Հրաժեշտից առաջ ասաց Ռոջեր Ռոբինսոնը
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) երրորդ ծրագիրըՙ 25 մլն դոլար արժողությամբ: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց իր պաշտոնավարման վերջին օրերը Հայաստանում անցկացնող ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Ծրագրի նպատակն է աղքատ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ու տեղական մարմինների ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցելը:
Հեռավոր եւ մեկուսացված գյուղերի դպրոցների, պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների վերանորոգում կամ ստեղծում, խմելու ջրի խնդրի կարգավորում եւ այլն: Այսՙ հեռավոր գյուղերում առաջնահերթ համարվող հարցերի լուծմանն է նպաստելու նոր վարկային ծրագիրը: Փաստորեն, ՀՍՆՀ երրորդ ծրագրի երկու բաղադրիչներից առաջինը օժանդակելու է համայնքային ներդրումներինՙ հիմնական սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման փոքրածավալ ծրագրերի տեսքով: Երկրորդ բաղադրիչով նախատեսվում է աջակցել տեղական իշխանություններինՙ բարելավելու ֆինանսական կառավարումը: «Համայնքները պետք է ավելի շատ պատասխանատու լինեն, թե ինչպես են ծախսվելու համայնքային եւ բյուջետային միջոցները», ընդգծեց Ռոջեր Ռոբինսոնը:
ՀԲ ներկայացուցիչը նաեւ հայտնեց, որ ի տարբերություն նախկինում Հայաստանին տրվող արտոնյալ վարկերի, այս վարկը լինելու է ավելի խստացված պայմաններով: Այն ունենալու է 20 տարի մարման ժամկետ, նախկինում տրվող 40 տարվա փոխարեն, իսկ առաջին 10 տարին լինելու է մարման արտոնյալ ժամկետը: Վարկային պայմանների որոշակի խստացումը պայմանավորված է Հայաստանում 1 շնչին ընկնող եկամուտների աճով: Այն այժմ կազմում է 1500 դոլար, մինչդեռ 4 տարի առաջ այդ ցուցանիշը 740 դոլար էր: Հայաստանը անցում է կատարել «ցածր միջին եկամտաբերությամբ» երկրների շարքը: Ռոջեր Ռոբինսոնը կարծիք հայտնեց, որ առաջիկա երկու տարիներին եւս Հայաստանին տրվող վարկերը կլինեն որոշակի խստացված պայմաններով, իսկ 2009 թ.-ից դրանք կլինեն ավելի խիստ պայմաններով: Սակայն այդ անցումը, ըստ նրա, պետք է շատ զգույշ կատարվի:
«Ազգի» հարցը Ռոջեր Ռոբինսոնին հետեւյալն էր. «Համաշխարհային բանկի «Բիզնես 2007. բարեփոխումների ճանապարհին» զեկույցում, որը ներկայացվեց նաեւ Հայաստանի կառավարությանը, նշվում էր մի շարք, մասնավորապես հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ն է եղել Հայաստանի կառավարության մոտեցումը այդ զեկույցի վերաբերյալ»: ՀԲ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը, պատասխանելով այս հարցին, հավաստեց, որ Հայաստանի կառավարությունում ուսումնասիրության արդյունքները քննարկվել են: Հայաստանի խնդիրն այն է եղել, որ հարկային եւ մաքսային ոլորտներում 2005 թ.-ին բարեփոխումները կանգ էին առել, եւ անգամ հետընթաց էր նկատվել: Աղքատության հաղթահարման եւ տնտեսական աճի աջակցության երրորդ վարկային ծրագրում շեշտադրում կա մաքսային եւ մասամբ նաեւ հարկային ոլորտի խնդիրների վրա: Այդ շեշտադրումը կպահպանվի նաեւ չորրորդ վարկային ծրագրում: Այդ զեկույցի առաջին արդյունքներն, ըստ Ռոջեր Ռոբինսոնի, երեւացել են վերջին շաբաթների ընթացքում: Մասնավորապես Արարատյան մաքսատանը ներդրվել է տվյալների մուտքագրման էլեկտրոնային համակարգ, որը «մեծ առաջընթաց է մաքսային բարեփոխումների մեջ»: Հարկային համակարգին ՀԲ-ն կօգնի ներդնելու ինքնահայտարարագրման համակարգը, ստուգումների անցկացման, խոշոր հարկատուների վարչության աշխատանքների բարելավմանը:
Մաքսային կառույցը, Ռոջեր Ռոբինսոնի կարծիքով, դժվար կառույց է: Այդ կառույցի ներկայացուցիչների հետ ՀԲ քննարկումների ժամանակ նրանք բարեփոխումների առնչությամբ մտահոգություն էին հայտնել, որ այդ դեպքում մուտքերը կարող են նվազել: Սակայն բանկի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ձեռք բերված համաձայնությունները մաքսային կոմիտեի հետ իրականացվել են:
Խոսելով Հայաստանի տնտեսական ցուցանիշների մասին, ՀԲ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը նշեց, որ չի կարծում, թե յուրաքանչյուր 4 տարվա համար կարելի է կանխատեսել երկնիշ տնտեսական աճ: «2008-2009 թթ. աճը երկնիշ չի լինի», տեսակետ հայտնեց Ռոջեր Ռոբինսոնը, ավելացնելով, սակայն, որ պայմաններ չի տեսնում, որպեսզի աճը չպահպանվի: Նա միաժամանակ նշելով, որ արտահանումն այս տարի բավականին անկում է արձանագրել, տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկն ու կառավարությունը առաջիկա ամիսներին պատրաստվում են ուսումնասիրել արտաքին առեւտրում ստեղծված իրավիճակը:
Իրան-Հայաստան գազատարի վաճառքի վերաբերյալ որեւէ համաձայնագիր Ռոջեր Ռոբինսոնը չի տեսել, բայց նրա շահագործման աշխատանքներում ենթադրում է, որ ներգրավված կլինի «Հայռուսգազարդը»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ