Տալլինի «Արարատը» գերազանց հանդես եկավ Էստոնիայի առաջնության 3-րդ խմբում: Առաջնության վերջին երկու հանդիպումներում էլ հերթական վստահ հաղթանակները տոնելով, «Արարատը» դարձավ մրցաշարի հաղթող եւ իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալ 2-րդ խմբում: Առաջնության 22 հանդիպումներում «Արարատը» տոնեց 18 հաղթանակ, 2 խաղ ավարտեց ոչ-ոքի, 2-ում պարտվեց: Թիմն աչքի ընկավ չափազանց բարձր արդյունավետությամբ (92 գոլ) եւ հուսալի պաշտպանությամբ` սեփական դարպասը բաց թողնելով 29 գնդակ: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ակումբի ղեկավարությունը նոր մրցաշրջանում էլ թիմի առջեւ լուրջ խնդիրներ է դնելու` 2-րդ խմբում էլ պայքարել բարձր տեղերի համար:
Ընդհանրապես, ընթացիկ մրցաշրջանում Տալլինի «Արարատին» կարելի է իսկական հայտնություն համարել: Արարատցիները նվաճեցին երկրի «փոքր գավաթը» եւ մեծ առավելությամբ հաղթող ճանաչվեցին 3-րդ խմբի մրցաշարում:
Սակայն մրցաշրջանն «Արարատի» համար դեռեւս ավարտված չէ: Նոյեմբերի 8-ին արարատցիներին Էստոնիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հարկ կլինի ուժերը չափել բարձրագույն խմբի «Այաքս Լասնամյաե» թիմի հետ: Այդ խաղում հայկական սփյուռքի ֆուտբոլիստներին լուրջ փորձություն է սպասում: Նշենք, որ «Արարատ» ակումբն իր ֆուտզալի թիմին հայտավորել է երկրի առաջնության մասնակիցների թվում` խնդիր դնելով այդ մրցաշարում էլ հաղթող ճանաչվել, ինչը հնարավորություն կընձեռի եվրոպական մրցասպարեզ դուրս գալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ