Կապանում նշվեց ուսուցչի միջազգային տոնը
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Սյունիքի մարզային կառույցը եւ «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) նախօրեին Սյունիքի մարզի Կապան քաղաքում ուսուցչի միջազգային օրվա առթիվ միջոցառում էին կազմակերպել` «Ուսուցիչն ազգային արժեք է» խորագրով:
Քաղաքի կենտրոնում հավաքվել էին կազմակերպության անդամները, դպրոցների ուսուցիչներ եւ աշակերտներ, որոնք ուսուցչին մեծարող տարատեսակ պաստառներով երթ էին կազմակերպել Գարեգին Նժդեհի հուշահամալիր-պուրակ: Երթին միացան եւ մասնակցեցին նաեւ վարչապետի օգնական Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Սահակյանը, քաղաքապետ Արմեն Կարապետյանը եւ այլ հյուրեր: Լեռնահայաստանի հաղթանակած այդ հատվածում` սպարապետ Նժդեհի պուրակում, խոսքեր հնչեցին զորավարի հասցեին: «Մեր գաղափարական հայրը` Գարեգին Նժդեհը, իր հաղթանակները տարել է այս հողում, այս ժողովրդի հետ եւ հաղթանակած սպարապետի պուրակում ուզում եմ նշել, թե որքան կարեւոր է մեզ համար բարձր բարոյական արժեհամակարգով սերունդ ունենալը», իր խոսքում ընդգծեց վարչապետի օգնական Էդուարդ Շարմազանովը` համաշխարհայնացման ներկա գործընթացում եւս մեկ անգամ արժեւորելով մանկավարժի բարձր կոչումը: Իսկ «Սյունյաց արծիվներ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Խաչիկ Ասրյանն էլ հավաստիացրեց, որ հայրենասիրական եւ ռազմասիրական միջոցառումները չեն պակասում իրենց քաղաքում: Երթի պաշտոնական մասից հետո քաղաքի շնորհալիները ներկաներին ողջունեցին երգ ու պարով:
Ուսուցչի մեծարման միջոցառումը շարունակվեց նաեւ «Սյունյաց արծիվներ» կազմակերպությունում, որտեղ ՀԿ-ի ղեկավարությունն ուսուցչի մեծարման երեկույթ էր կազմակերպել: Մինչ միջոցառումը, ավելի քան 1600 անդամ ունեցող կազմակերպությունում տեղի ունեցավ նոր անդամագրում: Շուտով իր չորսամյակը բոլորող կազմակերպության հիմնադիր-նախագահ Խաչիկ Ասրյանը երիտասարդության շրջանում ակտիվ գործունեության համար պատվոգրով եւ կազմակերպության խորհրդանիշ սրով պարգեւատրեց վարչապետի օգնական Էդուարդ Շարմազանովին, ինչպես նաեւ ՀՀԿ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Սահակյանին` հասարակական ակտիվ գործունեության համար:
Միջոցառմանը ներկա մանկավարժները գոհունակությամբ էին հետեւում իրենց պատվին կազմակերպված երեկույթին: Բնականաբար առիթը լավն էր Լեռնահայաստանի սահմանամերձ այդ քաղաքի մանկավարժների վաստակը գնահատելու համար` հատկապես որ նման ուրախ առիթները հոգսաշատ այդ քաղաքում այնքան էլ հաճախ չեն լինում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Կապան