«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ ՖԻԼՄԻ

«Իմ արժանապատվության համար դատն այսօր այստեղ էր: Իմ մեջ չկա թույն եւ ատելություն, չկա մի հայ, որին ատեմ: Ատելությունը ահավոր զգացմունք է, որը կարող է ավերել քո ներսը»: Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի այս խոսքերով երեկ ավարտվեց նրա «Քրմուհի» ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո «Իրավունք» թերթում հրապարակված «Հայկական պոռնոգրաֆիաՙ պատմական խեղաթյուրմամբ» նյութի հասարակական քննարկումը, ավելի ճիշտ կլինի ասել դատապարտումը: Նյութի վերնագիրն արդեն իսկ հուշում է հոդվածագիր Նանե Հովակիմյանիՙ ընթերցողի վրա սուր ներազդելով հասարակական կարծիք ձեւավորելու ձգտումը, ինչը հասկանալի պատճառով պիտի առաջացներ Չալդրանյանի անհատականությունն ու նրա կինոարվեստը գնահատող մարդկանց զայրույթը:

Խոսելու ցանկություն ունեցողների թիվը շատ մեծ էր, որովհետեւ նրանց մահու չափ հոգնեցրել է մտավորականների վրա ցեխ շպրտելուց հրճվանք ապրող մամուլը: Բանի տեղ դնել, թե՞ չդնել, զայրանալ, թե՞ քմծիծաղել, ինչպե՞ս վարվել, ի՞նչ անել: Ելույթ ունեցողներից ոմանք կողմնակից էին դեղին մամուլին արհամարհելուն, ինչպես օրինակ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, իսկ ոմանքՙ «կեղտոտ» հոդվածներ տպագրող խմբագիրներին դատի տալու, ինչպես օրինակ, Պուշկին Սերոբյանը, որը մեկ առ մեկ նշեց հիշյալ նյութում կինոբեմադրիչի հանդեպ եղած քրեորեն պատժելի մեղադրանքներըՙ վերնագրից սկսած: Հայկական կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի մեղմ ու զուսպ խոսքում անսահման ցավ կար, որովհետեւ ինքը չի պատկերացնում, թե բարոյական ինչ իրավունքով են նման հոդվածներ հրապարակվում այն արվեստագետների մասին, որոնց արվեստով հիանում ու զարմանում են արտասահմանում: Մամուլի օրգաններից մեկի նախկին զոհը դերասան Վարդան Պետրոսյանն էր: Ինչի՞ համար է այս ամենը, Հայաստանն առանց հայերի թողնելո՞ւ, վիրավոր սրտով մտավորականների թիվը արտերկրում մեծացնելո՞ւ, նոր սերնդին բարոյազրկելո՞ւ, մեր ձեռքով մեր մշակույթը թաղելո՞ւ եւ այլն, եւ այլն:

«Երբ մեր մտավորականների մասին ամենավատ բառերով հոդվածներ էին հրապարակվումՙ Գոհար Գասպարյանի, Տիգրան Լեւոնյանի, Սիլվա Կապուտիկյանի, Օհան Դուրյանի եւ այլոց մասին, ոչ մեկը ձայնը չէր բարձրացնում: Երբ թերթերից մեկում գրվում էր, թե մեր մտավորականներն իմպոտենտներ են, չգիտես ինչու, միայն ես էի ձայն հանում: Մենք չենք կարողանում միաբանվել մի երեւույթի առջեւ, որ այսօր բերում է բարոյականության անկում, որը կարող է ամենավատ հետեւանքներն ունենալ, որից կարող են ծնվել ամենամեծ չարիքները: Հավատացնում եմ ձեզ, երկրագնդի վրա այսօր չես գտնի մի երկիր, որտեղ մշակութային արժեք ստեղծող մարդը մեծագույն դժվարություններով արվեստի գործ ստեղծելովՙ պիտի պատրաստ լինի պատասխանելու կատաղած լրագրողների ոհմակին եւ ընդունելու հերյուրանքներ, կեղծ մեղադրանքներ: Այս ի՞նչ է կատարվում, ժողովուրդ», ասաց Վիգեն Չալդրանյանը:

«Ազգ» օրաթերթի աշխատակից Սերգեյ Գալոյանը շեշտեց, որ ֆիլմի մասին մեր թերթում տպագրվել է դրական հոդվածՙ գրված կինոգետի գրչով: Նա նկատեց նաեւ, որ վերջին ժամանակներս, չգիտես ինչու, հերյուրանքներ են տարածվում արվեստի եւ մշակույթի մեր գործիչների հասցեինՙ օրինակ բերելով վերջերս լույս տեսած ինչ-որ ակադեմիկոսի գիրքը:

«Իրավունքի» հոդվածագիրը ներկա չէր, թեպետ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը համոզված էր, որ դահլիճում ծպտյալ մեկն անպայման կլիներՙ նրան լուր տանելու համար: Ֆիլմի ընդդիմախոսի դերում «Արորդիների ուխտի քրմական խորհրդի» նախագահ Զոհրաբ Պետրոսյանն էր, որն, ըստ հոդվածագրի «զարմացած է Չալդրանյանի երեւակայությամբ, որովհետեւ վերջինս «ոչինչ չգիտի հայոց պատմությունից, կամ էլ անչափ հեռու է հայկական մտածողությունից ու գենետիկ որակներից»: Գուցե դա էր պատճառը, որ Պետրոսյանը քննարկման էր եկել Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» ձեռքին ու խոսում էր ֆիլմում հեթանոսական ծեսերի բացթողումների մասինՙ առանց ֆիլմը դիտելու: Այդպես նաեւ լրագրողը նյութ է գրումՙ առանց կինոարվեստից հասկանալու: Դիլետանտությունից ու պրոֆեսիոնալիզմի պակասից ծնված այսպիսի տհաճ միջադեպեր դեռ էլի կտեսնենք, քանի դեռ չկա դրանց դեմն առնող հասարակական մի կառույց:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4