«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2006-10-13 | #196, 2006-10-14 | #197, 2006-10-17


Ո՞ՒՄ ՓՈՒՉԻԿԸ ՊԱՅԹԵՑ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը, Արարատի մարզ այցի ընթացքում, լրագրողների հարցերին պատասխանելով, անդրադարձ արեց անցած ուրբաթ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, երբ պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատգամավորների քվեարկությամբ ներգրավվեց քրեական գործում որպես մեղադրյալ. «Ազգային ժողովի մեծամասնությունը ցույց տվեց, որ ունի բավարար կամք` այս հարցերին օրինական լուծում տալու համար», մեծամասնությանը գովեց նախագահը, մինչդեռ փոքրամասնությանն այլ գնահատական բաժին ընկավ. «Ինձ համար զարմանալին մեկ ուրիշ բան է, որ հակակրիմինալ շարժում նախաձեռնողները տանիք էին փորձում ծառայել տվյալ դեպքում հենց հակառակ տրամաբանությամբ: Կարծում եմ` հակակրիմինալ շարժման փուչիկը երեկ պայթեց, որը ցույց տվեց, որ իր մեջ լուրջ բան չի պարունակում»:

Հիշեցնենք, որ խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ էլ Հակոբ Հակոբյանն էր համոզված, որ իր հասցեին հնչող մեղադրանքները փուչիկ են, եւ դրանց 90 տոկոսը շուտով պայթելու են:

Պատասխանելով «Ազգի» հարցին, որով նախագահին հիշեցրինք, թե գլխավոր դատախազի միջնորդագրի ընդդիմախոսները Հակոբ Հակոբյանի հետ պատահածը տնտեսական լծակների վերաբաժանում էին անվանել, նախագահն այսպես արձագանքեց. «Բացարձակ անհեթեթություն է, նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանել, անկեղծ ասած»: Սակայն մեկնաբանություն, այնուամենայնիվ, եղավ. «Մեկ-մեկ այնպիսի բաներ են գրում, որ ուղղակի զարմանում ես մարդկանց երեւակայության վրա` ինչ ֆանտազիաներ կարող են մարդկանց հոգիներում ծագել, կամ զարմանում ես մարդկանց պարկեշտության մեջ: Ես չգիտեմ` տվյալ դեպքում ո՞ր գործոնն է ավելի գերիշխող, բայց, այնուամենայնիվ, ուղղակի տհաճ է, ուղղակի աբսուրդ: Հակոբ Հակոբյանն, ինչքան գիտեմ, մինչեւ հիմա նման հարց չուներ: Համենայն դեպս` ինձ հայտնի չէ», հարցը փակեց նախագահը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4