաստատությունների կողմից: Նման վստահության գաղտնիքը թերեւս այն է, որ «Գրանթ թորնթոն ամիօ»-ն մատուցում է հաշվապահական եւ աուդիտորական ծառայություններ, որոնք համապատասխանում են Միջազգային հաշվապահական ստանդարտների խորհրդի (IASB) հաստատած ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտներին (IFRS), Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի (IFAC) հաստատած միջազգային աուդիտորական ստանդարտներին (ISA), ինչպես նաեւ Հավատարմագրված հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (AICPA) հաստատած US GAAP հաշվապահական ստանդարտների համակարգին:
Անցած տարիներին «Գրանթ թորնթոն ամիօն» աուդիտորական, փորձագիտական եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցել զանազան ձեռնարկությունների եւ բանկերի թե՛ Հայաստանում եւ թե՛ ԱՊՀ այլ երկրներում` այդ թվումՙ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում եւ Ուզբեկստանում: Եվ սա այն դեպքում, որ այդ երկրներում աուդիտի եւ խորհրդատվության ոլորտը նույնպես լուրջ հաջողությունների է հասել եւ այնտեղ եւս գործում են միջազգային եւ տեղական աուդիտորական, խորհրդատվական ընկերություններ:
«Մեր կազմակերպությունն ունի աուդիտի եւ խորհրդատվության բնագավառների բարձր մակարդակի մասնագետներ, եւ դրանով է պայմանավորված մեր ծառայությունների նկատմամբ պահանջարկը այդ երկրներում», - նման իրողությունը այսպես է բացատրում «Գրանթ թորնթոն ամիօի» ղեկավար Արման Փինարբասին:
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ