«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2006-10-11 | #194, 2006-10-12 | #195, 2006-10-13


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՓՐԿԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ

Կառավարությունը որոշեց երկաթուղին հանձնել կոնցեսիայի

Այդ որոշման մասին երեկ լրագրողներին պատմեց տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, տեղեկացնելով, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ խորհրդով այս գործընթացը սկսվել է դեռ մեկ տարի առաջ: Նախարարը հայտնեց, որ խորհրդային տարիներից ի վեր մեր երկաթուղին չի նորոգվել եւ եթե այդպես շարունակվի, ապա 3 տարի հետո չի ունենա օգտագործման համար պիտանի անգամ մեկ վագոն: Ի դեպ, վագոնների գործածության առավելագույն ժամկետը 32 տարի է: Ինչ մնում է երկաթգծին, ապա վերջին տարիներին ՀԲ ֆինանսավորմամբ նորոգվել է միայն 70 կմ երկարությամբ հատված:

Ինչպես նշեց տրանսպորտի եւ կապի նախարարը, երկաթուղու այս ծանր իրավիճակից դուրս գալու համար Համաշխարհային բանկը խորհուրդ էր տվել Հայաստանի կառավարությանը ներդնել 170 մլն դոլար, վերականգնելով բոլոր ենթակառուցվածքներն ու վագոնները, կամ էլ երկաթուղին հանձնել կոնցեսիայի, որպեսզի կոնցեսիոները կատարի այդ ներդրումը: Քննարկվում էր կոնցեսիայի հանձնելու երկու տարբերակՙ մասնակի, այսինքնՙ միայն շարժակազմը, եւ ամբողջականՙ շարժակազմը եւ ամբողջ ենթակառուցվածքները: Որոշվեց ամբողջական հանձնել: Անդրանիկ Մանուկյանն ընդգծեց, որ մինչ Հայաստանը կապաշրջափակվի, որը հայտնի չէ, թե երբ տեղի կունենա, պետք է դիմենք այս քայլին փրկելու համար հայկական երկաթուղին: «Սա ճիշտ եւ անգամ ուշացած որոշում է, եւ հայկական երկաթուղին փրկելու միակ միջոցը», նշեց նախարարը:

Կոնցեսիոն պայմանագրի մշակման համար կստեղծվի բարձր խումբ, որի կազմում կլինեն շահագրգիռ նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ կստեղծվի աշխատանքային խումբ: 1 տարվա ընթացքում պայմանագրի եւ կոնցեսիայի հանձնելու մրցույթի պայմանները պատրաստ պետք է լինեն: Կոնցեսիորները պետք է կոնցեսիայի համար 10 մլն դոլար վճարեն պետբյուջե, ինչպես նաեւ բեռնափոխադրումների 2 տոկոսի գումարը եւ վճարեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը: Ուղեւորափոխադրումների իրականացումը կոնցեսիայի համար պարտադիր պայման չի լինելու, բայց նախապատվությունը կտրվի այն կազմակերպությանը, որը կստանձնի նաեւ դա:

Նախատեսվող 170 մլն դոլար ներդրումային ծրագրով պետք է ամբողջությամբ վերանորոգվեն երկաթգծերը, սլաքները, բերվեն նոր վագոններ եւ լոկոմոտիվներՙ 1200 հատ: Ներդրումները պետք է կատարվեն 10 տարվա ընթացքում: Երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվելու 30 տարով, բայց 20-րդ տարում 20 տարի ավելացնելու հնարավորությամբ:

Անդրանիկ Մանուկյանը հայտնեց նաեւ, որ խորհրդային տարիներին հայկական երկաթուղին տարեկան 25 մլն տոննա բեռ էր տեղափոխում, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 2,6 մլն տոննա:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4