«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2006-10-12 | #195, 2006-10-13 | #196, 2006-10-14


ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԼՈՌԻ-ՊՐՈԴԷՔՍՊՈ-2006»-Ը

Լոռու մարզպետարանը 1998 թ.-ից կազմակերպում է Լոռու մարզի արտադրական ձեռնարկությունների եւ անհատ ձեռնարկատերերի արտադրած ապրանքների ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսին յուրաքանչյուր տարի հրավիրվել են շուրջ 40 ձեռնարկություններ եւ անհատ ձեռներեցներ, որոնցից մասնակցել են 20-25-ը միայն: Յուրաքանչյուր տարի վաճառվել է 700 հազարից մինչեւ 2 մլն դրամի արտադրանք:

Այս տարի, առաջին անգամ, Լոռու մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, մարզի առեւտրաարդյունաբերական պալատի, «Հայկական գործարարություն» փոքր եւ միջին գործարարության միության ու «Գործարարության զարգացման եւ օժանդակման կենտրոն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ անցկացվում է «Լոռի պրոդէքսպո-2006» ցուցահանդես-վաճառք: Այն ավելի լայնածավալ է, թափ եւ միջազգային հնչեղություն կհաղորդի ավանդական ցուցահանդեսին: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է Դի-Էյ-Այ ԳՓՄՁ (գյուղացիական փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկայի զարգացում) ծրագիրըՙ USAID-ի ֆինանսավորմամբ, տպագրական եւ ձեւավորման աշխատանքներում աջակցել է «Անտարես» հոլդինգը:

«Լոռի-պրոդէքսպո-2006» ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը կայացավ հինգշաբթի օրը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակումՙ համախմբելով բազմաթիվ վանաձորցիների, մարզի տարածաշրջաններից եւ Երեւանից ժամանած հյուրերի:

Բացման խոսք ասաց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը.

- Վերջին տարիներին լավագույն ավանդույթ է դարձել աշնանը կազմակերպել արդյունաբերական ապրանքների ցուցահանդես-վաճառք: Այն երկու նպատակ ունի: Առաջինՙ որպեսզի մարզի գործարարները հնարավորություն ունենան հասարակությանը ներկայացնելու իրենց արտադրանքը, անմիջականորեն բանակցելու գնորդի հետ: Երկրորդՙ լուծվում է առաջարկի ու պահանջարկի խնդիրըՙ օգնելով արտադրողին ճիշտ կողմնորոշվել:

Ակտիվ մասնակցությունը վկայում է, որ կոտրվել է տարիներով ձեւավորված իներտության սառույցը, ինչը մեր հիմնական խնդիրն է եղել, նշեց մարզպետը:

Ցուցահանդեսին ներկայացել էին շուրջ 40 ձեռնարկություններ, ընկերություններ եւ անհատ ձեռներեցներ, որոնցից շատերը մասնակցում էին առաջին անգամ, օրինակ, այնպիսի խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Ալավերդու «Էյ Սի Փի» ընկերությունը, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, պանիր արտադրող «Դուստր Մելանյա» ընկերությունը, առողջապահական հիմնարկներ, դեղատներ, ծառայություններ մատուցող կազմակերպություններ, բավականին թվով անհատ ձեռներեցներ: Առաջին անգամ ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին մարզի գեղանկարիչներից, արվեստագետներից շատերը:

Ցուցահանդես-վաճառքը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4