«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ ՀՕԳՈՒՏ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ

Հարկային եւ մաքսային օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության երեկ ընդունած որոշման նախագծերը նպատակ ունեն պաշտպանելու տեղական արտադրողների շահերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետեկամուտների քաղաքականության վարչության պետ Վախթանգ Միրումյանը: Նա նշեց, որ այդ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունն առաջացել է երկրի նախագահի եւ վարչապետի մարզեր կատարած այցելությունների եւ արտադրողների հետ ունեցած հանդիպումների արդյունքում:

Առաջին փոփոխությամբ նախատեսվում է բարձրացնել ներմուծվող օղու մաքսատուրքի դրույքաչափը: Ներկայումս այն 1 լիտրի համար 240 դրամ է: Սակայն վարչության պետը չասաց, թե որքանով այն կբարձրանա, քանի որ վերջնական որոշում դեռեւս կայացված չէ, եւ բարձրացման չափը դեռ քննարկվում է: Այս փոփոխությունը Վախթանգ Միրումյանը բացատրեց տեղական արտադրողի եւ ներմուծողի միջեւ հավասար մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ, քանի որ տեղում արտադրվող օղին համարվում է լիցենզավորված գործունեություն, որի համար վճարվում է տարեկան 15 մլն դրամ: Մինչդեռ ներմուծվող օղին նման վճար չի վճարում:

Հաջորդ փոփոխությունն առնչվում է պտղից եւ հատապտղից թորվող թունդ ոգելից խմիչքների լիցենզիայի վճարի կտրուկ իջեցմանը: Նախկին 15 մլն դրամի փոխարեն այն կդառնա 50 հազար դրամ:

Ակցիզային հարկի դրույքաչափերի նվազեցում է եղել ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղում արտադրվող գարեջրի համար: 1 լիտրի դիմաց 70 դրամից այն նվազեցվել է 1 լիտրի դիմաց 50 դրամի: Այս փոփոխությունն էլ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վարչության պետը պարզաբանեց այն հանգամանքով, որ Հայաստանում ընդունված դրույքաչափը բարձր է ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ մի շարք զարգացած երկրների համեմատ: Նա միաժամանակ վստահեցրեց, որ այս փոփոխությունը չի հանգեցնի պետական եկամուտների նվազմանը, քանի որ իրենց կատարած հաշվարկներով, դրա արդյունքում գարեջրի սպառումը, հետեւաբար եւ հարկային մուտքերը կավելանան:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4