«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ԲՌՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԲՈՂԲՈՋՆԵՐԸ

«Տասներկուամյա դպրոցը սուտ է, ֆիկցիա», ասում են ուսուցիչները

«Բարեփոխվող» դպրոցը ծանոթ գլխացավ է մեր հասարակության եւ հատկապես ուսուցիչ-աշակերտ-ծնող շրջանակների համար: Բայց երբ առիթ է լինում ուսումնասիրելու այդ գլխացավը, գիտակցում ենք, որ չարորակ ուռուցքի է նման, որ վերջնականապես քայքայելու է դպրոցական եղած պռատ համակարգը: Այս եզրակացությանն ենք գալիս հատկապես խոսելով մարզային դպրոցների ներկայացուցիչների հետ: Գորիսի թիվ 6 միջն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սեւադա Խոջաբաղյանի 30 տարվա աշխատանքային փորձը եւ սեւեռուն հայացքն այնքան դիպուկ են արձանագրում իրավիճակը, որ մեզ մնում է միայն մեջբերել ուսուցչի խոսքը մասնակի կրճատումներով. «Դեռ մեկ-երկու ամիսը ամբողջովին զգալ չի տալիս, սակայն շուտով բարեփոխման հեղինակները կհամոզվեն, որ բարեփոխում անվանած փոփոխությունները համաձայնեցված չէին դպրոցական եղած համակարգին: Փոփոխում են չիմանալով, թե ինչ են անում: Մինչդեռ եթե հանրակրթության մեջ իսկական փոփոխություններ էին ուզում կատարել, պետք է սկսեին միջին դպրոցից, որովհետեւ այնտեղ է, որ առարկաները չափազանց շատ են եւ բարդ: Նույնիսկ ծնողները չեն հասկանում դասագրքի բովանդակությունը, որ երեխային բացատրեն: Այնտե՛ղ պետք է մեկ տարի ավելացվեր, իսկ միջնակարգ դպրոցի դասարանների թիվը պահեին նույնը: Ասում են, որ բարձր դասարաններում հոսքերով դասարաններ են լինելու, սակայն կրթակարգում կարդում ենք, որ հումանիտար հոսքի 12-րդ դասարանցին նորից մաթեմատիկա է անցնելու, այն էլ անալի՛զ, որը նրան հարյուր տարի պետք չի լինելու: Ասացեք խնդրեմ, այս երկրում որեւէ անգամ ազատ ընտրություններ եղե՞լ են, բայց միշտ խաբում են, թե եղել է: Եթե մենք շատ հարցերում ենք խաբում համաշխարհային հասարակությանը, կրթության հարցում էլ խաբեին, էլի՛, գոնե այդ ստի շնորհիվ մեր երեխաների կրթության հարցը սպառնալիքի տակ չէր լինի: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Ոչ ոք չի կարող ժխտել, որ բարձր դասարանցին այսօր ուսուցիչներիս թելադրում է իր պայմանները, ասելով` ես ընդունելության քննությունների եմ պատրաստվում, եւ դուք իրավունք չունեք ինձ խանգարելու: Երբ տասներորդցին գնում է մաթեմատիկայի խորացված պարապմունքների եւ ասում է, որ իրեն պատմություն պետք չէ, ճիշտ է ասում: Նա պետք է պատմության պարտադիր չափաբաժինը ուսումնասիրած լիներ դեռ միջին դպրոցում: Միջի՛ն դպրոցը պետք է ապահովի հանրակրթությունը, որից հետո իրապես, իսկական հոսքեր պետք է լինեն, ոչ թե հումանիտար հոսքում նորից հանրահաշիվ, անալիզ անցնի աշակերտը: Դասի ժամանակ ես խղճում եմ իմ առարկայի կարիքը չունեցող աշակերտին, նա էլ` ինձ: Սրանից էլ գնահատականի ձեւականությունը: Ես տասներորդ դասարանում, այնուամենայնիվ, թողնում եմ վերաքննության նրանց, ովքեր անտեսել են հանրահաշիվը, բայց վերջում երեքը նշանակում եմ: Եվ ցավն այն է, որ մենք սկսում ենք խաբել միմյանց: Տասներկուամյա համակարգը սուտ է, ֆիկցիա, 12-րդ դասարանում մեր երեխաները չեն իմանալու ինչ անեն: «Ուսուցիչ» թերթում այս ամենի մասին երկու հոդված եմ գրել, բայց ո՞ւմ դարդն է կտրվել պատասխանի: Այս մասին խոսեցի նաեւ Երեւանում, ինձ պատասխանեցին` անիվն արդեն սկսել է պտտվել: Բայց այդ անիվը երեխաների ուսման հաշվին է պտտվում եւ այն հսկայական միջոցների հաշվին, որ փոշիացան այս աղքատ երկրում»:

Ս. Խոջաբաղյանի հետ «Ազգի» հանդիպումը տեղի ունեցավ Գորիսի Ուսուցչի տանը, ուր հանդիպման էին եկել նաեւ դպրոցականներ, ծնողներ եւ մանկավարժներ: Նրանցից Ա. Բակունցի անվան դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Շահնազարյանն անկեղծորեն հարցնում է. «Արդյոք Հայաստանում կա՞ն դպրոցներ, որտեղ պայմանները համապատասխանում են կրտսեր առաջին դասարանցիների տարիքային առանձնահատկություններին: Նրանց օրվա, քնելու ռեժիմը, խաղասենյակների, ննջարանների առկայությունը, նրանց համապատասխան սանհիգիենիկ պայմանները ապահովա՞ծ են: Հարց է նաեւ այն հանգամանքը, որ խորհրդային դպրոցում թրծված շատ մանկավարժներ չեն ընդունում նոր մեթոդների ներմուծումը: Այնուամենայնիվ, կարծում եմ` ուրեմն պե՛տք է, որ արել են»: Թե ո՞ւմ է պետք, փոխտնօրենը չասաց:

«Փերի» մանկական թերթի խմբագիր Էլմիրա Բալասանյանն էլ պատմում է, որ Խնածախում վեցամյա երեխան ամբողջ երկու ժամ մնացել է դրսում, որովհետեւ շենքից դուրս գտնվող պետքարանից չի հասցրել օգտվել եւ ուղղակի տակն է արել: Հիրավի հարց է հնչում` սա՞ է կոչվում բարեփոխում: Այս առթիվ Ս. Խոջաբաղյանն իր անտեսված կամ ուշացած առաջարկն է բարձրաձայնում. «Վեցամյակների կրթությունը կարելի էր իրականացնել մանկապարտեզի ավագ խմբերում` հավելելով դաստիարակների թիվը կամ նոր որակի մասնագետներով փոխարինելով նրանց: Այլապես մանկապարտեզների սենյակները դատարկեցին, երեխաներին բերեցին դպրոց: Դեռ Գորիսի դպրոցներում ինչ-ինչ հարմարություններ կան, ի՞նչ վիճակ է գյուղերի դպրոցներում: Եթե Եվրոպան պահանջում է, կարելի էր պատճառաբանել շենքային պայմանները եւ արդեն իսկ առկա հարմարավետությունները մանկապարտեզի բարձր խմբերում, վերջապես զանգի ժամանակը, որ մեծերի համար հնչում է 45 րոպեն մեկ, իսկ վեցամյակների համար` 30 րոպեն մեկ»: Քննարկումն այնքան մանրազնին վերլուծեց դպրոցական բերմուդյան եռանկյունին, որ նրա միայն մեկ բաժնի եզրակացությունն է. «Ամոթ է, որ վեց տարեկան երեխան լացելով է գնում դպրոց»:

Քննարկման մասնակիցներին ուղղվեց «Ազգի» հարցը. «Ինչո՞ւ նախապես, մինչ բարեփոխումների իրականացումը չէիք բարձրաձայնում ձեր անհամաձայնությունները»: Ուսուցիչներից մեկը ցածր ձայնով ականջիս պատասխանեց. «Ծեն հանեմ, վեր թեւաս փռնի օպտիմալացնի՞ ինձ», ապա խնդրեց չնշել իր անունը, «որ հանկարծ չօպտիմալացվի»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Գորիս-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4