Ժամը 12-անց 10-ից մինչեւ 13 -անց 15 փորձում էի շրջանայինից ընկնել «Կոնգրես» հյուրանոցի մոտ: Չէր ստացվում, որովհետեւ ամենօրյա տանջող ցերեկային խցանումներին ավելացել էր Տերյան-Աբովյան խաչմերուկի հրատապ ասֆալտապատումը, որը տեղի էր ունենում ի հեճուկս կիլոմետրանոց «պրոպկայի». էն տեսակ քառակողմ մի «խցանում» էր Նալբանդյան փողոցից մինչեւ Մատենադարան, որ անգամ ջիպերի եւ ԲՄՎ-ների տերերն իրենց անօգնական երթեւեկող էին զգում եւ չէին կարողանում դուրս գալ անելանելի վիճակիցՙ հասնելու հատկապես քաղաքի կենտրոնի երկու-երեք մոդայիկ դպրոցում սովորող իրենց սիրասուն զավակներին ու նրանց տուն թռցնեն: Ու ստացվել էր մի սպանիչ շիլաշփոթ: Այստեղ են ասելՙ մեկը չկա այս քաղաքումՙ արգելի պիկ ժամերի ասֆալտապատումը, աշխարհի մեծ քաղաքներում դրա համար օգտագործում են գիշերային հանգիստ ժամանակը: Բայց դե մեր քաղաքում ո՞վ է հաշվի նստում այնպիսի մանրուքի հետ, ինչպիսին երթեւեկությունն ու մարդկային նյարդերն են: 54 երթուղուց իջա-նստեցի 38 երթուղու երթուղայինը, դրանից էլ իջա-նստեցի քաղաքը խեղդող տաքսիներից մեկը. սա էլ «պրոպկան» մի կերպ տարբեր ծակուծուկերով հաղթահարելուց հետո 1000 դրամից 100-ը վերադարձրեցՙ «չունեմ» կարգախոսով: Մի խոսքով 13 անց 22 շնչակտուր ընկա «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» դահլիճ, որտեղ ժամը 13-ից ծավալվում էր ներկա կյանքի «Այլընտրանքը»ՙ թարմ ուժ Նիկոլ Փաշինյանով, Աղասով, դեռ լավ չմոռացված հին Պետրոս Մակեյանով, որոնք ներկայացնում էին մի բան, որ մեր գործող առօրյա կյանքի այլընտրանքն էր:
Որ ուշացել էինքՙ դեմքերին նայելուց առաջ հայացք գցեցինք «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հեղինակների բաժանած գրքույկներին, որտեղ 4-րդ էջին նախաձեռնող խմբի անուններն էինՙ Աբգարյան Երջանիկ, Արարքցյան Բաբկեն, Գեւորգյան Սամվել, Խաչատրյան Վահագն, Ղազարյան Սամսոն... 88-ի շարժման նո՞ր փորձ է: Լիակատար «դեժավյուին» խանգարեցին միայն Նիկոլի ու Աղասու անունները:
Դե լավ, մեզ հավաքենք եւ պատմենք, թե ի՞նչ է այդ «Այլընտրանքը», ինչի՞ն եւ ո՞ւմ է «Այլընտրանք» «ինքնապաշտ վարչախմբից օր առաջ ազատվելու», տարբեր ուժերի եւ հատկապես անհատների ֆորմատով այս փուլում աշխատելու խնդիրներ դրած, գլխաքանակային քաղաքականությամբ չառաջնորդվող այս նոր «դվիժենին», որի սկզբունքային մոտեցումները փոխնիփոխ ներկայացնում էին Նիկոլը, Աղասի Ենոքյանը, «ժողովրդավարական հայրենիքի» Պետրոս Մակեյանը:
Նիկոլ-Մեզ համար կարեւոր է, որ ներկայացնենք աշխարհայացքային այլընտրանք, ոչ թե անձերի հավաքածու:
Աղաս-Ի տարբերություն մինչեւ այժմ եղած նախաձեռնություններիՙ կուսակցությունների միավորում չէ, ինչը մեծ խոչընդոտներ է ստեղծում, այլ անձերի միավոր է եւ այս առումով ստեղծագործական աշխատանքի բավականաչափ հնարավորություն է տալիս. հստակ ծրագրային փաստաթուղթ է ներկայացված, տրված է իրավիճակի գնահատական եւ այդ իրավիճակից դուրս գալու քայլերն են մատնանշված:
Նիկոլ-Մեր քաղաքական պարտնյորը մեր քաղաքացու գիտակցությունն է...Հայաստանը հասել է այնպիսի եզրի, երբ խնդիրները հնարավոր չէ լուծել, եթե Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի չգիտակցի եւ չընդունի սեփական պատասխանատվությունը իրավիճակը հաղթահարելու գործում...
Պետրոս-Մեր նախաձեռնությունը բաց էՙ եթե որեւէ քաղաքական ուժ ընդունում է մեր ծրագրային հիմունքները եւ դրանց հիման վրա մեր ծրագրային գործողությունները:
Նիկոլ-Լեւոն Տեր-Պետրոսյանը ծանոթ է փաստաթղթի բովանդակությանը, իսկ նախաձեռնող խմբի կարծիքը նրա նկատմամբ մեծագույն հարգանքն է:
Մի խոսքովՙ երեկ «Կոնգրես» հյուրանոցում ստեղծվեց «Այլընտրանք» քաղաքական միավորումըՙ ընդհանուր աշխարհայացքի հիմքով, որը քաղաքական կուսակցություն չէ, բայց մասնակցելու է բոլոր քաղաքական գործընթացներին:
98-ին ՀՀՇ-ի մի թեւ իշխանությունը սահուն հանձնեց, ու հիմա քննադատում է նրանց, ում հանձնել էՙ հուսալով սահուն հետ ստանալ: Բայց նույն գետը երկրորդ անգամ մտնողը, չնայած «թարմ» տղերքին, խեղդվելու վտանգը պետք է աչքի առաջ ունենա:
Մ. Խ.