«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2006-10-19 | #200, 2006-10-20 | #201, 2006-10-21


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՆԴԱԿԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ

Կանադայի Զորյան ինստիտուտի 25-րդ տարեդարձի առիթով հոկտեմբերի 7-ին Տորոնտոյի համալսարանում կազմակերպվել է ճաշկերույթ-տոնահանդես, որին մասնակցել են տեղի հայ քաղաքական, եկեղեցական, բարեգործական ու մշակութային 17 կազմակերպություններ եւ միություններ:

Փաստաբան Պերճ Փափազյանն իր բացման խոսքում անդրադարձել է միջոցառման նպատակին, որից հետո ներկայացրել է պատվարժան հյուրերինՙ Բագրատ եպս. Գալստանյանին, Զարեհ ա. քահանա Զարգարյանին, Կանադայում Հայաստանի հավատարմատար Արման Հակոբյանին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Եղիա ծ. վրդ. Գիրեջյանին, կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանին, դերասանուհի Արսինե Խանջյանին, պրոֆ.Վահագն Տատրյանին, Թաներ Աքչամին (Թուրքիա), Յաիր Օրոնին (Իսրայել) եւ այլոց:

Զորյան ինստիտուտի հիմնադիր Գուրգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հիմնարկի հիմնադրումից ի վեր օժանդակել են իրենց գիտական գործունեությանը: Նրա խոսքից հետո պրոֆ. Ֆայնսթոնը ընթերցել է միջազգային ցեղասպանագետների խորհրդի ղեկավար Ռոջեր Սմիթի ուղերձը:

Գուրգեն Սարգսյանը բեմ է հրավիրել թուրք այլախոհ պատմաբան Թաներ Աքչամին, որը խոսել է Զորյան ինստիտուտի աշխատանքների եւ կատարվող ուսումնասիրությունների մասին, ընդգծելով հայ, թուրք եւ այլազգի պատմաբանների համատեղ ջանքերըՙ Հայոց ցեղասպանության հարցը գիտականորեն վերլուծելու եւ թուրք ժողովրդին ճշմարտությունը փոխանցելու համար: Նա նաեւ նշել է, որ թուրք այլախոհ պատմաբանները եւ մտավորականները պետք է շարունակեն խոսել ու բացատրել Ցեղասպանության իրողությունը: Իր խոսքում նա շեշտել է, որ կգա այն օրը, երբ Թուրքիան անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրանից հետո ելույթ են ունեցել նաեւ Վահագն Տատրյանը, Յաիր Օրոնը եւ ուրիշներ:

Բագրատ եպս. Գալստանյանի շնորհավորական խոսքից հետո Զարեհ քհն. Զարգարյանը կարդացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի սրբատառ կոնդակըՙ հիմնարկի 25-ամյակի առթիվ: Առաջնորդարանի կողմից Զորյան ինստիտուտին է նվիրվել Վարդգես Սուրենյանցի Մայր Աստվածածին կտավի կրկնօրինակը:

Ամենայն հայոց կաթողիկոսը Գուրգեն Սարգսյանին պարգեւատրել է «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով: Ձեռնարկի 25-ամյակի հասույթըՙ 25 հազար կանադական դոլարը հատկացվել է Զորյան ինստիտուտին:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4