«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2006-10-10 | #193, 2006-10-11 | #194, 2006-10-12


700 ԿԳ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱՏՕ-ԻՑ

Երեկ Երեւանում, Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի եւ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Արման Կիրակոսյանի մասնակցությամբ իր գործունեության մեկնարկն ազդարարեց Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը. «Այսօր կենտրոնի բացման արարողությունը չէ, այն լիարժեք գործունեություն կծավալի նոյեմբերի 1-ից, պաշտոնական բացման արարողությունն էլ ավելի ուշ կլինի», նկատեց նորաստեղծ կենտրոնի ղեկավար, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը տեղեկացնելով, որ արդեն այսօր ՆԱՏՕ-ից կստանան 700 կգ գրականություն, որը հասու կլինի բոլոր հետաքրքրվողներին:

Կենտրոնը եռակողմ նախաձեռնություն էՙ քաղաքացիական հասարակության, ՀՀ կառավարության եւ ՆԱՏՕ-ի համագործակցության շատ լավ օրինակ. կենտրոնի վարձակալության ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը, ՆԱՏՕ-ն տրամադրելու է համակարգչային տեխնիկա եւ գրականություն, կենտրոնն էլ ջանալու է լիարժեք գործել:

Արման Կիրակոսյանն ակնկալում էր, որ Հայաստանի հասարակայնության լայն շրջանակները կենտրոնի օգնությամբ կծանոթանան ՆԱՏՕ-ի գործունեությանը. «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կենտրոնական տեղ է զբաղեցնում անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որին մասնակցելովՙ Հայաստանը նոր մակարդակի վրա է բարձրացնում իր հարաբերություններն ու համագործակցությունը այդ կազմակերպության հետ», ասաց նաՙ այդ ծրագրով նախատեսված միջոցառումներից մեկը համարելով կենտրոնի բացումը:

Ըստ Սիմոնսիՙ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները դինամիկ զարգացել են վերջին մեկ տարվա ընթացքում, որով իրենք շատ բավարարված են, այդ հարաբերությունները վայելում են Հայաստանի լայն հասարակության օժանդակությունը. դրանում պարոն Սիմոնսը համոզվել է Հայաստան իր այցերի ժամանակ, այդ պատճառով էլ աջակցել է կենտրոնի ստեղծմանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4