«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2006-10-18 | #199, 2006-10-19 | #200, 2006-10-20


ՍԱ ՊԱՈՒԶԱ Է ԽՄՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԱՌԱՋ

Ասում է Վազգեն Մանուկյանը

Վազգեն Մանուկյանը մնում է այն փոքրաթիվ քաղաքական գործիչներից, որի տեսակետները միշտ էլ հետաքրքրություն են առաջացնում: Երեկ «Փակագիծ» ակումբում նա առանձնացրեց արտաքին քաղաքական եւ ներքին գործընթացների` իր կարծիքով առանցքային պահերը եւ այդ խորապատկերի վրա գնահատականներ տվեց իրավիճակին:

Նույն գորշությունը

Ներքին քաղաքականությունում նույն գորշությունն է, որը կար բոլոր այս տարիների ընթացքում. «Մենք ոնց որ մտել ենք մի ակոսի մեջ, էդ ակոսով էլ շարունակում ենք գնալ. ե՛ւ կոռուպցիա կա, ե՛ւ կրիմինալ կա, ե՛ւ անօրինականություն կա, բայց կարեւորն այն է, որ չկա վստահություն ապագայի նկատմամբ, ընտրություններ են գալիս, մարդիկ վստահություն չունեն ընտրությունների նկատմամբ»: Գելապի ինստիտուտի հետազոտությունները` հայ ընտրողների 70 տոկոսը չի վստահում ընտրություններին, որքան էլ մենք թերահավատ վերաբերվենք ցանկացած սոցիոլոգիական հարցումներին, այնուամենայնիվ, Մանուկյանի գնահատմամբ ճշմարտացի են. «Այստեղ միայն իշխանության եւ ընդդիմության պայքարը չէ, չի երեւում տանող ուժ, որի հետեւից հասարակությունը գնա` իմանալով, որ այսպիսի-այսպիսի նպատակների է հասնելու: Բավականին փոշիացած ընդդիմություն, որը չունի ֆինանսական բազա, որին չեն տրամադրում նույնիսկ դահլիճներ... սա մի պաուզա է խմորումներից առաջ»: Մռայլ լռությունը բերում է նրան, որ հասարակությունն ինքը սկսի մտածել իր ապագայի մասին, ենթադրություն արեց բանախոսը: «Ինչ վերաբերում է կրիմինալին` Յապոնչիկը կգա-չի գա, կամ մեկ ուրիշը, դա չէ կրիմինալը, կրիմինալի հիմքում ընկած է այն, որ Հայաստանում իշխանությունը չի պատկանում ժողովրդին, չի պատկանում հասարակությանը, կեղծվում են ընտրությունները, եւ այդ ընտրությունների կեղծիքն արդեն կրիմինալ է, ինչից բխում է` այդ իշխանությունը պահելու համար պետք է անօրինական ֆինանսական միջոցների, անօրինական ադմինիստրատիվ մեթոդների դիմել. այսինքն կրիմինալը` դա հետեւանք է», այս էլ որերորդ անգամ հալեց-ականջ լցրեց տասնյակ տարիների ընդդիմադիր գործիչը

Հակոբ Հակոբյանի հարցը

«Այն մեղադրանքները, որոնք կապված են ֆինանսական չարաշահումների կամ ընդհարման հետ` թող դատարանը որոշի, բայց ինձ համար կրիմինալ է Հ. Հակոբյանի` 95 թվականից սկսած ընտրություններին մասնակցությունը: Մի քիչ էլ զարմանալի է` ինքը մի փոքր ֆեոդալ է. եթե նրա մասին ասում են, որ ինքը 20 մլն դոլարի վնաս է բերել պետությանը` քանի՞ հարյուրի վրա բազմապատկենք, որ իմանանք բոլոր մյուսների բերած վնասը Հայաստանին»: Այն, որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը` ըստ Մանուկյանի, չի նշանակում, որ պաշտպանում էր Հ. Հակոբյանին. «Մենք ուզեցինք թողնել իրենք իրենց դեմ, ամեն քվեարկող իմանա, որ նույն ձեւի դոսյեՙ սկսած 91 թվից իրենց վրա կա, բայց երբ որ իրենց պարտադրում են կկվի ձագերից մեկին գցել` գցում են, ուզում էինք, որ կկվի ձագերը հասկանային այդ բանը»:

Ո՞վ է առաջնորդելու ընդդիմությանը

«Եթե ես միայն ասեմ, որ ընդդիմության մեջ տանող ուժ չկա` դա կնշանակեր, որ ես պրետենզիաներ ունեմ ընդդիմության նկատմամբ: Ամբողջ հասարակությանն առաջ տանող ուժ չկա», նկատեց Մանուկյանը, թեեւ չբացառեց, որ առաջիկա ամիսներին Հայաստանում կարող են մեծ փոփոխություններ լինել, ձեւավորվի մի մեծ ընդդիմադիր խումբ, որը կարողանա հասարակությանն իր հետեւից տանել, բայց այս պահին, այնուամենայնիվ, դա պրագմատիկ չէ: Իսկ ընդդիմադիրների պարտությունն այս ընտրություններում կբերի ընդհանուր անվստահության` թե դիմացինները շատ ուժեղ են ու նրանց դեմ խաղ չկա:

«Այլընտրանքի» մասով` հալվա ասելով բերանը չի քաղցրանում, այլընտրանք ասելով այլընտրանք չես դառնում. ՀՀՇ գաղափարախոսությունն են որդեգրել` ինքն է գրել, ընդունելի է, «Պատերազմ եւ խաղաղությունն» ընդունելի չէ` կապիտուլյացիա է նշանակում: Ժամանակներն էլ փոխվել են եւ շարժման ժամանակին դրված գաղափարները ուժը պահելով` պետք է ավելացնել, նոր իրավիճակում նաեւ այլ սկզբունքներ առաջ տանել: Աջերի եւ ձախերի հարցն առաջ տանել փորձող լրագրողին Վ. Մանուկյանը հակադարձեց. «Կներեք անգրագիտությանս համար, բայց ես Հայաստանում շատ չեմ տարբերում աջերի ու ձախերի հարցը»: Իսկ Արթուր Բաղդասարյանը կարո՞ղ է աջերին համախմբող լինե՞լ. «Հայաստանի փոփոխություններում մի գերագնահատեք Արեւմուտքի ու Ռուսաստանի ցանկությունները», ասաց:

Ընդդիմության` մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվելու մտադրությունը ճիշտ չհամարեց. «Հայաստանը իսկապես դարձավ ֆեոդալական պետություն, մի քանի ֆեոդալ իրար դեմ պայքարում են` ո՞վ է էստեղ գլխավոր ֆեոդալը: Եվ էդ ֆեոդալները ոչ միայն ճնշում են ժողովրդին, այլեւ պահում են: Ֆեոդալական համակարգը միայն առաջին գիշերվա իրավունքը չի, նաեւ կարողանում է պահել էդ մարդկանց. եւ մտնել դրա մեջ մաժորիտարով` կարծում եմ ճիշտ չէ»:

Վիկտոր Դալլաքյանի համոզմունքը, թե երկրի նախագահը քանի որ գնացող է` շահագրգիռ է արդար ընտրություններ անցկացնելու մեջ, Մանուկյանը չկիսեց. «Ենթադրենք արդար ընտրություններ լինեն եւ արդյունքում ովքեր ունեն իշխանություն` կորցնեն այն, համոզված եմ, կորցնելուց հետո ոչ մի երաշխիք չեն ունենա, որ նախորդ տարիների իրենց արածի մեջ եղած կրիմինալի համար (ֆինանսական եւ քաղաքական) նոր եկածները չեն կանչի պատասխանատվության: Բացի այդ` միայն Ռոբերտ Քոչարյանի ուժերով չէ, որ ընտրությունները ազնիվ կամ անազնիվ կլինեն, հարյուրավոր շահագրգռված մարդիկ կան, որոնց վրա Ռ. Քոչարյանը չի կարող վերահսկողություն հաստատել»: Այժմ իշխանության ապակենտրոնացման որոշ էլեմենտներ են տեղի ունենում, ըստ Մանուկյանի, որպեսզի իրար վերահսկելու երաշխիքը ոչ թե մեկ, այլ մի քանի կենտրոններից լինի, 98-ին այդ երաշխիքներն իշխանության ներսում աշխատեցին:

ՆԱՏՕ-ն ու մենք

«ՆԱՏՕ-ն մեր անվտանգությունը չի կարող ապահովել, ես կողմնակից չեմ, որ Հայաստանը հայտարարի, որ ինքը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, մեր իրավիճակը մի քիչ տարբերվում է: Մենք պետք է կարողանանք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Եվրոպայի հետ մի քաղաքականություն վարել, որը հավասարակշռված է: ՆԱՏՕ-ի հետ արժե սերտ համագործակցել»:

Ինչո՞ւ հակակրիմինալ շարժմանը չմիացավ

«Մենք տեսնում ենք, որ դա փակուղի է. իշխանության մեջ բավականին կրիմինալ կա, բայց ամբողջ իշխանությունն անվանել կրիմինալ ես չեմ ցանկանա, որովհետեւ այդտեղ բազմաթիվ ուրիշ երեւույթներ կան: Ես կարծում եմ` Հայաստանի պրոբլեմներն ավելի խորքային են` չեն հարգվում մարդու իրավունքները, օրենքները: Երբ որ կրիմինալ ես հայտարարում` պայքարի ձեւն էլ պարզ չի, դա «տուպիկ» է: Առանց իրար հետ պայմանավորվելու` մենք եւ Րաֆֆի Հովհաննիսյանը չստորագրեցինք, նպատակահարմար չգտանք»:

Հնարավոր համարո՞ւմ է համագործակցությունն Արա Աբրահամյանի հետ

«Արա Աբրահամյանը նախ եւ առաջ իմ ընկերոջ` Գագիկ Աբրահամյանի եղբայրն է, այդ տեսակետից միշտ շփում ունեցել եմ նրա հետ, եթե առաջ օգնություն լիներ` արդյունքները կտեսնեիք: Իսկ 2007-ին ես չեմ իմանում ի՞նչ նախագծեր ունի, բայց դատելով նրա հայտարարություններից` ոնց որ թե քաղաքական խնդիր չի հետապնդում, համազգային խնդիրներ է հետապնդում: Դրա համար դժվարանում եմ ասել», եզրափակեց Վ. Մանուկյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4