«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2006-10-04 | #189, 2006-10-05 | #190, 2006-10-06


ԼՈՒՍԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ «ԱՆՀԱՅՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ» ՓԱՐԻԶՈՒՄ

Ֆրանսահայ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Լուսինե Սիմոնյանը դաշնակահար է, նկարիչ, բանաստեղծ: Իր իսկ խոսքերով, նա «չի կարողանում եւ չի ուզում զատել» երաժշտության, կերպարվեստի եւ գրականության աշխարհները: Ընդհակառակը, Լուսինեն միավորում է դրանք, այնտեղ գտնելով ներդաշնակություն եւ արվեստագետ դառնալով բառիս ամենալայն իմաստով: Փարիզի «Գալըրի 89» պատկերասրահում ներկայումս «Անհայտ տարածքներ» խորագրով անցկացվող նկարչական ցուցահանդեսը ներկայացնում է Լուսինե Սիմոնյանի վերջին շրջանի գործերը:

Նկարչուհին նախընտրում է խառը տեխնիկան, սակայն գույնը, հենքը եւ հորինվածքը զգալիորեն զարգացել են: Փարիզի «Աշխարհ» թերթի բնորոշմամբ, հորինվածքը դարձել է առավել հստակ եւ գծին թույլ է տալիս հայտնվել եւ ապա տեղը զիջել գույնին:

Անորսալի եւ թափանցիկ գույները կողք-կողքի են, դիպչում են իրար, ձգվում եւ ծնունդ տալիս կտավին, կենդանություն հաղորդում բազմատեսակ էֆեկտների, որոնք հիշեցնում են մակերեւույթի վրա պայթող օճառի պղպջակներ: Այդ բոլոր նրբերանգներում գերիշխող դարձած ճերմակը ծիածանափայլ եւ շարժուն լույս է բերում. ճերմակն ստեղծում է մի տարածություն, որտեղ ազատորեն շարժվում են թե՛ օդը եւ թե՛ հայացքը:

Տվյալ ճերմակ տարածությունները չե՞ն արդյոք այն «անհայտ տարածքները», որոնք Լուսինեն որոշել է հետազոտել: Ինքնաբուխ եւ «սանձված» շարժումն արտահայտում է կորագծերի որոշակի մեղմություն, դրսեւորելով նաեւ կենսունակություն:

Ներկայացված գծերի ամբողջությունը հիշեցնում է վերսլացքի թեթեւությունը: «Անհայտ տարածքները»` պոեզիայով եւ զգայունությամբ առլեցուն այդ ներքին բնանկարները, հանդարտության զգացում են առաջացնում:

Ցուցահանդեսի բացման օրը Լուսինեի հայրը` թավջութակահար Ֆելիքս Սիմոնյանը, եկել էր դստերը ոգեւորելու եւ նկարչության ու երաժշտության կապն էլ ավելի սերտացնելու նպատակով բոլոր այցելուների համար նվագեց 10-րդ դարի հայկական երաժշտության մի պատառիկ` «Գրիգոր Նարեկացին»:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4