Նկարում երբեմնի մանկության ընկերներ են` Արմենը եւ Աշոտը: Ծանոթները Արմենին (նկարում` ձախից) նկարագրում են շատ բարի ու համեստ մարդու, իսկ Աշոտին (նկարում` աջից)` արդարամիտ ու դյուրագրգիռ: Իրականում նրանք երկուսն էլ մարդ են սպանել, Աշոտը` քսանամյա տարիքում կրակել է մի մարդու բերանի մեջ, ով փորձել է նրան դիտողություն անել սեփական հորը անարգելու համար: Արմենն ավելի ուշ նստեց մեղադրյալի աթոռին. նա արդեն երեսունինը տարեկան էր եւ զբաղեցնում էր Նոր Հաճընի քաղաքապետի պաշտոնը: Նա սպանեց ընկերոջը` նկարից ինքնավստահ ծիծաղող Աշոտին:
Իրենց ողջ կյանքում նրանք ապրել են Նոր Հաճըն քաղաքում մինչեւ այն պահը, երբ «ոչնչացրին միմյանց ֆիզիկապես եւ հոգեպես»: Այսպես արտահայտվում են հաճընցիները, որոնք հնարավորինս խուսափում են «Ազգի» հարցերից, որպեսզի չհիշեն մոտ մի տարի առաջ կատարված եղերական սպանությունը:
2005 թվականի սեպտեմբերի 24-ին Արմենը ատրճանակի 14 փամփուշտ պարպեց Աշոտի վրա, որ հանդգնել էր ոչ միայն ապօրինի շինարարություն սկսել Նոր Հաճընում, այլեւ մոտ մեկ տարի շարունակ, պարբերաբար վիրավորել, ծեծել, սպառնացել ու հայհոյել էր իր մանկության ընկեր քաղաքապետին: Մանկության ընկերները դարձել էին մահացու թշնամիներ այն աստիճանի, որ Աշոտը պարբերաբար սպառնացել էր «կամ ես եմ քեզ խփելու, կամ դու` ինձ»: Ասում են, թե Աշոտը ոչ միայն թմրամոլ, այլեւ զարհուրելի երեւակայություն է ունեցել եւ խոստացել է Արմենին սպանել եւ ամեն երեկո միզել նրա գերեզմանին:
Հաճընցիների հետ մեր զրույցները, ինչպես նաեւ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը հաստատում է այդ ամենի իսկությունը եւ այն էլ ոչ թե սովորական մի պահակի, այլեւ Նոր Հաճընի քաղաքապետ Արմեն Քեշիշյանի նկատմամբ:
Աշոտ Մխիթարյանը «Արզնի» էլցանցի պետն էր, որ չէր ներում քաղաքապետ դարձած ընկերոջը իրեն դավաճանելու համար: Ճիշտ է, Արմենի մայրը` տիկին Վերան Աշոտի արարքները համարում է նախանձի հետեւանք, բայց ինչո՞ւ է քաղաքապետին տրվող լուտանքների մեջ նշվում «դավաճան» որակավորումը: Քաղաքապետի կրակոցներից զոհված Աշոտ Մխիթարյանի մայրն այդ առթիվ ունի իր մեկնաբանությունը: «Աշոտն ու Արմենը պետք է ընտրեին մի պատգամավորի (ազգանունը լավ չի հիշում.-Ս. Մ.): Հետո Արմենը միտքը փոխել է, չնայած այդ մարդուց փողը վերցրել էր: Արմենի այլ մարդու օգտին քվեարկելու մասին իմանալով, Աշոտը ապտակել էր Արմենին»:
Գալով քաղաքապետ Արմեն Քեշիշյանին, հետեւություն ենք անում` անգամ իրավաբանական կրթություն ունեցող պետական պաշտոնյան գերադասում է հանդուրժել հայհոյանքն ու շանտաժը, խմել հոգեմետ դեղեր ու քրտնել-դողալով դիմանալ, քան իր հետ կատարվածի մասին դիմել դատախազություն: Իսկ երբ դանակը հասնում է ոսկորին, եւ քաղաքապետը դուրս է գալիս ինքնատիրապետման հունից, նա ոչ թե դիմում է իրավապահներին, այլ գործում է «սամասուդի» սկզբունքներով` նախկին ընկերոջ մարմնի մեջ թողնելով վեց փամփուշտ: Մինչդեռ քաղաքապետի ընտրություններին հաշված օրեր էին մնացել:
Պատմությունը շարունակում է ծավալվել «սիցիլիական» սցենարով, երբ հաճընցիներն արդեն ձերբակալված, փաստորեն, մարդասպան նախկին քաղաքապետին վերընտրում են նույն պաշտոնում, հասարակական դատավարությունն հօգուտ մարդասպանի լուծելով: Սակայն այստեղ է որ պետական ու հասարակական ատյանները մի փոքր տարբերվում են, քանի որ երեկ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ա. Սիսակյան) որոշեց երեքուկես տարվա ազատազրկման ենթարկել Արմեն Քեշիշյանին, որ գրեթե նույնն է, ինչ ներում շնորհելը: Իր որոշումը դատավոր Ա. Սիսակյանը մեկնաբանում է հանցավորի աֆեկտային վիճակով, որ հաստատել է դատաբժշկական հանրապետական կենտրոնի փորձագիտական հանձնաժողովը: Ի դեպ, նույն այդ փորձաքննության մասին խոսելով զոհի` Աշոտ Մխիթարյանի մայրը «լսել է», թե այն գնվել է կաշառքով: Իսկ դատարանի որոշումը տիկին Գոհարի մոտ հարց է առաջացնում. «Փոքր տղայիս բջջային հեռախոս վերցնելու համար երկուսուկես տարի են տվել, իսկ մարդասպանին երեքուկես տարի՞, այսքան էլ անարդար երկի՞ր»:
Երեկ դատարանի որոշման հրապարակումից հետո «Ազգը» հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու դատավոր Ա. Սիսակյանին:
Ա. Ս. - Գործել է տղայական մոտեցումը, մինչդեռ եթե քաղաքապետը ելներ իր պաշտոնական դիրքից եւ իր իրավագիտակցությունից, վերջին հաշվով նա իրավաբան է, հնարավոր է, որ այս դեպքը տեղի չունենար: Ընդհանուր ընկերները նույնպես կարող էին կանխարգելել իրադարձությունների զարգացումը, բայց, թերեւս նրանք չեն էլ պատկերացրել, որ հարաբերություններն այս աստիճան կարող էին սրվել:
«Ազգ»-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ քաղաքապետը ցածր մակարդակի իրավագիտակցություն է ունեցել:
Ա. Ս.-Ես այդպես չեմ կարող ասել, որովհետեւ, լինելով դատավոր, դատախազ, քննիչ, պաշտոնատար անձ, ոչ մեկս չենք դադարում հայ լինելուց եւ չգիտենք, թե նման պարագայում, աստված մի արասցե, մենք ինչպես կվարվեինք: Գուցե դա մի քիչ պրիմիտիվ ու միամիտ է հնչում, բայց ես կարծում եմ, որ նման իրադրության մեջ շատ-շատերն այդպես կվարվեին:
Դատավորի կարծիքն են կիսում նաեւ մեզ հանդիպած հաճընցիները: Քսանամյա Գոհար Կակոսյանը գտնում է, որ Ա. Քեշիշյանի մարդասպանությունը նրա անձնական գործն է, ինքը վերընտրել է նրան, որպես Նոր Հաճընը բարեկարգած եւ բարեխիղճ պաշտոնյայի: Իսկ մեզ քաղաք տեղափոխող վարորդն էլ նշեց, որ հասարակությունն իր կարծիքը եղածի մասին արտահայտել է ձերբակալված Ա. Քեշիշյանին քաղաքապետի պաշտոնում վերընտրելով: «Դա է մեր գնահատականը», վստահորեն ասաց նա:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ