«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2006-10-24 | #203, 2006-10-25 | #204, 2006-10-26


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է ԿԱՆԽԵԼ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Պուտինը 2 միլիոն հարցերի «օնլայն շոու»-ով բարձրացնում է սեփական վարկանիշը

«Մեր նպատակն է կանխել արյունահեղությունը Հարավային Կովկասում», երեկ ռուսական մի քանի հեռուստաընկերությունների եւ ռադիոկայանների ուղիղ եթերով պատասխանելով 2 միլիոնի սահմանագիծն անցած հարցերին, նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ասվածի ենթատեքստում ռուս-վրացական հարաբերություններն են, որոնց վերջին սրացումների կապակցությամբ Պուտինն ընդգծել է, որ Վրաստանի նկատմամբ իրականացվող գործողությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու վրաց պետության ցանկության հետ կապ չունեն:

Ըստ Պուտինի, այդ գործողություններն ուղղված են արյունահեղության կանխմանը, քանի որ ռուս-վրացական հարաբերությունները վատթարացել են հարավօսական եւ աբխազական խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձի կամ նախապատրաստման պատճառով: Ինչ վերաբերում է այս ենթատեքստում ինչ-որ տարածքներ Ռուսաստանի կազմում ընդգրկելուն, ապա, Պուտինի խոսքերով, Ռուսաստանը չի ձգտում մեծացնել իր տարածքը: (Հիշեցնենք, որ վերջերս աբխազական օրենսդիր մարմինը որոշում էր կայացրելՙ Ռուսաստանին միանալու խնդրանքով դիմել ՌԴ պետական ատյաններին, եւ հետաքրքրական է, որ երեկ իսկՙ Պուտինի օնլայն ասուլիսի օրը, Աբխազիայի ներկայիս առաջնորդ Սերգեյ Բաղապշը Սուխումում հայտարարել է, թե Աբխազիան այսօր էլ պատրաստ է շարունակելու խաղաղ երկխոսությունը Վրաստանի հետՙ մեկ պահանջով, որ Վրաստանը պահպանի նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները):

Հետաքրքրական է, որ Ռուսաստանն ի դեմս Պուտինի, «անհանգստացած է Վրաստանի ռազմականացմամբ» այնպես, ինչպես մարդիկ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Պուտինը նշել է նաեւ, որ միջազգային իրավունքում կա հակասությունՙ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ: «Մենք պետք է ելք գտնենք այս իրավիճակիցՙ ուշադիր հետեւելով նախադեպերին, այդ թվումՙ Կոսովոյի»:

Ռուսաստանի նախագահին ուղղված հարցերի բազմաբնույթ թեմատիկայում հարցադրումներ են արվել նաեւ Ռուսաստանում ֆաշիզմի, սկինհեդական շարժումների եւ նմանօրինակ ազգայնամոլ դրսեւորումների մասին: Պուտինի մոտեցմամբ, նախ ֆաշիզմի երեւույթը Ռուսաստանում ցավալի է, եւ իրավապահ մարմինները պետք է ավելի օպերատիվ արձագանքեն, չնայած պետք է ընդունել, որ դատական համակարգում լինում են էությանը համահունչ վճիռներ: Խոսելով վերջերս ծագումով վրացիների հանդեպ Ռուսաստանում իրականացված «օպերատիվ» գործողությունների մասին, Պուտինն անընդունելի է համարել իրավապահ մարմինների ընտրովի մոտեցումը հանցագործության դեմ պայքարում, ըստ էթնիկ ծագման:

Ռուսաստանի նախագահն իրավապահ մարմիններին, վարչական կառույցներին կոչ է արել ոչ միայն նման գործողություններ չիրականացնել, հատկապես Ռուսաստանում օրինական ապրող, առավել եւս Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մարդկանց նկատմամբ: Ինչ վերաբերում է քրեական տարրերի դեմ պայքարին, ապա Պուտինի համոզմամբ, այն պետք է անընդհատ լինի, «իսկ վրացական դեպքում այդ պայքարն ուղղակի հատուկ ուշադրություն գրավեց»: Թերեւս փորձելով մեղմացնել ծագումով վրացիներին Ռուսաստանից արտաքսելու վերջերս ի հայտ եկած ձգտումը, Պուտինն առանց մանրամասնելու նշել է, որ երկրներից մեկի քաղաքացիներից 15 հազար 300 մարդ է արտաքսվել Ռուսաստանից, մեկ այլ պետության 13 հազար 400 քաղաքացի, Վրաստանի քաղաքացիներիցՙ միայն 5 հազար: Այս թվերի կողքին Պուտինն ընդգծել է. «Մենք պետք է ապահովենք Ռուսաստանի հիմնական բնակչության առաջնահերթություններն ու շահերն աշխատանքի շուկայում եւ առեւտրի ոլորտում»:

Ռուսաստանի նախագահը պատասխանել է նաեւ ռուս-ուկրաինական հարաբերություններին վերաբերող հարցերին: Ղրիմի նկատմամբ հնչած ռուսական հավակնությունների եւ այս թերակղզում ազգային հարցի լուծմանը Ռուսաստանի մասնակցության կապակցությամբ Պուտինն ընդգծել է. «Անհրաժեշտ է ելնել իրողությունից եւ հաշիվ տալ այն առումով, որ Ղրիմն ուկրաինական պետության մաս է, Ռուսաստանը չի կարող խառնվել Ուկրաինայի ներքին գործերին»:

Ու թեեւ Ռուսաստանն անտարբեր չէ Ղրիմում տեղի ունեցող գործողությունների նկատմամբ եւ 160 տարբեր էթնոսների ներկայացուցիչների համատեղ ապրելու փորձ ունի, գիտակցում է նաեւ, որ Ղրիմը հատուկ տարածք է, որտեղ Ռուսաստանի ներդրումը կարող է լինել սեփական փորձը, իսկ ուկրաինական ղեկավարության դիմումի դեպքում Ռուսաստանը կարող է Ղրիմը սահմանազատել երրորդ երկրների միջամտությունից: Շարունակելով ուկրաինական թեման եւ խոսելով Սեւծովյան նավատորմի Ղրիմում մնալու ժամկետներից, Պուտինը նշել է, որ դա եւս ուկրաինական պետության իրավասությունների շրջանակներում լուծելու հարց է, Ռուսաստանն էլ պատրաստ է բանակցություններ վարելՙ երկարացնելու Սեւծովյան նավատորմի ներկայությունը Ղրիմում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Չնայած յուրօրինակ եւ ռեկորդ դարձած օնլայն ասուլիսի բացառիկությանը, այնուամենայնիվ ռուսական որոշ լրատվամիջոցներ ներկայացնում էին տեղեկություններ այս շոուի ընթացքում հարցերի որոշակի «խմբագրման», ընտրության, առանձին դեպքերում նաեւ նախնական պայմանավորվածության մասին: Որոշ տեղեկություններով հեռուստաեթերում հարցերն ուղղակի հնչեցնելու համար ստուգվել են հարց տվողների փաստաթղթերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4