Դիրբոռնի Միչիգան համալսարանի հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, որն ստեղծվել էր 1970-ականների վերջերին Դենիս Փափազյանի կողմից եւ դարձել միջազգայնորեն ճանաչված հայագիտական օջախ, այս շաբաթ պաշտոնապես ունեցավ իր երկրորդ տնօրենը հանձին Արա Սանջյանի, որն այս տարվա սկզբներին է հաստատվել Դիրբոռնում, տեղեկանում ենք այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված «Դետրոյթ ֆրի պրես» թերթից Դեյվիդ Կրումի հոդվածի կրկնօրինակից:
Կենտրոնը երկուսուկես տասնամյակ ղեկավարելուց հետո 74-ամյա պրն Փափազյանը, որն արդեն 2 տարի է տեղափոխվել է Նյու Ջերսի, թոշակի է անցել, պաշտոնը զիջելով Արա Սանջյանին, որը 38 տարեկան պատմաբան է, ծնված Բեյրութում: Ուսումն ստացել է Լիբանանում եւ Հայաստանում: Ապա Միջին Արեւելքի պատմության թեմայով դոկտորական է պաշտպանել Մեծ Բրիտանիայի Լոնդոն համալսարանում: Սահուն տիրապետում է անգլերենին եւ հայերենին, որոշ չափով նաեւ ռուսերենին, արաբերենին, թուրքերենին եւ ֆրանսերենին: Նրա պատմության դասընթացներին 60-ից ավելի ուսանողներ են ընդգրկված:
Ավելացնենք, որ կենտրոնն ունի մոտ 40 հազար գրքեր, քարտեզներ, հոդվածներ եւ Հայաստանի պատմությանը վերաբերող փաստաթղթեր, որոնցից օգտվում են գիտնականներ աշխարհի տարբեր անկյուններից:
Հ. Ծ.