«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2006-10-11 | #194, 2006-10-12 | #195, 2006-10-13


ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿԱՐԳԵԼԻ՞ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ԵՎ ՈՒԺԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Աբխազիայի հասարակական կազմակերպությունները դիմել են օրենսդիր մարմնինՙ առաջարկելով դիմել Ռուսաստանի Պետդումայինՙ ճանաչել Աբխազիայի անկախությունը: Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշի տեղեկացմամբ, մոտ ժամանակներս Աբխազիայի խորհրդարանն իսկապես պատրաստվում է նման դիմում ներկայացնել, հենվելով 1999 թ. անցկացված հանրաքվեի արդյունքների վրա, որի ընթացքում, Բաղապշի խոսքերով, Աբխազիայի ժողովուրդը քվեարկել է հօգուտ Աբխազիայի անկախության: Թերեւս վարակիչ օրինակ է ծառայել Մերձդնեստրի մեկ օր առաջ արած նմանօրինակ հայտարարությունը:

Հետաքրքրական է, որ «Հասարակական կարծիք» հիմնադրամի հոկտեմբերի 7-8-ը Ռուսաստանի 44 տարածաշրջաններում կատարած հարցման արդյունքներով, եթե հուլիսին ռուսաստանցիների 44 տոկոսն էր Աբխազիան համարոմ անկախ պետություն, ապա այսօր արդեն 28 տոկոսն է այդ կարծիքին: Մեծացել է նաեւ Աբխազիան Ռուսաստանի մաս համարող ռուսաստանցիների թիվըՙ 10-ից դարձել է 13 տոկոս: Ամեն դեպքում, հարցվածների մեծ մասըՙ 51 տոկոս, կողմ է Աբխազիան անկախ ճանաչելուն, ընդ որում տոկոսային նույն հարաբերությամբՙ դարձյալ 51 տոկոս, ռուսաստանցիները կողմ են Աբխազիան ներառել Ռուսաստանի կազմում, եթե նման խնդրանք լինի:

Ինչեւէ, մինչ աբխազական ղեկավարությունը մտածում է անկախությունը ճանաչելու խնդրանքով Ռուսաստանին դիմելու մասին, Ռուսաստանի Պետդուման այսօր կարող է իր օրակարգում քննարկել Ռուսաստանի տարածք Վրաստանի նախագահի, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարների մուտքն արգելելու հարցը, բացի այդՙ Պետդումայում ներկայացվել է նախագիծ Ռուսաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4