Ավստրիայի Ֆուգեն քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի գավաթի 11-րդ խաղարկությունն ակումբների միջեւ: Պատվավոր մրցանակի համար պայքարի մեջ են ներգրավվել տղամարդկանց 56 եւ կանանց 11 թիմեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են տղամարդկանց «Բանկերի արքա» եւ կանանց «Միկա» թիմերը:
«Բանկերի արքա» թիմում հանդես են գալիս մեր հանրապետության ուժեղագույն գրոսմայստերներից Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Եղիազարյանը: Նշենք, որ Վլադիմիր Հակոբյանը խաղում է «Ուրալ Սվերդլովսկայա» թիմում, իսկ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանն ընդգրկված է «Բոյսեթ Պարդուբիցե» թիմում:
Եթե տղամարդկանց մեր թիմը լիովին հայ շախմատիստներից է կազմավորված, ապա «Միկան» հայ-վրացական թիմ է: Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը, իսկ Վրաստանից հանդես են գալիս աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն եւ Նինո Խուրցիձեն: Հարկ է նշել, որ «Միկան» այս կազմով գերազանց է մեկնարկել մրցաշարումՙ հաղթելով անցկացրած բոլոր 3 մրցախաղերում էլ: Այստեղ միավորների հաշվարկը նախ եւ առաջ կատարվում է ելնելով մրցախաղերի ելքից: Հաղթանակի դեպքում թիմին տրվում է 2 միավոր, ոչ-ոքին գնահատվում է մեկ միավորով: Թիմային միավորների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է բոլոր պարտիաներում առավել շատ միավոր վաստակած թիմին:
3 տուրից հետո «Միկան» 6 միավորով գլխավորում է աղյուսակը: Առաջին տուրում մեր թիմը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Կրասնոտուրինսկի AVS-ին: Առաջին խաղատախտակի վրա Մայա Չիբուրդանիձեն ոչ-ոքի խաղաց Անտոանետա Ստեֆանովայի հետ: Մյուս խաղատախտակների վրա Էլինա Դանիելյանն ու Նինո Խուրցիձեն հաղթեցին համապատասխանաբար Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերին: Իսկ ահա չորրորդ խաղատախտակին Նելլի Աղինյանը պարտվեց Աննա Մուզիչուկին:
2-րդ տուրում էլ նույնպիսի 2,5-1,5 հաշվով «Միկան» հաղթեց Սանկտ Պետերբուրգի «Ֆինեկին»: Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին վրաց շախմատիստուհիներըՙ պարտության մատնելով համապատասխանաբար Վիկտորյա Ցմիլիտեին եւ Եկատերինա Կորբուտին: Էլինա Դանիելյանը պարտվեց Սվետլանա Մատվեեւային, իսկ Աղինյանը ոչ-ոքի խաղաց Իրինա Սուդակովայի հետ:
3-րդ տուրում եւս «Միկան» վստահ հանդես եկավ: «Պոդգորիցայի» նկատմամբ թիմի հաղթանակն ապահովեց Նինո Խուրցիձենՙ պարտության մատնելով Իզաբելա Պեպտանին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Նշենք, որ Լիլիթ Մկրտչյանը հանդես է գալիս Չելյաբինսկի «Յուժնի Ուրալ» թիմում: Լիլիթն անցկացրած 3 պարտիաներում վաստակել է 1,5 միավոր: Նա առաջին պարտիայում հաղթել է Բաիրա Կովանովային, 2-րդում ոչ-ոքի խաղացել Մայա Լոմինեյշվիլու հետ, իսկ 3-րդ մրցախաղում զիջել է Նադեժդա Կոսինցեւային: «Յուժնի Ուրալը» 3 տուրից հետո նույնքան միավորով առայժմ 7-րդ տեղում է:
Տղամարդկանց մրցաշարում «Բանկերի արքան» 3 տուրից հետո 5 միավորով 9-րդ տեղում է: Իսկ աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են 5 թիմեր: Բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով (14,5) առջեւում է Տոմսկի «Տոմսկ-400» թիմը:
Առաջին տուրում մեր շախմատիստները բացահայտ առավելության հասան ավստրիական «Գրաց» թիմի նկատմամբՙ հաղթելով բոլոր վեց պարտիաներում էլ: Այդ հաջողությունում իրենց ներդրումն ունեցան Կարեն Ասրյանը, Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արսեն Եղիազարյանը: Հաջորդ տուրում մեր թիմը դժվարին հաղթանակ տոնեց գերմանական «Սոլինգենի» նկատմամբ (3,5-2,5): Ասրյանն առաջին խաղատախտակի վրա ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Նաումանի հետ: Վահանյանը հաղթեց Միխայել Հոֆմանին, Անաստասյանըՙ Մարտին Բեքերին, Պետրոսյանըՙ Օլիվեր Քնիեստին: Լպուտյանը զիջեց Սիպկե Էռնստին, Մինասյանը պարտվեց Յորգ Վեգերլեին:
3-րդ տուրում մեր թիմի մրցակիցը «Ուրալ Սվերդլովսկայա» ակումբի շախմատիստներն էին: Գրանցվեց ոչ-ոքի (3-3): Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Պետրոսյանըՙ հաղթելով Կոնստանտին Սակաեւին: Մրցակիցներից հաջողությունն ուղեկցեց Վլադիմիր Մալախովին, որը պարտության մատնեց Արտաշես Մինասյանին: Մյուս պարտիաներում Ասրյանը, Լպուտյանը, Վահանյանը եւ Անաստասյանը մրցակիցների հետ խաղաղ դաշն կնքեցին: Վլադիմիր Հակոբյանը մասնակցել է առաջին երկու տուրերին եւ վաստակել 1,5 միավոր: Երրորդ տուրում նա չմասնակցեց մեր թիմի հետ մրցավեճին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ