«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ՀՈԳԵՈՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՎԻՉ ԵՐԿԻՐ Է

Ամերիկացի դոկտոր Տոյչի անունը մեզ հայտնի չէր, մարդկանց վրա ներգործելու նրա «IDEAL» մեթոդը մեզ բոլորովին անծանոթ էր մինչեւ երեկ, երբ դրանց մասին տեղեկացանք ժուռնալիստների տանը մամլո ասուլիս հրավիրած Մոսկվայի «Տոյչի բարեկամների ակումբի» մի քանի ներկայացուցիչներից: Ի դեպ, նրանցից մեկը արմատներով ղարաբաղցի Ալեքսեյ Բալայանն էրՙ իր ռուս կնոջ հետ: Իսկ թե ու՞մ հետ են այստեղ համագործակցում Տոյչի բարեկամներըՙ այդ մասին ոչ մի խոսք, գուցե ինչ-որ բան հայտնի կդառնա որոշ ժամանակ անց, քանի որ ապրիլին նրանք նախատեսում են անցկացնել եռօրյա սեմինար: Հիմա եկել են ծանոթանալու, ուսումնասիրելու հայաստանցիներին, ունկնդրելու նրանց մտքերն ու հույզերը, որպեսզի հետագա աշխատանքն ավելի դյուրին լինի: Բայց նրանց բախտը չբերեց ու գործը բարդացավ հենց առաջին ասուլիսի ժամանակ, քանի որ նրանց դեմ-հանդիման նստած էր մասնագիտությամբ կենսաբան, «Գիտություն եւ տեխնիկա» ամսագրի խմբագիր Հայկ Խաչատրյանը, եկել էին նաեւ հարցախեղդ անող մի քանի լրագրողներ, ուսանող կենսաբաններ, որոնք խայծը կուլ չտվեցին ու Տոյչի գենափոխիչ մեթոդների մասին ընդհանուր խոսքերն ընդունեցին ոչ թե զարմանքից լայն բացված աչքերով, այլ ըմբոստ հարցադրումներովՙ «Ո՞րն է մեթոդի էությունը, որքա՞ն է վճարում դրանով բուժվել ցանկացողը» եւ այլն, եւ այլն: Բանավեճի թունդ պահերը նկարագրելուց առաջ ասենք, որ Ռուսաստանում եւ Ուկրաինայում հաստատվելուց հետո Տոյչի հետնորդները «նորարարական մեթոդներով եկել են Հայաստանՙ վերլուծելու մարդկանց վիճակի, նաեւ վարքագծի ակունքներն ու պատճառները, վերացնելու նրանց խնդիրներն ու բացասական երեւույթները: Ինչպե՞ս են դա անելու: Իրենց ասելովՙ շատ պարզ ու հասարակՙ «Ամեն մարդու կյանքում կատարվող ամեն մի պահ անհատական է, քանի որ այն թելադրվում է անհատական գենետիկ կոդովՙ ինֆորմացիայով, որն իր մեջ կրում է նախնիների փորձը, ապրումները: Դա մի ծրագիր է, որը հասկանալով հնարավոր է իմանալ, թե ի՞նչ է կատարվում մարդու հետ, ի՞նչ է նա մտածում տվյալ վիճակում»:

Այստեղ են ասելՙ«լեզուդ պապանձվեր, գենետիկ կոդ չասեիր»: Դրանից հետո սկսվեց մի այնպիսի բանավեճ, որի նմանը հազվադեպ է լինում ասուլիսներում: Ահա թե ի՞նչ է լինում, երբ ասուլիսին ներկա է լինում ոչ լրագրողական կրթությամբ խմբագիրը, այլապես լրագրողները սովորականի պես պիտի գրառումներ անեին, մի քանի հարց տային կամ չտային ու ամեն ինչ վերջանար, գնար:

30 տարի կենսաբանությամբ զբաղվող եւ դոկտոր Տոյչ գիտնականի մասին առաջին անգամ լսող Հայկ Խաչատրյանը գիտական փաստերով մերկացրեց նրան որպես առաջին փսիխոգենետիկ ներկայացնելու Բալայանի եւ մյուսների փորձերը: «Շատ լավ է, որ դուք այդ ամենը գիտեք, բայց մենք փորձում ենք պարզել, թե ո՞րն է գենետիկական գործոնի օգտավետությունը մարդկանց համար», ասաց Մարինա Տարասովան: «Դրանից երբեք ոչ մի օգուտ չի լինում», հակադարձեց Խաչատրյանը: «Դոկտոր Տոյչը մշակել է այնպիսի մեթոդներ, որ ինքնակենտրոնացմամբ մարդը կարող է երիկամի քարը վերացնել», պատասխանեց Տարասովան, ներկայացնելով իրենց հետ եկած, խրոնիկական տարբեր հիվանդությունից բուժված Անաստասիային, որին Տոյչի մեթոդները 2 երեխա են պարգեւել: «Իսկ որքա՞ն եք վճարել բուժման համար» հարցին Անաստասիան ասացՙ «1 ժամանոց սեանսի համար 750 դոլար»: «Լավ բիզնես է», եղավ լրագրողների արձագանքը:

Այս ամենը լսելուց հետո կռահում ես, թե ի՞նչն է այս մարդկանց բերել աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստան, որտեղ 750 դոլարով որեւէ չքավոր ընտանիք կարող է ամբողջ տարին գոյատեւել: Հասկանալի է, որ այս պարագայում նորից բախվում ենք հոգեորսի, դրսից թափանցող հերթական «ովականների» հետ:

«Նրանց նշած մեթոդը ոտքից գլուխ բլեֆ է, ասածների մեջ ոչ մի ճշմարտացի բան չկա: Նախ այդպիսի գիտնականի մասին մենք չենք լսել, բացի այդ, եթե որեւէ մեկը հայտարարում է, թե իր մեթոդը բոլոր հարցերը լուծում է, արդեն իսկ կասկած է առաջացնում: Հիմա նրանք շոշափող քայլեր են անում, շուկան են ուսումնասիրում, ճշտում: Հնարավոր է, որ սկզբում սկսեն անվճար գործել, երբ շատ մարդիկ ներքաշվեն, այն ժամանակ գինը կորոշեն: Կաշպիրովսկու պես կհավաքեն մոտ 500 հոգու, պարզ է, որ նրանցից մեկի վրա դա կազդի, որովհետեւ հոգեբանական ազդեցությունից ինչեր ասես չեն լինում: Եթե նույնիսկ ընդունենք, որ գենետիկ փոփոխություններ կարող են լինեն, ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ հետեւանքներ կունենան որոշ ժամանակ անց: Եթե այս մարդիկ իսկապես հիպնոտիկ մեթոդներ են կիրառում, նրանց գործունեությունն անկասկած վտանգավոր է», մեզ հետ առանձնազրույցում ասաց Խաչատրյանը:

Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Արուս Մկրտչյանը ասուլիս էր եկել մասնագիտական գիտելիքները հարստացնելու ակնկալիքով, բայցՙ «Ուղղակի ապշած եմ նրանց ասածներից: Ակնհայտ է, որ սա մարդկանցից փող պոկելու հերթական խաղ է: Նրանք համոզված են, որ Հայաստանում քչերը գաղափար ունեն գենետիկայի մասին եւ մարդկանց հիմարացնելով իրենց գրպանը կլցնեն»:

Ու որքան էլ ասուլիսի վերջում Տոյչի բարեկամները փորձում էին ժպտալ, իբր ամեն ինչ լավ է, իրենք շատ ուրախ են բանավեճի համար, բայց ներքուստ ընկճված էին կրած առաջին պարտությունից. «Մենք ձեզ մարգարիտ ենք առաջարկում, իսկ դուք փոխանակ ընդունելու, վիճում եք մեզ հետ, հակառակվում մեր բոլոր ասածներին», ընթացքում դժգոհեց Տարասովան, հավանաբար չիմանալով, որ իսկական մարգարիտը ծովի խորքից է ծնվում:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4