«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2006-10-05 | #190, 2006-10-06 | #191, 2006-10-07


ՀԱԿԱՎՐԱՑԱԿԱՆ ԱՐՇԱՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Այն ժամանակ, երբ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, եւ երկիրն ըստ էության զբաղված է հետագա ընտրությունների համար հիմք պատրաստելով, լրտեսական կրքերի մասին կարծես մոռացել են: Մինչդեռ Ռուսաստանում թափ առած տառացիորեն հակավրացական շարժումը շարունակվում է: Մասնավորապես Մոսկվայի շրջանում շարունակվում են Վրաստանի քաղաքացիներին պատկանող խաղատների, ռեստորանների եւ ժամանցի այլ վայրերի ստուգումները, որտեղ Ռուսաստանի համապատասխան մարմիններն այսպես կոչված վարչաֆինանսական գործունեության խախտումներ են փնտրում: Ներկա դրությամբ արդեն իսկ փակվել են մի շարք խաղատներ ու ռեստորաններ, դադարեցվել է մի քանիսի գործունեությունը: Դրանց թվում են Մոսկվայի հայտնի խաղատներից «Կրիստալը» եւ «Գոլդեն փալասը»:

Ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ, ստեղծվել է այնպիսի վիճակ, որ Մոսկվայի ոստիկանությունը վրացի ոչ լեգալ միգրանտներին իբր փորձում էր բացահայտել դպրոցներում վրացական ազգանուն ունեցող աշակերտների ցուցակներով: Ավելի ուշ այս տեղեկությունը ռուս իրավապահ մարմինները ժխտեցին:

Ամեն դեպքում, ռուս-վրացական հարաբերություններում թեեւ ներկա պահին բացակայում են բարձր մակարդակներում փոխադարձ սահման չճանաչող հայտարարությունները, սակայն որոշակի տեղաշարժ է սկսվել երկու երկրներում այն կտրվածքով, որ Ռուսաստանից հեռանում են վրացիները, իսկ Վրաստանից ավելի կազմակերպված ձեւով եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռներով հեռացվում են ՌԴ քաղաքացիները: Ռուսաստանից Վրաստան հոսքը եւս որոշակի առումով «կարգավորված է», մասնավորապես Մոսկվայից Թբիլիսի արտաքսվել են մոտ 130 Վրաստանի քաղաքացիներ:

Այս ամենին զուգահեռ, ռուսաստանյան իրավապահ մարմինները դեռ խիզախում են արդեն որերորդ, այսպես կոչված վրացական հանցավոր խումբը բռնելով: Երեկ հերթական ձերբակալությունը տեղի է ունեցել Օռլովի շրջանում, որտեղ վրաստանցի 12 անձ ձերբակալվել է որպես կայուն հանցավոր խումբՙ գործունեության 3 տարվա «ստաժով»:

Ինչ վերաբերում է Վրաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին, ապա ինքնաթիռներ դեռ չեն թռչում, փոստային ծառայությունը չի աշխատում, դրամական փոխանցումներ չեն կատարվում: Այս ամենով հանդերձ ուժի մեջ է մնում Վրաստանից ռուսական բազաների դուրսբերման արդեն իսկ ձեռքբերված համաձայնությունն, ըստ որի մինչեւ 2007 թ. վերջ ամբողջապես կհանվի Ախալքալաքի բազան, մինչեւ 2008 թ.-ի վերջՙ Բաթումի բազան: Ընդ որում ռուսական բազաների դուրսբերման առնչությամբ ռուսաստանցի զինծառայողների անվտանգության հարց է բարձրացվում:

Ասվածի համատեքստում հետաքրքրական են մի վիճակագրական հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են «Newsru.com» կայքէջում: Ըստ այդմ, ռուսաստանցիները վախենում են որոշ կանխատեսումներով հոկտեմբերի 15-20-ը սկսվելիք Ռուսաստան-Վրաստան պատերազմից: Ընդ որում հենց այս վերջին շաբաթում անգամ շուկաները ոչ լեգալ աշխատանքային միգրանտներից մաքրելու հրահանգ տվող Վլադիմիր Պուտինի վարկանիշը բարձրացել է այնքան, որ գրեթե հավասար է նրա առաջին ժամկետի ցուցանիշին:

Տարօրինակ է, որ հարցված ռուսաստանցիների մոտ 70 տոկոսը գտնում է, թե ներկա աշխարհում Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար են տրամադրված Վրաստանը եւ Մ. Նահանգները: Բացի այդ, հարցվածների մոտ 40 տոկոսն էլ համարում է, որ Ռուսաստանն այսօր շատ քիչ գործընկերներ ունի:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4