Սովորաբար ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում են գտնվում ռմբարկուի հատկանիշներով օժտված ֆուտբոլիստները: Ընթացիկ առաջնությունում լավագույն ռմբարկուի կոչման համար չափազանց թեժ մրցապայքար է ծավալվել «Արարատի» հարձակվող Նշան Էրզրումյանի եւ «Բանանցի» գրոհների առաջատար Արամ Հակոբյանի միջեւ: Սակայն ոչ պակաս հետաքրքրական է պայքարն առաջնության ամենահուսալի դարպասապահի կոչման համար: Գաղտնիք չէ, որ դարպասապահի հուսալի խաղով շատ բանով պայմանավորված է թիմի հաջողությունը: Դրա վառ ապացույցն է նաեւ այն, որ առաջնության մասնակից թիմերի դարպասապահներից բոլորից հուսալի են գործում առաջատար քառյակի դարպասի պահապանները:
Դարպասապահի հուսալի խաղի վկայությունը դարպասն անառիկ պահած խաղերի եւ մեկ խաղում միջին հաշվով բաց թողած գոլերի քանակն է: Ընթացիկ առաջնությունում այս ցուցանիշներով առայժմ լավագույնը «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանն է: Նա անցկացրած 18 խաղում բաց է թողել ընդամենը 10 գոլ կամ միջինը մեկ խաղում` 0,55 գնդակ: 12 հանդիպումներում նրան հաջողվել է դարպասը պահել անառիկ, ընդ որում` 488 րոպե անընդմեջ:
«Փյունիկում» եւ «Բանանցում» մրցաշրջանի հիմնական ծանրությունն իրենց ուսերին են տանում Գեւորգ Կասպարովն ու Նենադ Ռադաջան: Իսկ ահա «Արարատում» Գառնիկ Հովհաննիսյանին հարկ եղած դեպքում հաջողությամբ է փոխարինում Էդիկ Երիցյանը: Վերջինս Հայաստանի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով դարպասապահների շրջանում յուրօրինակ ռեկորդակիր է (224 խաղ): Նշենք, որ բացի նրանից, մինչ օրս միայն երկու դարպասապահի` շիրակցի Ռայմոնդ Զադուրյանին եւ «Արարատի» նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանին է հաջողվել բարձրագույն խմբում հատել 200 խաղի սահմանագիծը: Նրանք անցկացրել են հավասար` 214-ական հանդիպում:
Ներկայացնում ենք առաջնության ամենահուսալի դարպասապահի կոչման համար պայքարողների ցուցանիշները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ