«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ 60-ԱՄՅԱ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Շաբաթ օրն առավոտյան գեղարվեստի պետական ակադեմիայի մուտքի մոտ կտեղադրվի կրթօջախի առաջին ռեկտոր Արա Սարգսյանի հարթաքանդակը: Հայաստանի գեղարվեստի առաջին բարձրագույն հաստատությունը կյանքի կոչվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետոՙ 1945 թ., մեկ տարի առաջ բացվել էր թատերական ինստիտուտը: Այսօր այս փաստը կարող է զարմանք հարուցել: Պատերազմական երկարատեւ ու դաժան իրականության միջով անցնելուց հետո, տնտեսական ու սոցիալական կաթվածային վիճակների, սովի ու զրկանքների բեռը թոթափելու միջոցներից մեկը համարվել է, փաստորեն, հոգեւոր վերազարթոնքը եւ դրա լավագույն ձեւըՙ գեղարվեստը: Ասել է թեՙ հասարակությունը որոշել է անցնել արտթերապիայի: Բացի այդ, ազգային ինքնության մշակութային մեր բովանդակությունը պարտադրում էր գեղարվեստի բարձրագույն հաստատության հիմնում, որը նաեւ հնարավորություն կտար հայ երիտասարդներին Հայաստանում ստանալ գեղարվեստի կրթություն: Կրթօջախը սկզբնական շրջանում տեղակայվեց ներկայիս ժողովրդական արվեստի թանգարանի շենքում: Առաջին տարիներին ընդունելություն կատարվեց դիմորդների ունակությունների եւ մասնագիտական տվյալների հիման վրա: Հաստատության ակունքներում կանգնած հիմնադիրներըՙ հայ կերպարվեստի մեծ վարպետներ Մարտիրոս Սարյանը, Գաբրիել Գյուրջյանը, Արա Բեքարյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Հակոբ Կոջոյանն ուսումնառության մեջ ներմուծեցին ռուսական ու եվրոպական կերպարվեստի դասական ավանդույթներ ու մտածողություն, մասնագիտական վարպետություն ու գեղագիտական ճաշակ: Հետպատերազմյան տարիների առաջին շրջանավարտների մեջ էին հայ կերպարվեստի գույները հետագայում հարստացնող ու նոր որակ հաղորդող արվեստագետներ Ղուկաս Չուբարյանը, Գրիգոր Խանջյանը, Սարգիս Մուրադյանը, Մկրտիչ Սեդրակյանը, Անատոլի Պապայանը եւ շատ ուրիշներ:

1953 թ.-ին գեղարվեստի եւ թատերական ինստիտուտները միավորվեցին եւ շուրջ 40-ամյա համատեղ ճանապարհ անցան, իսկ 1994 թ.-ին տարանջատվեցին: 1997 թ.-ին բացվեցին Գյումրիի, 1999 թ.-ինՙ Դիլիջանի մասնաճյուղերը, ընդլայնվեցին առարկայական մասնագիտությունները, ուսումնական ծրագրերը: 2000 թ.-ից վերանվանված ակադեմիան երկուՙ կերպարվեստի ու դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի բաժիններով այժմ ունի շուրջ 900 ուսանող, այդ թվում 100-ից ավելին արտերկրիցՙ սփյուռքահայ եւ այլազգի:

Ակադեմիան պատրաստում է մասնագետներ գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի, կերպարվեստի պատմության եւ տեսության, դիզայնի, դեկորատիվ-կիրառական արվեստի, հագուստի մոդելավորման ասպարեզներում: Ժամանակի պահանջներին համահունչ 2001 թ.-ից բացվեց համակարգչային գեղարվեստական նախագծում բաժինը:

Ակադեմիայի կենսագրության մեջ նշանակալի իրողություն դարձավ Ալբեր եւ Թովե Բոյաջյան ցուցասրահի գոյությունըՙ ապահովելով ուսանողների, նաեւ դասախոսների եւ ոչ միայն նրանց, գեղարվեստական աշխատանքների ցուցադրությունըՙ ստեղծագործողի համար անհրաժեշտ պայմաններից մեկը:

1994 թվականից ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը երեկվա մամուլի ասուլիսում (ժուռնալիստի տանը) ներկայացրեց հաստատության 60-ամյա ընթացքի ընդհանուր պատկերը, ակադեմիայում ձեւավորված գեղարվեստական մտածողության ավանդույթները եւ այսօրվա վիճակը, որը ներկայիս հայ իրականության ֆոնին կենսունակ ու բարվոք է նկատվում, եթե հաշվի առնենք կրթության եւ մշակույթի հանդեպ մեր պետության վերաբերմունքըՙ ֆինանսավորման եւ արվեստը գնահատելու տեսանկյունից, մի բան, որ այսօր նվազագույնի սահմանին է: Այսուհանդերձ, ըստ Արամ Իսաբեկյանի, որեւէ դասախոս կրթօջախը չի լքել, ինչը նրանց նվիրվածության վկայությունն է, որի պատճառներից մեկը շնորհալի երիտասարդների գոյությունն է, առանց դրա աշխատանքն իմաստազրկվում է: Ռեկտորը վստահորեն հաստատեց, որ կոռուպցիան ակադեմիա մուտք չի գործել: Ուսման վարձերի զեղչման համակարգը տարածվում է սոցիալական համապատասխան խմբերի ուսանողների վրա, որոշ սփյուռքահայեր էլ ազատված են դրանից:

Հետագա աշխատանքով ապահովելու խնդիր այսօր որեւէ բարձրագույն հաստատություն չունի, այդ թվում նաեւ գեղարվեստի ակադեմիան, սակայն դասախոսների հետ ստեղծագործական համագործակցությունը շարունակվում է նաեւ ավարտելուց հետոՙ ցուցահանդեսների կազմակերպման եւ այլ հարցերով, իսկ առհասարակ շատ բան կախված է արվեստագետի տաղանդից: Ավելի շահեկանը երկարաժամկետ վարկերով ուսանողներին արվեստանոց տրամադրելուՙ ռեկտորի առաջարկության կյանքի կոչվելն է, իսկ առհասարակ նա կողմնակից է արվեստի բուհերի ուսուցման անվճար սկզբունքինՙ իհարկե, պետական հովանավորությամբ:

Հ. Գ.- Գեղակադեմիայի 60-ամյա հոբելյանական միջոցառումներին մասնակցել ցանկացողների համար հայտագիրը հետեւյալն էՙ առավոտյան Արա Սարգսյանի հարթաքանդակի բացման արարողություն, որին կհաջորդի ուսանողական ցուցահանդեսը Ալբեր եւ Թովե Բոյաջյան սրահում, հոբելյանական ցուցահանդես ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, ապա նույն վայրում ընդունելություն, ավարտինՙ համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4