«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2006-10-26 | #205, 2006-10-27 | #206, 2006-10-28


«ԱՄԵՐԻԿԱՆԻԶՄԻ ԱՂԲԻ» ԵՎ «ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՊՈԳԻ» ԱՐԱՆՔՈՒՄ

Մեր ազգային եւ քաղաքական արժանապատվության դրսեւորման ձեւերը բնավ դուր չեն գալիս Ազգային ժողովի պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանինՙ «Ինքնանսեմացման շատ հիվանդագին դրսեւորումներ են լինում. շատ ենք բարձրաձայնում մեր թուլությունների մասին, իսկ ուժեղ լինելու մասին բնավ չենք խոսում: Չեմ կարող հանդուրժել, որ մեզ Լեոպոլդ կատվի հետ համեմատեն, կամ «ֆորպոստ» ասեն, բայց ասողներից չեմ նեղանում, այլ մեզանից: Մեզ չեն հաղթել, մենք ենք պարտվել»: «Փաստարկ» ակումբում երեկ նա նախընտրեց մտավորականի իր խոսքն ասել մեր այլասիրության, ստրկամտության, ինքնանվաստացման եւ այլ հարցերի մասին: Առաջինի ամենավերջին ու վառ դրսեւորումը Ֆրանսիայի խորհրդարանի հայտնի որոշումից հետո հայերիս չափից ավելի ֆրանսասեր դառնալն էր, բոլորը սիրահարված են Ֆրանսիային, մինչդեռ Պետրոսյանը համոզված է, որ «եթե Ֆրանսիային այդ որոշումը պետք չլիներ, չէր ընդունի»:

Արդի աշխարհաքաղաքական արագընթաց զարգացումներում նա վտանգավոր է համարում քաղաքական որոշումներին զգացմունքային ու հուզական մոտեցումները. «Մենք պետք է սթափ գնահատենք մեր հանդեպ արված քաղաքական քայլերը, այլ ոչ ստրուկի հոգեբանությամբ ընկնենք սրա կամ նրա ոտքերի տակՙ առաջին հերթին Ռուսաստանի»: Մեծ եղբոր հովանու տակ ապրելու խորհրդային տարիներից մեր մեջ արմատացած բարդույթից կազատվենք մեկ սերունդ անց, վերջնականապես կհասկանանք, որ «մեծ եղբայրներ չունենք: Դա բնավ չի նշանակում նսեմացնել մեծ Ռուսիային, որն այժմ երիտասարդ կայսրություն է, որի հետ ունենք քաղաքական շահեր: Ռուսաստանի համար մենք հանգրվան ենք այս տարածաշրջանում իր ճանապարհը հարթելու համար: Դա պետք է գիտակցենք առանց չափազանցությունների: Մենք կարեւոր հանգրվան ենք նույնիսկ Չինաստանի համար: Սա նշանակում է, որ ինքնահարգանքի զգացողությունը մեր մեջ պիտի ուժեղացնենք, ոչ թե ասենքՙ մեր մեծ եղբայր Ռուսաստան, առանց որի մենք կմեռնենք»: Իսկ ասողներն իրեն ծանոթ մարդիկ են, մտավորական, խելքը գլխին մարդիկ, որոնք առ այսօր Պուտինին ընկալում են որպես իրենց նախագահ:

Հարեւանների, մասնավորապես Վրաստանի հետ մեր հարաբերություններում նա նկատում է այդ բարդույթներից ազատվելու նախանշաններՙ այլեւս չենք մտածում Մոսկվայի սեղմած կոճակներով, չենք գործում նրա կարգադրություններով:

Ղարաբաղյան պատերազմից հետո ազատվել ենք նաեւ դարերով մեր մեջ նստած սպանվելու, ոչնչանալու վախից, սակայն, ըստ Պետրոսյանի, «մեր ագրեսիվ ժամանակներում պարտավոր ենք միշտ զգուշավոր լինել»:

Այսօրվա գերտերությունները երկակի չափանիշներ են գործի դնում, Ռուսաստանն ու Մ. Նահանգները գրեթե նույն քաղաքականությունն են վարում, հետեւաբար «որեւէ պետության գիրկն ընկնելուց առաջ պետք է մտածենք, ո՞ւր ենք ընկնում: Մեզ կուտեն, եթե լրիվ տրվենք: Ինչպե՞ս անենք, որ մեզ չուտեն»:

«Ամերիկանիզմի աղբից» ինքը պաշտպանվում է ռուսական մշակույթով, իսկ «ռուսական սապոգից»ՙ արեւմտյան արժեքներով, եւ կարծում է, որ կենսունակ համարվող հայերս աշխարհում դեռեւս գոյություն ունեցող հատուկենտ դասական ժողովուրդներից ենք, որի արյունը պահպանվել է:

Այդ առումով Եվրոպան այսօր լուրջ խնդիրներ ունի, որոնցով էլ թելադրված է նրա ճկուն քաղաքականությունը: «Ինքը մեզ բարձրացնում էՙ բարձրանալու համար: Դրա համար շնորհակալ ենք, բայց մենք ոչ մեկի ստրուկը չենք: Ամեն մի երկրից պիտի քաղենք լավագույնը»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4