Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում այսօր «Հանրապետական» մարզադաշտում ժամը 21-ին մրցավեճի կբռնվեն Հայաստանի եւ Ֆինլանդիայի հավաքականները: Ընտրական «A» խմբում ընդգրկված ՀՀ հավաքականի համար ֆինների հետ մրցավեճը երկրորդ հանդիպումն է Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդի գլխավորությամբ 0-1 հաշվով Երեւանում զիջել էր Բելգիայի հավաքականին:
Այսօրվա մեր մրցակիցները բավական հաջող են սկսել ընտրական մրցաշարը եւ այժմ 4 միավորով սերբերի ու բելգիացիների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեկնարկային խաղում ֆինները հյուրընկալվելիս 3-1 հաշվով վստահ հաղթանակ են տոնել Լեհաստանի ընտրանու նկատմամբ, իսկ 2-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի (1-1) ավարտել հանդիպումը ուղեգրի գլխավոր հավակնորդ պորտուգալացիների հետ:
Ֆինլանդիայի հավաքականը Երեւան է ժամանել հոկտեմբերի 4-ի գիշերը: Հավաքականի գլխավոր մարզիչ, անգլիացի մասնագետ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ թիմի առջեւ նպատակ է դրել Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ կայանալիք առաջիկա հանդիպումներում վաստակել 6 միավոր եւ շարունակել պայքարը խաղարկվող երկու ուղեգրերի համար: Հարկ է նշել, որ Ֆինլանդիայի հավաքականը դեռ երբեք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես չի եկել: Ֆինները 10 անգամ հանդես են եկել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում, սակայն ոչ մի անգամ չի հաջողվել ուղեգիր նվաճել: Ընտրական մրցաշարերում ֆիններն անցկացրած 72 հանդիպումներից 16-ում հաղթել են, 15-ն ավարտել են ոչ-ոքի, 41-ում պարտվել են: Խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունն է 75-131: Ընտրական մրցաշարերում ֆիններն առաջին հաղթանակը տոնել են միայն 19-րդ խաղում` 1980թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում 3-0 հաշվով պարտության մատնելով Հունաստանի հավաքականին: Իսկ մինչ այդ, 18 խաղերում միայն չորս ոչ-ոքի էին գրանցել իրենց օգտին:
Առավել հաջող ընտրական մրցաշարերում ֆինները հանդես էին եկել Եվրո-1996-ում: 10 խաղում ֆինները վաստակեցին 15 միավոր եւ վեց թիմերի մրցավեճում զբաղեցրին 4-րդ տեղը:
Ֆինլանդիայի ներկայիս հավաքականը բավական մարտունակ կոլեկտիվ է: Այսօր էլ թիմի կազմում շարունակում է հիանալի հանդես գալ հավաքականի վետերան Յարի Լիտմանենը, որը ֆիննական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչն է: Եվ պատահական չէ, որ նա ճանաչվել է վերջին 50 տարում Ֆինլանդիայի լավագույն ֆուտբոլիստ: Նոր սերնդի ֆուտբոլիստներից իր ագրեսիվ ու արդյունավետ խաղով աչքի է ընկնում Ալեքսեյ Երյոմենկոն: Նա 2006 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 8 գնդակով մտավ լավագույն ռմբարկուների եռյակ` զիջելով միայն պորտուգալացի Պաուլետային (11 գոլ) եւ չեխ Յան Կոլերին (9):
Ֆինների գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.
դարպասապահներ` Յուսի Եսկելյայնեն («Բոլտոն»), Միկո Կավեն («Տամպերե»), Պետեր Էնկելման («Բլեքբյոռն»).
պաշտպաններ` Պետրի Պասանեն («Վերդեր»), Սամի Հյույուպիա («Լիվերպուլ»), Հանու Տիխինեն («Ցյուրիխ»), Թոնի Կույվաստո («Յուրգորդեն»), Թոնի Կալիո («Մոլդե»), Արի Նյուման («Ինտեր» Տուրկու).
կիսապաշտպաններ` Միկա Վեյրինեն («Էյնդհովեն»), Միկա Նուրմելա (ՀԻԿ), Տեմու Տայնիո («Տոտենհեմ»), Յոնաս Կոլկա («Ֆեենորդ»), Յարի Իլոլա («Էլֆսբորգ»), Ակի Ռիհիլահտի («Կայզերսլաուտեռն»), Պետեր Կոպտեֆ («Ուտրեհտ»), Ալեքսեյ Երյոմենկո («Սատուռն»), Մարկուս Հեյնկինեն («Լութոն Թաուն»), Յարկո Վիս («Տամպերե»), Պեկա Լագերբլոմ («Քյոլն»).
հարձակվողներ` Յարի Լիտմանեն («Մալմյո»), Ջոնաթան Յոհանսոն («Մալմյո»), Շեֆկի Կուկի («Քրիստալ Պելաս»), Միքայել Ֆորսել («Բիրմինգհեմ»):
Ինչպես տեսնում եք, Ֆինլանդիայի հավաքականում մեծ թիվ են կազմում եվրոպական ակումբներում հանդես եկող լեգեոնականները: Ֆիններն իրոք որ ուժեղ մրցակից են, ուստի Հայաստանի հավաքականին լուրջ փորձություն է սպասում: Մեր հավաքականը հանդիպմանը սկսել է նախապատրաստվել հոկտեմբերի 2-ից` մարզումներ անցկացնելով «Փյունիկի» եւ «Բանանցի» մարզադպրոցներում: Հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդն այս անգամ հավաքի է հրավիրել ավելի մեծ թվով ֆուտբոլիստների` ձգտելով հնարավորինս ծանոթանալ նրանց խաղային ունակություններին: Դրանով կարելի է բացատրել օրինակ չորս դարպասապահների առկայությունը: Առաջին անգամ նա հրավիրել է Արմանդո Համբարձումյանին եւ Ապուլա Բետեին, Խոսե Բիլիբիոյին, Նշան Էրզրումյանին, Արթուր Մինասյանին: Վնասվածքից ապաքինվել են Էդգար Մանուչարյանը եւ Արա Հակոբյանը, որոնց եւս մոտիկից կծանոթանա գլխավոր մարզիչը: Ընդհանրապես ի տարբերություն իր նախորդների, Իան Պորտերֆիլդը ոչ միայն մշտապես ներկա է Հայաստանի առաջնության հանդիպումներին, այլեւ թիմերի մարզաբազաներում հետեւել է «Փյունիկի», «Միկայի», «Բանանցի», «Արարատի» մարզումներին: Մնում է, որ նա կարողանա ճիշտ օգտագործել ֆուտբոլիստների խաղային ունակությունները եւ ֆինների հետ այսօրվա խաղում մեր հավաքականը հասնի հաջողության: Իսկ դա անելն այնքան էլ դյուրին խնդիր չէ: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը երկու անգամ հանդիպել է ֆինների հետ: Երեւանում մեր ընտրանին զիջել է 0-2 հաշվով, հյուրընկալվելիս եւս պարտվել է 2 գնդակի տարբերությամբ (1-3): Հուսանք, որ այս անգամ արդյունքը դրական կլինի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ