«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2006-10-12 | #195, 2006-10-13 | #196, 2006-10-14


ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ

Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի եւ անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կարծիքները համընկնում էին այն հարցում, որ փոխանակ արտահերթ նիստ գումարեինք եւ շնորհակալություն հայտնեինք Ֆրանսիային` հայանպաստ որոշում կայացնելու համար, տես, թե ինչ հարցով ենք արտահերթ նիստ գումարում: Բայց երեկվա արտահերթ նիստը փակ գաղտնի քվեարկությամբ իր համաձայնությունը տվեց գլխավոր դատախազի միջնորդությանը` ԱԺ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցեց 84 պատգամավոր, կողմ քվեարկեց 56-ը, դեմ` 22-ը, անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ: Այդպիսով ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը հանրապետական, «Ժողպատգամավոր» խմբի անդամ պատգամավորի հանդեպ որպես մեղադրյալ իրավական գործընթացներ սկսելու համար:

Մինչ այդ, սակայն, մի շատ երկար քննարկում ծավալվեց, որին սկզբում չէր մասնակցում Հակոբ Հակոբյանը, քանի որ նախապես հենց այդպես էլ տեղեկացրել էր ԱԺ նախագահին: Սակայն հավանաբար առանձնասենյակներում լսելով, թե ի՞նչ են խոսում իր գործընկերները, եւ անսալով լրագրողների հորդորներին` արդեն խմբակցությունների տեսակետների արտահայտումից առաջ եկավ դահլիճ եւ ելույթ ունենալու ցանկություն հայտնեց, դրանից հետո միայն հնարավոր համարելով խմբակցությունների ճշմարիտ տեսակետների ձեւավորումը: Բայց կանոնակարգով նա այլեւս միայն եզրափակիչ ելույթի հնարավորություն ուներ` վերջում, գլխավոր դատախազի ելույթից առաջ միայն: Եվ նա օգտվեց այդ հնարավորությունից: Բայց մինչ այդ քննարկումները հետեւյալ ընթացքն էին ստացել:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ընթերցելով իր ծավալուն միջնորդագիրը, նախ նկարագրել էր հոկտեմբերի 8-ին պատահածը, որն այս տեսքն ուներ. իր մտերիմների հետ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում գործող գազալիցքավորման կայանները ստուգելու առիթով Արարատի մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Հայռուսգազարդի» գազաբաշխիչ կայան գնացած Հակոբ Հակոբյանն անհիմն վիճաբանության մեջ է մտել պայմանագրային հիմունքներով տարածքը պահպանողների հետ, որոնց դիմադրությունից հետո դիմել փախուստի: Հետո նոր մարդկանց հետ, միջնորդագրով 20-ից ավելի իր ազգականների եւ գազալցակայանի աշխատակիցների հետ, զինված«Վինչեստր» հրացանով եւ ԱԿՄ տեսակի ինքնաձիգով, վերադարձել է, ծեծկռտուք հրահրել, պահպանության ծառայության ղեկավարին բռունցքով հարվածել եւ պատճառել վնասվածք, նրա կողմնակիցներից մեկը կրակել է եւ այլն: Իսկ դե պահպանություն իրականացնողներին հաջողվել է բռնել հանցավոր խմբի 4 անդամներին եւ ներկայացնել ոստիկանություն:

Միջնորդագիրն այստեղ չավարտվեց, դատախազը սկսեց ներկայացնել ու մանրակրկիտ հիմնավորել, թե 1991 թվականից ինչպե՞ս է Հակոբ Հակոբյանը ապօրինություններ արել, նրա հանդեպ քրեական գործեր կային հարուցված դեռեւս 2000 թվականից, սակայն, քանի որ վերջինս պատգամավոր եւ անձեռնմխելի է դարձել 1999 թվականից, նրան հնարավոր չի եղել կանչել եւ հարցաքննել:

Սակայն այս միջնորդագիրը բուռն հակադարձության ենթարկվեց մի շարք պատգամավորների, ընդդիմադիր խմբակցությունների կողմից` հիմնական պատճառաբանություն որպես, որ տեղի ունեցողը ֆարս է (Հմայակ Հովհաննիսյան), լավ կազմակերպված ներկայացում (Արշակ Սադոյան), քավության նոխազ են դարձնում պատգամավորին (Արտաշես Գեղամյան), համակարգը պետք է փոխել եւ ոչ թե առանձին երեւույթի վրա կանգ առնել, ինչը համակարգի արդյունք է (Գրիգոր Հարությունյան): Ընդդիմությանը զարմացնում եւ զայրացնում էր այն փաստը, որ պահպանության ծառայության աշխատակիցները, փոխանակ ոստիկանություն կանչելու` կանչել են «Ֆուլկոնտակտ» կարատեի ֆեդերացիայի իրենց ընկեր անդամներին, տեղի է ունեցել ամենաիսկական «ռազբորկա», իսկ 4 հոգու հենց ձերբակալել են նրանք` մինչեւ ոստիկանության գալը: Բացի այդ պատագամավորի ձերբակալության մասին շատ ավելի ուշ է տեղյակ պահվել ԱԺ նախագահին: Ելույթ ունեցող ընդդիմախոսներից շատերն էին համոզված, որ այս բոլորը տնտեսական լծակների սովորական վերաբաշխման գործընթաց է (Շավարշ Քոչարյան, Թաթուլ Մանասերյան), ինչն ընտրություններից առաջ վատ նախադեպ է եւ կարող է մեծ ծավալներ ընդունել ընտրություններից հետո: Հարց ուղղվեց գլխավոր դատախազին, թե ո՞վ է ցուցակում հաջորդը: Ու թեեւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ասում էր, թե արտահերթ նիստն անօրինական է, քանի որ ըստ սահմանադրության եւ դատախազության մասին օրենքի մի քանի կետերի, դատախազն իրավունք չուներ դիմել կառավարությանը` ԱԺ նիստի օրակարգ հարց ընդգրկելու առաջարկով, սակայն արտահերթ ելույթով հանդես եկած ԱԺ նախագահն ու մեծամասնության ներկայացուցիչներն այլ կարծիքի էին:

ՀՅԴ-ն ասում էր, որ արատավոր երեւույթների պատճառը հենց պատգամավորական անձեռնմխելիությունն է, եւ առաջարկում էր չխոչընդոտել արդարադատությանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը թե՛ ասում էր, որ ուրիշի ցավի վրա չի կարելի քաղաքական «գործառույթներ» ստեղծել, «ինքնատենչ» մոտեցումներին դեմ էր, թե՛ ուզում էր, որ արդարադատություն իրականացվի: Երկիմաստ ելույթ ունեցավ նաեւ ՄԱԿ-ի Գուրգեն Արսենյանը` կոչ անելով չվարկաբեկել ոչ ԱԺ-ն, ոչ էլ «մեր ընկերոջը»: Տ. Թորոսյանն էլ նկատեց, որ գործի քննությունը Հ. Հակոբյանին թույլ կտա լիարժեք ներկայացնել հակափաստարկները: Բոլոր դեպքերում մեծամասնությունն իր քվեարկությամբ ապահովեց հարկավոր ձայների թիվը: Անհայտ մնաց, թե ինչպես քվեարկեց «Ժողպատգամավորը»:

Իսկ Հակոբ Հակոբյանի ներկայացրածը, բնականաբար, տարբերվում էր դատախազականից. նա նախ ելույթները մահախոսական որակեց, հետո առաջվա պես պնդեց, որ ինքն է իր մեքենայով ներկայացել Մասիսի ոստիկանություն: Ասաց, որ 35 մարդու ապօրինի տարել են չգիտես թե ուր` դատախազն այն մասին թող ասի, որ ինքը հանդարտեցրել է կռիվը, եւ առհասարակ այն ինչ ներկայացվեց` 90 տոկոսը փուչիկ է, սարքված գործ: 91-99 թվերի մասով էլ ասաց. «Ստուգեիք-արգելեիք, որ զեղծարարություններ կային իմ ձեռնարկություններում: Իսկ միգուցե ստուգել- իրենց փայը տարե՞լ են: Ստուգել են` բան չի եղել»: Մանուկ Գասպարյանի առաջարկին, թե ունեցվածքդ իմ անունով գրի, մի երկու տարի նստի, կգաս-կվերադարձնեմ` պատասխանեց, թե կարող է նվիրել:

Մի խոսքով` վաղվանից դատախազությունը կզբաղվի Հակոբ Հակոբյանով, իսկ երբ միջնորդության հանցանքները հիմնավորող բավարար ապացույցներ հավաքի, ԱԺ կմտնի Հ. Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդությամբ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4