«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2006-10-11 | #194, 2006-10-12 | #195, 2006-10-13


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՏԵՍՔ ՈՒՆԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն անփառունակ ելույթ ունեցավ ընտրական մրցաշարի 3-րդ խաղում` Բելգրադում խաղային բոլոր առումներով զիջելով «A» խմբի առաջատար Սերբիայի ընտրանուն: Հարցը միայն 0-3 խոշոր հաշվով կրած պարտությունը չէ, այլ այն պարզունակ եւ «անատամ» խաղը, որ ցուցադրեցին մեր ֆուտբոլիստները մրցակցի դաշտում: Եթե բելգիացիների եւ ֆինների հետ ընտրական հանդիպումներում մեր ֆուտբոլիստները գոնե պայքարելու կամք ու վճռականություն հանդես բերեցին, ինչը չամրապնդվեց վարպետությամբ, ապա սերբերի հետ խաղում դա էլ չդրսեւորվեց: Հերթական անգամ մեր ֆուտբոլիստները խաղադաշտը թողեցին առանց գոլ խփելու: Իսկ ինչպես կարելի է գոլ խփել առանց դարպասին հարվածելու: Ողջ խաղի ընթացքում դարպասի ուղղությամբ ընդամենը երկու հարված հասցրեցին մեր ֆուտբոլիստները: Դրանցից առաջինը 4-րդ րոպեին տուգանային հարվածով կատարեց Շահգելդյանը, որը մի փոքր բարձր ստացվեց, իսկ խաղավերջում էլ գնդակի ճանապարհը փակեց դաշտի տերերի պաշտպանը: Նման պայմաններում, իհարկե, գոլ խփելն անհնար է:

Նշենք, որ սերբերը գրեթե ողջ հանդիպումն անցկացնելով մեր կիսադաշտում, միայն 3 գոլ խփեցին: Ճիշտ է, հաշիվն ավելի խոշոր կլիներ, եթե այս խաղում էլ իրեն հիանալի չդրսեւորեր դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Միայն մի քանի անգամ նա կարողացավ հետ մղել սերբերի առաջատար Նիկոլա Ժիգիչի վտանգավոր հարվածները: Վերջինիս մեր պաշտպանները այդպես էլ չկարողացան վնասազերծել: Մի շարք դրվագներում էլ սերբերն էին գրոհների եզրափակիչ փուլում անփույթ գործում` դրանով նպաստելով մեր դարպասի անառիկ մնալուն: Հիմնականում դրանով կարելի է բացատրել այն փաստը, որ առաջին խաղակեսում հաջողվեց դարպասը պահել անառիկ: Սերբերն առաջին խաղակեսում նույնիսկ 11 մ հարվածը չիրացրին. Պանտելիչը անփույթ գտնվեց` բարձր հարված կատարելով:

Եթե առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստներին որոշ չափով հաջողվեց դիմագրավել մրցակցի գրոհներին, ապա ընդմիջումից հետո նրանք չդիմացան սերբերի ճնշմանը: Պաշտպանները սկսեցին աններելի սխալներ թույլ տալ, որի հետեւանքով էլ գնդակը երեք անգամ հայտնվեց մեր դարպասում: 50-րդ րոպեին Ժիգիչին հսկողությունից դուրս էին թողել եւ Կասպարովը ստիպված էր վայր գցել նրան: Ստանկովիչը հստակ իրացրեց 11 մ հարվածը: Հետագայում էլ սերբերը դասական երկու կոմբինացիայի արդյունքում հասան հաջողության: Ձախ թեւից փոխանցումները գլխի դիպուկ հարվածներով եզրափակեցին Դանկո Լազովիչն ու Նիկոլա Ժիգիչը: Ընդ որում առաջին դրվագում Կարեն Դոխոյանը չկարողացավ վնասազերծել մրցակցին, երկրորդ դեպքում ուշացավ Եղիշե Մելիքյանը:

Նշենք, որ 2-րդ գոլից հետո սերբերը փաստորեն դադարեցրին ակտիվ խաղը: Նույնիսկ նման պայմաններում հայ ֆուտբոլիստները չկարողացան որեւէ մտածված կոմբինացիա ձեռնարկել, քիչ թե շատ վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասին: Մեր ֆուտբոլիստների մոտ կառուցողական խաղն իսպառ բացակայում էր, մեկ-երկու փոխանցումներից հետո գնդակը հայտնվում էր մրցակցի մոտ: Չկար մեկը, որ կարողանար որեւէ կերպ կազմակերպել խաղընկերների գործողությունները: Հայաստանի հավաքականը թույլ ու անօգնական թիմի տպավորություն թողեց, շատ դժգույն ելույթ ունեցավ եւ օրինաչափ պարտություն կրեց:

Այսպիսով, 3 տուրից հետո մեր ընտրանին ադրբեջանցիների հետ եզրափակում է «A» խմբի աղյուսակը: Արդեն պարզ է, որ մեր հավաքականը ձախողել է ընտրական հերթական մրցաշարը: Նոր գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդին էլ չի հաջողվում փոխել հավաքականի խաղաոճը, խաղային ձեռագիր ստեղծել: Ակամայից հիշում ես Միխայ Ստոյկիցայի ժամանակ հավաքականի հանդիպումները: Մեր ընտրանին խոշոր հաշվով պարտվեց իսպանացիներին, բայց իր լավագույն խաղերից մեկը ցուցադրեց: Իսկ սերբերի հետ մրցախաղը կարելի է դասել մեր հավաքականի ամենադժգույն ու անհաջող խաղերի շարքը: Այսպես շարունակել այլեւս չի կարելի: Անհրաժեշտ են կտրուկ միջոցներ` վիճակը շտկելու համար:

Մրցաշարային աղյուսակ

«A» խումբ

 ԽՀՈՊԳՄ
1. Սերբիա43106-110
2. Ֆինլանդիա42206-28
3. Բելգիա42114-17
4. Լեհաստան42115-57
5. Պորտուգալիա31115-34
6. Ղազախստան40221-42
7. Հայաստան30120-41
8. Ադրբեջան40131-81

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4