«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2006-10-05 | #190, 2006-10-06 | #191, 2006-10-07


ԵՎՍ ՄԵԿ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՕԳՏԻՆ

Դոմինիկյան Հանրապետությունում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումների հերթական օրը նոր հաջողություն բերեց Հայաստանի հավաքականին: Մինչեւ 85 կգ քաշային ծանրորդների մրցավեճում Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի 370 կգ (172+198) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Նա նաեւ փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

Առաջնության պարգեւների համար բավական հետաքրքրական պայքար էր ծավալվել Մարտիրոսյանի, Ռիբակովի եւ Էդիեւի միջեւ: Տիգրանը պոկում վարժությունը սկսեց 167 կգ-ից, ապա հաջողությամբ բարձրացրեց նաեւ 172 կգ-անոց ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ նա պատվիրեց 175 կգ, սակայն չկարողացավ հաղթահարել այն: Ռուսաստանցի Ասլամբեկ Էդիեւն էլ երկու հաջող մոտեցումների շնորհիվ բարձրացրեց 172 կգ, իսկ երրորդ փորձը (174 կգ) ձախողեց: Երբ արդեն բոլորն ավարտել էին իրենց ելույթները, մրցահարթակ դուրս եկավ բելառուսցի Անդրեյ Ռիբակովը: Նա առաջին մոտեցմամբ բարձրացրեց 180 կգ եւ դարձավ մրցումների առաջատարը: Հաջորդ փորձերի ժամանակ նա չկարողացավ բարձրացնել 187 կգ ծանրությունը: Այսպիսով, Ռիբակովը պոկում վարժությունում արժանացավ փոքր ոսկե մեդալի: Տիգրան Մարտիրոսյանը, որ անձնական քաշով 570 գրամով թեթեւ էր Էդիեւից, նվաճեց արծաթե մեդալ, իսկ բրոնզը բաժին հասավ վերջինիս:

Ցավոք, հրում վարժությունում Տիգրանը վստահ հանդես չեկավ: Նա միայն երկրորդ փորձից կարողացավ իրեն ենթարկել նախնական 198 կգ ծանրությունը, իսկ 202 կգ-ը բարձրացնելու փորձն անհաջողության մատնվեց: Եթե Տիգրանը բարձրացներ 202 կգ-ը, ապա հրում վարժությունում կարժանանար փոքր բրոնզե մեդալի, իսկ երկամարտում մեկ կգ-ով կգերազանցեր Ասլամբեկ Էդիեւին եւ կդառնար աշխարհի փոխչեմպիոն: Տիգրանը 198 կգ-ով հրում վարժությունում գրավեց 6-րդ տեղը, ինչը նրան բրոնզե մեդալ պարգեւեց երկամարտում:

Իսկ աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 283 կգ (180+203) արդյունքով նվաճեց բելառուսցի Անդրեյ Ռիբակովը: Երկրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Ասլամբեկ Էդիեւը` 373 կգ (172+201):

Կանայք մեդալները վիճարկեցին մինչեւ 75 կգ քաշային կարգում: Կրկին լավագույն արդյունքի հասավ չին մարզուհին` Լեյ Ցաոն, որը երկամարտում ցույց տվեց 268 (118+150) արդյունք: Արծաթե մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Նադեժդա Եվստյուխինան` 267 կգ (122+145): Բրոնզե մեդալը նվաճեց ռուսաստանցի մեկ այլ մարզուհի` Զարեմա Կասաեւան` 246 կգ (110+136):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4