«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2006-10-18 | #199, 2006-10-19 | #200, 2006-10-20


ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նահանջը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին վարկանիշը նվազեցրել է 9-ով եւ նահանջել է 7 հորիզոնականով` զբաղեցնելով 119-րդ տեղը: Ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցներից ամենամեծ առաջընթացն ունեցել են լեհերը, որոնք 8 հորիզոնական բարձրացել են եւ գրավում են 27-րդ տեղը: Ֆինները առաջադիմել են 5 (56-րդ տեղ), բելգիացիները` 3 (47-րդ) հորիզոնականով: Պորտուգալիայի (9-րդ տեղ) եւ Սերբիայի (32-րդ) հավաքականները պահպանել են դիրքերը: 11 հորիզոնականով նահանջել է Ադրբեջանի հավաքականը, որը զբաղեցնում է 128-րդ տեղը: Իսկ ղազախները նահանջել են 15 տեղով եւ այժմ 135-րդ հորիզոնականում են:

Նախորդ ամսվա համեմատ դասակարգման ցուցակում բավական կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել: Ամենամեծ առաջընթացն ունեցել է Բարբադոսի հավաքականը` վեր բարձրանալով 52 տեղով, ինչը հնարավորություն է ընձեռել եզրափակել 100 լավագույնների ցուցակը: 44 հորիզոնականով բարձրացել են Սենտ Վինսենտի հավաքականի ֆուտբոլիստները: Սուրինամի եւ Բերմուդայի հավաքականները ցուցակում 41 տեղով են բարձրացել: Իսկ ահա Գվատեմալայի հավաքականը 35 հորիզոնականով նահանջել է: 33 տեղով դիրքերը զիջել են Պերուի ֆուտբոլիստները:

Լավագույն տասնյակում փոփոխությունները չնչին են: Աշխարհի չեմպիոն իտալացիները 3 հորիզոնական բարձրացել են` վարկանիշն ավելացնելով 66-ով եւ այժմ դասակարգման ցուցակը գլխավորող բրազիլացիներին զիջում են միայն 20 կետով: Վերջիններս իրենց վարկանիշը նվազեցրել են 14-ով: Մեկական տեղով նահանջել են Ֆրանսիայի, Արգենտինայի, Անգլիայի, Հոլանդիայի եւ Չեխիայի հավաքականները, իսկ ահա գերմանացիները 2 հորիզոնական բարձրացել են:

Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Բրազիլիա1560
2. Իտալիա1540
3. Ֆրանսիա1483
4. Արգենտինա1446
5. Անգլիա1370
6. Գերմանիա1339
7. Հոլանդիա1313
8. Չեխիա1253
9. Պորտուգալիա1224
10. Իսպանիա1198
13. Ուկրաինա1054
33. Ռուսաստան764
59. Ուզբեկստան494
61. Բելառուս479
70. Լիտվա455
86. Մոլդովա382
90.Լատվիա362
98. Վրաստան302
112. Էստոնիա229
119 Հայաստան212
128. Ադրբեջան190
134. Ղրղզստան174
135. Ղազախստան173
140. Տաջիկստան159
169. Թուրքմենստան61

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4