«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2006-10-18 | #199, 2006-10-19 | #200, 2006-10-20


ԱԴՐԲԵՋԱՆԸ «ԶՏՈՒՄ Է» ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հունվարի 1-ից վե՞րջ «Ազատությանը», «Ամերիկայի ձայնին» եւ BBC-ին...

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում 2006 թվականը որպես «հնարավորության պատուհան» օգտագործելու եվրոկառույցների ցանկություններն ու հորդորները գնալով առավել հիմնավորված են թվում, քանի որ 2007 թ.-ին եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում սպասվող ընտրությունների ընթացքն արդեն իսկ մտահոգությունների տեղիք է տվել: «Ազգը» տեղեկացրել էր Ադրբեջանում «Ազատության», «Ամերիկայի ձայնի» եւ BBC-ի վերահեռարձակման նկատմամբ արգելք դնելու մասին:

Ադրբեջանական համապատասխան գերատեսչությունների հիմնական պատճառաբանությունն այն էր, որ այդ ռադիոկայանների հաղորդումները վերահեռարձակվել են անօրինական, առանց անհրաժեշտ թույլտվության: Ուստիեւ Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը որոշում կայացրեց հունվարի 1-ից այդ ռադիոկայանների վերահեռարձակումը դադարեցնելու մասին:

Դեռեւս այս առնչությամբ «Ազգի» նախորդ հրապարակման մեջ կար այն վարկածը, թե Ադրբեջանն արդեն իսկ պատրաստվում է ընտրություններին` սեփական գործունեության «օրինականության» լուսաբանումը «վստահելով» միայն առանց այն էլ ծայրահեղորեն վերահսկվող ադրբեջանական լրատվամիջոցներին:

Օրերս «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը եւս իր մտահոգությունն է հայտնել օտարերկրյա այս ռադիոկայանների վերահեռարձակումն արգելելու առնչությամբ: «Այս որոշումն ուղղված է միջազգային լրատվամիջոցների դեմ, որոնց անկախությունից Ադրբեջանի իշխանությունները վախենում են: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը դժբախտաբար վերահսկվում է քաղաքական իշխանությունների կողմից, որոնք ամենից շատ ցանկանում են սահմանափակել արեւմտյան լրատվամիջոցների ազդեցությունը», նշված է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ:

Եվ սա բնավ էլ Ադրբեջանում նախընտրական «միջոցառումների» սպառիչ ցանկը չէ, որ հատկապես վերաբերում է զանգվածային լրատվության միջոցների գործունեության «կարգավորմանը»: Ադրբեջանում արդեն իսկ չեն գործում քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք դրսեւորած «Իրական Ադրբեջան» եւ «Գյունդելիկ Ադրբեջան» թերթերը, առանց գործունեության լիազորագրի կարող է մնալ օբյեկտիվությամբ եւ հավասարակշռված մոտեցմամբ ադրբեջանական մյուս հեռուստաընկերություններից տարբերվող ANS հեռուստաալիքը: Բազմաթիվ ճնշումների մասին է հայտարարում նաեւ ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, որին զրկում են գրասենյակային տարածքից, իսկ լրագրողներին` արգելում մասնակցել տարբեր միջոցառումների:

Այստեղ հետաքրքրական է, որ ադրբեջանական մեկնաբանները փորձում են խոսել այս կերպ Ադրբեջանի իրականություն ներմուծվող պետական գրաքննության մասին, երբ անցանկալի լրատվամիջոցներն ուղղակի հեռացվում են դաշտից, իսկ մնացյալի հետ ամեն ինչ հստակ ու պարզ է: Այնպես, ինչպես Հայաստանին ու Ղարաբաղին վերաբերող ամեն ինչում ի հայտ եկող ապատեղեկատվությունն է Ադրբեջանի պետական մակարդակով տարվող քաղաքականության արտացոլում, այդպես էլ տեղեկատվական իշխանություններին հարմար հոսք ապահովելով ադրբեջանական իշխանությունները վաղօրոք լուծում են այն բոլոր խնդիրները, որոնք կարող են ծագել երկրում «Ազատության», «Ամերիկայի ձայնի» եւ BBC-ի հեռարձակման, մի քանի ադրբեջանական թերթերի տպագրության պարագայում: Անգամ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի` «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների վերահեռարձակման օրինականությունն ապահովելու համար որոշ ժամանակ ունենալու խնդրանքն էլ կարծես մնաց անպատասխան: Թերեւս օրինական, թե անօրինական, Ադրբեջանին այլեւս հարմար չէ նշված ռադիոկայանների աշխատանքը:

Հայկական իշխանություններն էլ մամուլը կառավարելի պահելու ձգտումներում չեն զիջում հարեւաններին: Սակայն այս դեպքում կառավարումն այդչափ բացահայտ չէ, թեեւ իշխանական կարիքների համար օգտագործվող հեռուստաեթերի ճոխ բազմազանությունն ու ալիքների առատությունը արդեն իսկ երաշխավորված իրողություն են, ուստի ինչ-որ էքստրա միջոցառումների դիմելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Թեեւ ի՞նչ իմանաս, խորհրդարանական, հետո էլ նախագահական ընտրությունները ինչպիսի՞ գաղափարներ կծնեն ոչ միայն լրատվամիջոցների ներկայացուցիչների, այլեւ դեպի իշխանություն «նավարկությունը» կառավարելու նկրտումներ ունեցողների մոտ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4