«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2006-10-14 | #197, 2006-10-17 | #198, 2006-10-18


ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ԱՆՎԱՆԻՆԵՐԻՆ

Աշխարհի հաջորդ առաջնությունը կրկին Երեւանում

Հայկական շախմատում նոր փառահեղ նվաճում գրանցվեց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանում անցկացված մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարում ուժեղագույն ճանաչվեց 17-ամյա Զավեն Անդրեասյանը: Մեկ ամիս առաջ նա Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում դարձել էր մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն: Եվ ահա շնորհալի պատանին հասավ նոր նվաճմանՙ համալրելով հայ գրոսմայստերների ընտանիքը: Նշենք, որ նախկինում Հայաստանի շախմատիստներից միայն Վլադիմիր Հակոբյանին եւ Լեւոն Արոնյանին էր հաջողվել նվաճել մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Զավեն Անդրեասյանը պարզապես հրաշալի խաղաց մրցաշարի վերջնագծումՙ 6 հանդիպումներում վաստակելով 5 միավոր: Ընդ որում, ավարտական տուրից առաջ նա 3 անընդմեջ հաղթանակ տոնելով, գլխավորում էր մրցաշարային աղյուսակնՙ իր հաշվին գրանցելով 9 միավոր: Նրանից կես միավորով հետ էին մնում ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոն, ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը եւ վրաց շախմատիստ Լեւոն Պանցուլայան: Հենց վերջինիս հետ էլ Զավենը մրցեց ավարտական տուրում: Ծանր մրցապայքարից հետո գրանցվեց ոչ-ոքի: Զավենի մյուս հակառակորդներն էլ իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Նիկիտա Վիտյուգովը ոչ-ոքի խաղաց Իլդար Խաիրուլինի հետ: Յուրի Կրիվորուչկոն էլ հաշտություն կնքեց Յանգ Վենի հետ:

Այսպիսով, 13 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, Զավեն Անդրեասյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ իրավունք ստացավ հանդես գալու մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկությունում: Իսկ Երեւանը հաջորդ տարի կրկին կհյուրընկալի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության մասնակիցներին: Այնպես որ Զավեն Անդրեասյանը հնարավորություն ունի հաջողությամբ պաշտպանելու չեմպիոնի տիտղոսը:

Հայ շախմատիստներից 2-րդ արդյունքը ցույց տվեցին Արման Փաշիկյանը եւ Ավետիք Գրիգորյանը, որոնք 7,5-ական միավորով զբաղեցրին համապատասխանաբար 17-րդ եւ 23-րդ տեղերը: Մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Լեւոն Բաբուջյանՙ 7 (28-րդ տեղ), Վարդան Մովսիսյան (44), Գեւորգ Ալավերդյան (45), Յուրի Համբարձումյան (47)ՙ 6,5-ական, Դավիթ Քալաշյան (56), Սիմոն Մկրտչյան (75)ՙ 5-ական միավոր:

Բավական համառ մրցապայքարում անցավ կանանց մրցաշարը: Ի վերջո, չորս շախմատիստուհիներՙ չինացիներ Յանգ Շենը, Յիֆան Հոուն, վրացի Սալոմե Մելիան եւ Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատհույագ Մոնգոնտուլը վաստակեցին հավասարՙ 9-ական միավոր: Նշված հերթականությամբ էլ, ըստ լրացուցիչ գործակիցների, բաշխվեցին առաջնության պարգեւները: Մեր շախմատիստուհիներից լավագույնը Հայաստանի չեմպիոնուհի Սիրանուշ Անդրեասյանի արդյունքն էր, որը 7 միավորով զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը: Մյուս շախմատիստուհիների ցուցանիշներն այսպիսին են. Անահիտ Խառատյան (27), Աննա Հայրապետյան (31), Վարդուհի Քալաշյան (35)ՙ 6,5-ական, Լիանա Աղաբեկյան (36), Նունե Դարբինյան (37), Անի Դարբինյան (38), Լիա Մարտիրոսյան (40)ՙ 6-ական, Լուսինե Ալավերդյան (47), Դիանա Մնացականյան (50)ՙ 5,5-ական, Մարինե Ղազարյան (57)ՙ 3 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4