Ալիեւը կամ չգիտի ադրբեջանական բանակի վիճակը, կամՙ Կովկասի աշխարհագրությունը
Ադրբեջանական բանակն այսօր ամենահզորն է Կովկասում: Ալիեւ կրտսերի հավակնությունները տարօրինակորեն հասել են այնպիսի մակարդակի, որ Ադրբեջանի ներկայիս նախագահը նման հայտարարություններ է իրեն թույլ տալիս արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության ելույթումՙ մոռանալով, թե կոռուպցիոն ինչպիսի «բարեմասնություններ» ունի նույն այդ ադրբեջանական բանակը եւ ինչ հնարավորություններ ունեն Կովկասում մյուս երկրները:
Բացի սեփական չկայացած բանակի սազանդար ներկայանալուց, Իլհամ Ալիեւն «Ալ Ջազիրայի» եթերից նշել է, որ պրահյան գործընթացի ձեւաչափը ղարաբաղյան հակամարտության ավարտական փուլն է եւ եթե «հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը վիժեցնի այդ փուլը, ապա այլեւս հնարավորություն չի մնա շարունակելու հետագա բանակցությունները»: Ընդ որում, Ալիեւ կրտսերի մատուցմամբ, հիշատակված փուլը հակամարտության փուլային կարգավորում է, այն էՙ «ադրբեջանական տարածքներից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության համակարգի ամրապնդման քննարկում, խաղաղարար գործողություն»:
«Դեյ.ազ» գործակալության մեջբերմամբ, եթե չկան բանակցություններ, ապա Ադրբեջանը կփոխի իր մարտավարությունն ու ռազմավարությունըՙ քննարկելով այլ տարբերակներ: Հետաքրքրական է, որ վերջին ժամանակներս պատերազմի վերսկսման անհնարինության հայտարարություններն Ալիեւին ստիպել են նշել, որ ռազմական ճանապարհը վերջին քայլն է, որ դիտարկում է Ադրբեջանը:
Բնականաբար, քաղաքագիտական եւ տնտեսագիտական յուրօրինակ «տրամաբանությամբ», Իլհամ Ալիեւը եզրակացնում է, որ Հայաստանն ինքն է դատապարտել իրեն մեկուսացման, «հարեւանների հանդեպ ագրեսիվ քաղաքականություն վարելով»: «Հայաստանը դիվանագիտական կտրվածքով պարտվողական երկիր է: Երկրները, որոնց Հայաստանը համարում է դաշնակից, պակաս դաշնակից չեն Ադրբեջանի համար», նշում է Ադրբեջանի առաջնորդն ու հավելում, թե Հայաստանը ոչ մի հետաքրքրություն չի կարող ներկայացնել:
Հասկանալի է, որ Ալիեւի նման տեսակետը լիովին «հիմնված» է սեփական նավթախողովակի վրա: Ավելինՙ Հեյդար Ալիեւի ընձեռած հնարավորություններից լիովին օգտված եւ ոչ վատ կրթություն ստացած Ալիեւ կրտսերը փորձում է հավասարակշռել հայ եւ ադրբեջանական բանակների հզորությունները, ընդգծելով, թե ադրբեջանական բանակն ավելի է հզորանում: Ընդ որում, Ադրբեջանի առաջնորդի կարծիքով, Հայաստանին այլեւս չեն կարող օգնել ո՛չ սփյուռքը, ո՛չ օտարերկրյա որոշ դիվանագետներ:
Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան հարաբերություններին, ապա դրանք Ադրբեջանում անհանգստություն են առաջացնում, ինչի մասին նույնպես արտահայտվել է Ալիեւը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ