Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 7-ը ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի ֆուտզալի բաժանմունքի նախաձեռնությամբ անցկացվեց մարզաձեւի սիրողական թիմերի առաջնություն: Մրցասպարեզ էին դուրս եկել «Պոլիտեխնիկ-1-ը», «Պոլիտեխնիկ-2-ը» (պատանիներ), «Ամիկը», ԵՊՀ-ն, «Սինոփսիսը», «Արբրենդ» կազմակերպության «Մեդոֆֆ» թիմը եւ Կենտրոնական բանկի թիմը:
«Միկայի» մարզադահլիճում անցկացված մրցումներն անցան բավական հետաքրքրական մրցավեճում: Մեկ շրջանով անցկացված մրցաշարի նպատակն էր ֆուտզալի հետագա պրոպագանդումը: Հատկանշական է, որ մրցումների ավարտից հետո ԵՊՀ-ի թիմը ցանկություն հայտնեց մասնակցելու ֆուտզալի Հայաստանի առաջնությանն ու գավաթի մրցաշարին:
Մրցումներում բոլորից հաջող հանդես եկան «Պոլիտեխնիկ-1» թիմի ֆուտբոլիստները, որոնք հաղթելով բոլոր մրցակիցներին, գրավեցին առաջին տեղը: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց «Ամիկը», որը պարտվել էր միայն առաջատարին: 3-րդը «Մեդոֆֆն» էր, որն իր հերթին զիջել էր 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերին:
Ինչպես մեր հետ զրույցում նշեց ֆուտզալի բաժանմունքի պետ Գագիկ Վարդանյանը, մրցաշարը ծառայեց նպատակին: Բոլոր մասնակիցները ֆուտզալի ֆեդերացիայի կողմից պարգեւատրվեցին դիպլոմներով, իսկ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստն ու լավագույն ռմբարկուն` գնդակներով: Ըստ Գագիկ Վարդանյանի, ողջունելի է ՀՀ առաջնությանը մասնակցելու ԵՊՀ-ի թիմի ցանկությունը: Լավ տպավորություն թողեց նաեւ «Մեդոֆֆը»: Ցանկալի կլիներ, որ այս թիմն էլ մասնակցեր Հայաստանի առաջնությանը, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 1-ից: Գագիկ Վարդանյանը նաեւ նշեց, որ ցանկալի կլիներ, եթե բարձրագույն եւ առաջին խմբի ակումբները նաեւ ֆուտզալի թիմեր ունենային, ինչն էլ ավելի կնպաստեր մարզաձեւի զարգացմանը եւ պրոպագանդմանը: Առաջիկայում նախատեսվում է անցկացնել Երեւանի առաջնություն սիրողական թիմերի միջեւ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ