«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2006-10-20 | #201, 2006-10-21 | #202, 2006-10-24


ԿԱՊԱՆԸ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԳՐԱՎՈՒՄ Է ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԱՆՈՒՇԱՀԱՄ ՏԵՍԱԿԱՆԻՈՎ

Իսկ մինչ ներդրումներ կլինեն եւ աշխատատեղեր կբացվեն, երիտասարդ կապանցին դիպլոմը ձեռքին այս ու այն կողմում է աշխատանք փնտրում

Լեռնահայաստանի գողտրիկ Կապան քաղաքում` հակառակ անզուգական բնությանը, ծանր է մարդկանց կյանքը: Մեր երկրի շատ քաղաքներում եւ գյուղերում եղած թիվ մեկ հիմնախնդիրը` աշխատանքի բացակայությունը, իր ծանր թեւերը փռել է նաեւ Կապանում: Քաղաքապետ Արմեն Կարապետյանն ասում է, որ քաղաքի 45 հազար բնակիչներից 11 հազարը գործազուրկներ են: Հնարավոր է, որ շատ լինեն, քանի որ գոնե երիտասարդների հետ մեր զրույցներից տպավորությունը մի քիչ այլ էր:

Կապանցի Սարվարդ Թումանյանը 20 տարեկան է: Ավարտել է պետական մանկավարժական համալսարանի տարրական մեթոդիկայի բաժինը եւ հիմա դիպլոմը ձեռքին այս ու այն կողմում աշխատանք է փնտրում` հիմնականում համակարգչային գործի բնագավառում, սակայն դեռեւս ապարդյուն: «Կապանում աշխատանք գտնելը ահավոր պրոբլեմատիկ է», ասում է նա եւ անմիջապես անդրադառնում հատկապես իրենց` երիտասարդներին հուզող մյուս խնդիրներին. «Լավ կլիներ, որ քաղաքում լինեին երիտասարդական խաղերի, զվարճությունների, հետաքրքրական միջոցառումների ակումբներ: Դա կօգներ, որ երիտասարդներն ավելի շատ կտրվեին դրսից: Հիմա միայն «Սյունյաց արծիվներ» կազմակերպությունում ենք միջոցառումների մասնակցում»: Սարվարդը նշում է, որ քաղաքում հիմնական աշխատանքը պղնձի կոմբինատում է` նախկին լեռնահարստացման կոմբինատում, որն այժմ գործարկում է «Դինոգոլդ մայնինգ» ընկերությունը, ինչպես նաեւ հիվանդանոցը:

Ակսել Բակունց տված Սյունյաց աշխարհում կրթության պակաս չկա: Սա էլ ավելացնում է Սաթենիկ Հարությունյանը` հավաստիացնելով, որ երիտասարդների 96 տոկոսը կրթություն ստացած են, սակայն դիպլոմը դնում են տանը եւ առեւտրով զբաղվում: «Հիմա ամենաառաջինը զբաղվածության խնդիրն է, կամ առեւտրով ենք զբաղվում, կամ էլ ամբողջ օրը դիպլոմները ձեռքներիս պտտվում ենք», հավելում է օրիորդը:

Լեռնային արդյունաբերության կենտրոն համարվող Կապանում, ուր մինչեւ 1990 թ. 16 գործարան է եղել, հիմա միայն պղնձի կոմբինատն է աշխատում, որտեղ, քաղաքապետի հավաստմամբ, մինչեւ հազար մարդ է աշխատում: Գործարանն աշխատեցնող կանադացիները 10 մլն դոլարի ներդրում են խոստացել: Քաղաքապետ Կարապետյանը «Ազգ»-ի հետ զրույցում պատմում է, թե Կապանում ավտոնորոգման եւ եւս մի քանի փոքր գործարաններ են աշխատում, որոնք բնակչության զբաղվածության աննշան տոկոսն են ծածկում: Բնակչությունը հիմնականում ներգրավված է սպասարկման ոլորտում` գազ, ջուր, ճանապարհաշինարարություն, որոշ մասն էլ զբաղվում է փոքր եւ միջին բիզնեսով: Քաղաքապետը վստահեցնում է, որ փոքր եւ միջին բիզնեսը խրախուսելու համար իրենք հողահատկացումներ են անում, որը կարծես օգնում է: «Ամեն դեպքում ձեւավորվել է մի խավ, որը կարողանում է իր ընտանիքի հոգսը հոգալ հենց քաղաքում», ընդգծում է քաղաքապետն ու անմիջապես ավելացնում, թե հիմա քաղաքում արտագաղթը քիչ է:

Կապանի «կոմունալ հարմարությունների» մասին խոսելիս պրն Կարապետյանը նշում է, որ ավելի քան 4 հազար բնակչի տուն գազիֆիկացված է, մյուս մասն էլ փայտ ու էլեկտրականություն է օգտագործում: Լուրջ խնդիր է սակայն ջրամատակարարման հարցը. «Ջրի քանակը շատ է, բայց ջրամատակարարման ցանցի մաշվածության պատճառով վթարները հաճախ են լինում եւ անհնար է դառնում շուրջօրյա ջրամատակարարում ապահովել»: 1960 թ.-ից հետո չվերանորոգված ջրամատակարարման ցանցը վերանորոգելու համար, քաղաքապետի խոսքով, 1 մլն դրամ է հարկավոր:

Տարեկան պետբյուջեից քաղաքին 250 մլն դրամ է հատկացվում, տեղական բյուջեն էլ 45 մլն է, բայց քաղաքապետ Արմեն Կարապետյանի համոզմամբ, այդ գումարով հնարավոր չէ բնակչության բոլոր խնդիրները հոգալ: Բոլորը չէ, բայց որոշ հոգսերն անշուշտ կարելի է հոգալ: Քաղաքապետը հայտնեց նաեւ, որ Կապանում 3 հազար 2 հարյուր հոգի սոցիալական նպաստ է ստանում, իսկ 5 հազար 6 հարյուրն էլ թոշակառու է:

«Կապիտալ վերանորոգման կարիք ունեն մշակույթի օջախները, 14 մանկապարտեզների ջեռուցման խնդիր կա: Պետբյուջեից մի հսկա մաս դպրոցաշինությանն է նվիրվում` արդեն մոտ 60 տոկոսը վերանորոգել ենք», պատմում է քաղաքապետը եւ խնդիրներից դուրս գալու ելքը մատնանշում:

Քաղաքապետը համոզված է, որ եթե 90 թ. աշխատանքը դադարեցրած Կապանի օդանավակայանը վերականգնվի, կապ կստեղծվի թե հարեւան շրջանների եւ թե այլ երկրների հետ, կլուծվի փոխադրումների հարցը: Այդ պարագայում կշատանան ներդնողները, ովքեր Կապանը դիտելով որպես սահմանամերձ գոտի` այժմ տարակուսում են ներդրումներ կատարել: Քաղաքապետ Կարապետյանը նշում է, թե օտարերկրյա ներդնողներին հատկապես գրավում է Կապանի բնությունը, քաղաքը նրանց շատ հեռանկարային է թվում տուրիզմի զարգացման տեսակետից: Հետո էլ քաղաքապետը հպարտությամբ ավելացնում է, թե Կապանի առատ եւ անուշահամ հատապտուղները եւս գրավել են օտարերկրացիներին, եւ նրանք քաղաքում պահածոների գործարան հիմնելու ցանկություն են ունեցել: Սակայն ցանկությունը հօդս է ցնդել փոխադրումների չլուծված խնդրին դեմ առնելուց հետո: Կապանում աշխատանքի խնդրի լուծման հնարավորությունը քաղաքապետն այժմ այս ուղղությամբ է տեսնում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4