Ճապոնական «երեք ալմաստների» ընկերությունը Երեւանում կներկայացնի իր տեսապատերն ու իրավիճակային կենտրոնները
Այսօր Երեւանում բացվող «Դիջիտեկ 2006» ցուցահանդեսին առաջին անգամ իր արտադրանքը կներկայացնի նաեւ ճապոնական էլեկտրատեխնիկայի առաջատարներից «Միցուբիշի էլեկտրիկ» ընկերությունը: Այդ առթիվ ընկերության վիզուալ համակարգերի տնօրեն Տակեշի Տերադան եւ ԱՊՀ երկրներում ներկայացուցիչ Միխայիլ Նեւզորովը երեկ հանդիպեցին լրագրողների հետ:
Տակեշի Տերադան հայտնեց, որ «Միցուբիշի» ընկերությունը հիմնադրվել է 130 տարի, իսկ «Միցուբիշի էլեկտրիկը»ՙ 80 տարի առաջ: Ընկերության անվանումը պարզաբանելով, նա հայտնեց, որ «միցու» նշանակում է երեք, իսկ «բիշի»ՙ ալմաստ: Այստեղից էլ ընկերության կորպորատիվ խորհրդանիշըՙ երեք ալմաստներ: «Միցուբիշիի» ներկայացուցիչը հայտնեց նաեւ, որ ընկերության տարեկան շրջանառությունը անցյալ տարի կազմել է 13,8 մլրդ դոլար, իսկ աշխատակիցների ընդհանուր թիվըՙ 110 հազար մարդ:
Միխայիլ Նեւզորովն իր հերթին տեղեկացրեց, որ հայաստանյան ցուցահանդեսին ընկերությունը ներկայացնելու է իր արտադրության տեսապատերն ու իրավիճակային կենտրոնները: Նման տեխնիկա Հայաստանում ներկայումս գոյություն չունի: «Միցուբիշիի» ԱՊՀ ներկայացուցիչը ընդգծեց, որ կովկասյան երկրներից Հայաստանն առավել պատրաստ է իրենց հետ համագործակցելու համարՙ ինժեներների եւ ծրագրավորողների առկայությամբ, քանի որ իրավիճակային կենտրոնը զուտ էկրան չէ, այլ մասնագիտական սպասարկում պահանջող մի ամբողջ համակարգ: Ճապոնական ընկերությունն արդեն արել է առաջին քայլը Հայաստանում եւ գտել գործընկեր ընկերություն, որն է «Ալֆա» ընկերությունը: Երկրորդ քայլը կլինի տեսապատի եւ իրավիճակային կենտրոնների ցուցադրությունը ցուցահանդեսում:
Ա. Մ.