Արդեն վեց ամիս է, ինչ բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի պատասխանատու պաշտոնը զբաղեցրել է 25-ամյա Հրաչյա Ռոստոմյանը: Ծնվել է Երեւանում, ավարտել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի օրդինատուրան, ներկայումս ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի հեռակա բաժնի 2-րդ կուրսի ուսանող է:
- Ի՞նչը դրդեց ձեզ զբաղեցնելու բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
- Առաջին հերթին սերը մարզաձեւի հանդեպ, բասկետբոլում տիրող իրավիճակին քաջածանոթ լինելն ու իհարկե, վիճակը շտկելու ձգտումը: 8 տարեկանից զբաղվել եմ բասկետբոլով, բավական լավ էի խաղում: Երկար տարիներ հանդես եմ եկել «Հոմենընթմենում», այնուհետեւ 4 տարի խաղացել եմ «Գրանդ» ակումբի կազմում, հետագայում` «Տոտուսում», որը վերանվանվեց «Հատիս» եւ որի կազմում դարձա ՀՀ չեմպիոն: Այնուհետեւ տեղափոխվեցի ՖԻՄԱ, որտեղ 3 տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոնի տիտղոսին արժանացա, հետո նույնպիսի նվաճման հասա Ռուս-սլավոնական ինստիտուտի թիմում հանդես գալիս: Վերջին չորս թիմերում եղել եմ ավագ, աչքի եմ ընկել արդյունավետ խաղով: Համահայկական խաղերի փոխչեմպիոն եմ: 17 տարեկանում սպորտի վարպետ դարձա: Այնուհետեւ մրցավարությամբ եմ զբաղվել: Մի խոսքով ժամանակին գործող բասկետբոլիստ եմ եղել եւ լավ եմ պատկերացնում մարզաձեւի առջեւ ծառացած խնդիրները:
- Ինչպիսի՞ն էր վիճակը, երբ ստանձնեցիք ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կային լուծելու:
- Անկեղծ ասած, վիճակն անմխիթար էր: Վերջին 3-4 տարիներին ֆեդերացիան նույնիսկ նստավայր չուներ: Պարզվեց, որ նույնիսկ պետական գրանցման վկայականն է կորել: Այնպես որ կազմակերպչական առումով հարկ եղավ ամեն ինչ սկսել զրոյից, ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկա: Մրցումները նորմալ չէին անցկացվում, դրանց թիվն էլ քիչ էր: Կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Պետական հոգածությունը բացակայում էր, սպորտկոմիտեի եւ ֆեդերացիայի միջեւ տարաձայնություններ էին ծագել, որի արդյունքում տուժում էր բասկետբոլը: Ճիշտ է, Հրանտ Վարդանյանը որոշակի գումար էր հատկացնում բարձրագույն խմբի մեծահասակների առաջնության անցկացման համար:
Առաջնահերթ խնդիրներից մեկը մրցումների քանակի ավելացումն էր, բասկետբոլի մասսայականացման աճը: Նշեմ, որ այս տարվա բյուջեով բասկետբոլի ֆեդերացիային 16 մլն դրամ է հատկացված ուսումնամարզական հավաքների անցկացման, Հայաստանի առաջնությունների կազմակերպման եւ միջազգային մրցումների մասնակցության համար: Ըստ մշակած ծրագրի այս տարի անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առաջնություններ, ինչպես նաեւ պատանեական մրցաշարեր տարիքային երեք խմբով (16,14,12 տարեկաններ), որոնք ընդգրկում են հանրապետության գրեթե բոլոր մարզերը, Արցախի թիմերն էլ են մասնակցում: Միջին հաշվով յուրաքանչյուր թիմ 30-32 խաղ է անցկացնում, դրանցում 220-240 բասկետբոլիստներ են հանդես գալիս:
- Կարելի՞ է թվարկածից ելնելով փաստել, թե այսօր բասկետբոլը հանրապետությունում զարգացում է ապրում, մասսայականությունն էլ աճում է:
- 1996-97 թթ. տվյալներով Հայաստանում բասկետբոլով զբաղվում էր 12-13 հազար մարդ: Անցյալ տարվա տվյալներով այդ թիվը կազմում էր 4500, իսկ այս տարի` 6000: Ինչ խոսք, մրցումների թվի ավելացումը նպաստում է մարզաձեւով հրապուրվողների քանակի աճին: Նշվածը վերաբերում է միայն մարզադպրոցներում պարապողներին: Սակայն ունենք նաեւ ակումբներ` «Նաիրի», «Պոլիտեխնիկ», «Համալսարան» եւ այլն, որոնցում շատ են բասկետբոլով զբաղվողները: Եթե նրանց էլ հաշվարկենք, ապա կկազմի 7-8 հազար: Հանրակրթական դպրոցներում էլ բասկետբոլը սիրված մարզաձեւերից է եւ աշակերտները հաճույքով են խաղում:
- Իսկ հանրապետությունում կա՞ն բասկետբոլի մասնագիտացված մարզադպրոցներ:
- Առանձին մարզադպրոցներ չկան, սակայն մարզադպրոցներում գործում են բասկետբոլի խմբեր: Յուրաքանչյուր համայնքում բասկետբոլի խմբեր ունեցող 2-3 մարզադպրոց է գործում: Ինչ վերաբերում է թիմերին, ապա կնշեի Արարատի աղջիկների հոյակապ թիմին: Թեեւ մարզումային պայմանները սուղ են, սակայն աղջիկները հասուն խաղ են ցուցադրում, մեծ առավելությամբ են հաղթում մրցակիցներին: Բավական վարպետ թիմեր են Էջմիածնի տղաների, Մասիսի տղաների եւ աղջիկների թիմերը: Շիրակի մարզը շատ ուժեղ է կանանց բասկետբոլում:
Նպատակադրվել ենք հիմնել բասկետբոլի ակադեմիա իր մարզադպրոցով, մարզաբազայով, հյուրանոցային համալիրով: Այստեղ կմարզվեն, նաեւ ուսում կստանան հանրապետության մարզերից եկած մեր լավագույն, հեռանկարային պատանի բասկետբոլիստները: Ակադեմիան իր մասնաճյուղերը կունենա Շիրակի մարզում եւ Արարատյան դաշտավայրում: Եթե հաջողվի իրականացնել մտադրվածը, կարծում եմ լավագույն դեպքում 4 տարի անց կունենանք նման ակադեմիա, ինչը կնպաստի մեր բասկետբոլիստների վարպետության աճին:
- Գաղափարն իրոք ողջունելի է, սակայն իրականացման համար բավական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ...
- Ֆինանսավորման հարցում հովանավորներ ենք փնտրում: Կան կազմակերպություններ, որ պատրաստ են օգնել մեզ. օրինակ «Արդշինինվեստ» բանկը: Հայաստանում դեղագործական ֆիրմաներից մեկը, որ Իրանի բասկետբոլում մեծ ներդրումներ է կատարել, ցանկանում է մեր հանրապետությունում թիմ հիմնել: Մի խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
- Իսկ մարզչական կադրերի ներկայիս որակավորումը բավարա՞ր է լավ բասկետբոլիստներ պատրաստելու համար: Միջազգային ֆեդերացիան նրանց համար որակավորման դասընթացներ չի՞ կազմակերպում:
- ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այն ծանր տարիներին մարզիչներից շատերն այլ աշխատանքի անցան, ոմանք մեկնեցին հանրապետությունից: Հետագայում մի մասը վերադարձավ իր սիրած աշխատանքին: Կան նաեւ երիտասարդ, խոստումնալից մարզիչներ ֆիզկուլտուրայի ինստիտուտի շրջանավարտներից: Օրինակ, թիվ 114 դպրոցում արդյունավետ աշխատանք է տանում մի մարզիչ, որն ըմբիշ է: Հաջորդ տարի ցանկանում ենք մարզիչների արտոնագրում կատարել եւ մարզչական դասընթացներ կկազմակերպվեն արտերկրի մասնագետների կողմից, որոնք 6 ամիսը մեկ կժամանեն Երեւան:
- Հայտնի է, որ մյուս տարի Հայաստանի հավաքականները պետք է մասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունը:
- Մինչեւ 16 եւ մինչեւ 14 տարեկանների հավաքականները նորմալ պարապում են: Աղջիկների հավաքականի կորիզը կազմում են Արարատի թիմի բասկետբոլիստուհիները: Մինչեւ 16 տարեկանների աղջիկների եւ պատանիների հավաքականներն ամռանը ընկերական մրցախաղեր անցկացրին Քոբուլեթիում Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Ավելի բարդ է տարիքային մյուս խմբերի հավաքականների մասնակցության հարցը: 18 տարեկանների ֆինանսավորման հարցը դեռեւս 15 տոկոսով է լուծված, 20 տարեկանների հավաքական իրականում չունենք, իսկ մեծահասակների համար էլ դեռեւս գումար չկա: Համեմատության համար ասեմ, որ բասկետբոլի Հունաստանի ֆեդերացիայի բյուջեն 50 մլն եվրոյից ավելի է, Իսպանիայինը` 45 մլն եվրո, Թուրքիայինը` 37,5 մլն, Ռուսաստանինը` 30 մլն-ից ավելի:
Մեր տղամարդկանց հավաքականում 3-ը 35 տարեկանից բարձր են, 9 հոգի էլ ներկայումս ծառայում են բանակում: Ընդհանրապես բանակի հարցը շատ լուրջ հիմնախնդիր է: Նախկինում գործում էր ԲԿՄԱ-ն, որում բանակային մարզիկները հնարավորություն էին ստանում շարունակել մարզումները եւ մասնակցել մրցումների` պահպանելով մարզավիճակը: Ներկայումս, ըստ գործող օրենքի, մարզական վաշտում ծառայելու իրավունք ունեն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում 1-6-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները: Այնպես որ, բասկետբոլիստներն այդ ցանկի մեջ չեն կարող ընդգրկվել: Ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից: Եթե յուրաքանչյուր տարի իմ անձնական պատասխանատվությամբ գոնե 3-4 հեռանկարային պատանիների հնարավորություն ընձեռեն ծառայությունն անցկացնել մարզական վաշտում, ապա մի քանի տարի անց կունենանք կայուն հավաքական, որի կազմը կլրացնենք նաեւ ի հաշիվ սփյուռքահայ բասկետբոլիստների, որոնք մեծ սիրով պատրաստ են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Գիտե՞ք, թե ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովն ինչպիսի աջակցություն է ցույց տալիս Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Նա նաեւ ֆեդերացիային կից գործող հոգաբարձուների խորհրդի նախագահն է, որի կազմում են նաեւ ՌԴ գլխավոր մաքսային վարչության պետը, հայտնի գործարար Պոտանինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ այլն: Իհարկե, լավ կլիներ, որ մեր ֆեդերացիան էլ նման աջակցություն ստանար:
- Գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բասկետբոլի մեծ սիրահար է եւ բավական լավ էլ խաղում է: Չե՞ք փորձել դիմել նախագահին օգնության հարցով:
- Այդ մասին մտածել ենք: Տարեվերջին նախատեսել ենք անցկացնել Հայաստանի գավաթի խաղարկությունը եւ մրցումներին հրավիրել երկրի նախագահին: Առիթ է պետք ստեղծել հանդիպելու: Լրատվամիջոցների դերն էլ մարզաձեւի հիմնախնդիրները վեր հանելու գործում մեծ է: Կարծում եմ, որ նախագահը կօգնի մեզ:
- Առաջիկայում ինչպիսի՞ ծրագրեր ունեք:
- Անցկացվելու են տղամարդկանց եւ կանանց առաջնությունների եզրափակիչ փուլերը, մինչեւ 12 տարեկանների Հայաստանի առաջնությունը եւ ՀՀ գավաթի մրցաշարը, որին հրավիրվել են մասնակցելու Վրաստանի եւ Իրանի թիմերը: Բանակցություններ են ընթանում «Ադիդասի» հետ բակային բասկետբոլի մրցումների անցկացման շուրջը: Արդեն Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնություն է ձեռք բերվել Վարդան Մամիկոնյանի արձանի շրջակայքում բասկետբոլի չորս փոքր խաղահրապարակների տեղադրման հարցում: 2 օրում 40-50 թիմերի մասնակցությամբ մրցումներ կանցկացվեն: Սա եւս կնպաստի մարզաձեւի մասսայականացմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ