«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2006-10-19 | #200, 2006-10-20 | #201, 2006-10-21


ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ԲԱՐԵԿԱՄ

Ասում է Անրի Կյունին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը, լրատվամիջոցներին է տրամադրել մի բավական զգացմունքային եւ սրտառուչ հրաժեշտի նամակ, որտեղ Հայաստանն անվանում է արեւի, քրտնաջան աշխատանքի, մշակույթի եւ ուշիմության երկիր. «Մեկնել` կնշանակի մի քիչ մեռնել», ֆրանսիական ասացվածքն է մեջբերում պարոն Կյունին, ավելի բացելով ասվածի իմաստը. «Դա մեռնել է ինքդ քո մեջ, քանի որ մտավոր, հոգեւոր, զգացական առումներով սնվում ես երկրից, որտեղ բնակվում ես»: Անրի Կյունին մեր երկրից մեկնելով ափսոսում է, որ առաջխաղացում չի եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական սահմանի բացման գործում, որը նրա կարծիքով բացասական է անդրադառնում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի վրա:

Հիացմունքով խոսելով հայ մշակույթի, լեզվի մասին` նա նշում է, որ մեր երկրի գեղարվեստական հարստությունը արտացոլված կլինի իր երկրի 100 քաղաքներում Հայաստանի տարվա շրջանակում անցկացվող 500-ից ավելի միջոցառումներում. «Որեւէ երկրում դեսպանի առաքելության ավարտի համար չկա ավելի գեղեցիկ վերջաբան, քան «իր» նախագահի այցն այդ երկիր: Ուրախ եմ, որ նախագահ Ժակ Շիրակը գնահատեց այցի յուրաքանչյուր պահը եւ վերջինիս կատարյալ կազմակերպումը հայկական իշխանությունների կողմից»:

Խոստովանելով, որ հոկտեմբերի 29-ի առավոտյան իր համար դժվար է լինելու բարձրանալ Փարիզ վերադարձող ինքնաթիռ` Անրի Կյունին միաժամանակ խոստանում է վերադառնալ դասախոսությունների շարքով եւ չմոռանալ «յուրահատուկ անցյալ եւ ապառնի բայական ժամանակներով հայերենս»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4