Այս կարծիքին է «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը
Մինչ կառավարությունում հրավիրված գազիֆիկացման եւ գազասպառման համակարգի անվտանգության հարցերով խորհրդակցության սկսվելը, «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը պատասխանեց Իրան-Հայաստան գազատարին առնչվող լուրերի վերաբերյալ հարցերին:
Նա նախ նշեց, որ Իրան-Հայաստան գազատարը երկու մաս չունի: Այն 40 կմ երկարությամբ գազատար է, որն իրանական գազահամակարգը միացնում է «Հայռուսգազարդի» համակարգին:
Ինչ վերաբերում է այն ռուսական կողմին վաճառելուն, ապա «Հայռուսգազարդի» ղեկավարի կարծիքով, ճիշտ չէ հարցի նման դրվածքը: Խնդիրն այն է, թե Իրան-Հայաստան գազամուղն առանձին ձեռնարկություն է լինելու, թե՞ «Հայռուսգազարդին» է պատկանելու: Կարեն Կարապետյանի կարծիքով, նպատակահարմար է, որ այն պատկանի «Հայռուսգազարդին», այլ ոչ թե նույն համակարգում լինի երկու ձեռնարկություն, երկու տնօրեն եւ այլն:
Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Կարեն Կարապետյանը ներկայացրեց այն միջոցառումները, որ ընկերությունը ձեռնարկում է բնակչության գազամատակարարման համակարգում անվտանգության ապահովման նպատակով: Ըստ այդմ, տարին երկու անգամ ստուգվում են բոլոր բաժանորդների գազասարքերը, վերազինվում է 1-04 անվտանգության ծառայությունը եւ այլն: Սակայն ընկերության տնօրենը կարեւորեց բաժանորդների կողմից իրենց անվտանգության հարցին պատասխանատվությամբ մոտենալու անհրաժեշտությունը: Տեղեկացվեց նաեւ, որ ընդլայնվել են պահեստավորված գազի ծավալները, հասցնելով 110 մլն խմ-ի: Արտակարգ դեպքերի ժամանակ ամռանը դա կբավարարի 2 ամիս, իսկ ձմռանըՙ 20-25 օր: Գազի սպառման օրական ծավալները ամռանը 5 մլն խմ է, իսկ ձմռանը սպառումը հասնում է մինչեւ 9-10 մլն խմ-ի:
Ա. Մ.