«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԸ ՄԻԱՅՆ ԱՌԵՎՏՈ՞ՒՐ Է ԱՆՈՒՄ

«Վրաստանի հայերի միավորում-Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Կոբա Դավիթաշվիլուց պահանջել է ներողություն խնդրել «Ես հայ չեմ ու առեւտուր անող չեմ» արտահայտության համար: «ՌԻԱ-Նովոստիի» փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է կազմակերպության համանախագահ Մարիամ Միկոյանը:

Հետաքրքրական է, որ, ըստ լրատվության, Դավիթաշվիլին նման հայտարարություն է արել Թբիլիսի ռեստորաններից մեկումՙ ոմն Ալադին Միրզոեւի հետ իսկական առեւտուր անելիս, երբ Դավիթաշվիլին Միրզոեւին խոստացել է 150 հազար ԱՄՆ դոլարի դիմաց նրան ընդգրկել կուսակցական ընտրական ցուցակում: Այս հանդիպման տեսագրությունը եթեր է հեռարձակվել վրացական շատ հեռուստաալիքներով:

Դավիթաշվիլին իր հերթին ի պատասխան նշել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ, ըստ իրեն, անգամ մտքում չի ունեցել վիրավորել հայ ժողովրդին: Ըստ Պահպանողական կուսակցության նախագահի, հիշատակված արտահայտությունը համատեքստից դուրս է եւ մոնտաժված, ընդ որումՙ հատուկ ծառայությունների կողմից: Դավիթաշվիլին պնդել է, որ հարգում է Վրաստանի բոլոր քաղաքացիներինՙ անկախ էթնիկ ծագումից: Նախկին պատգամավորը չի մանրամասնել, թե իրականում ինչպիսին է եղել իր հայտարարությունը:

«Ազգը» ժամանակին անդրադարձել էր նմանատիպ մի միջադեպի, երբ ժամանակին վրաց պատգամավորները խորհրդարանում միմյանց հենց հայ կոչելով էին փորձել վիրավորել, ավելինՙ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի հայկական ծագումը բազմիցս շահարկվել է:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4