«Ամեն երեխայի համար առանձին գիրք պետք է ստեղծել»
Հողի, հայրենիքի սուր կամ թանկ զգացողությունը բնածին շնորհ է: Դաստիարակություն, միջավայր. որոշակիորեն իրենց դերն ունեն, սակայն միանգամայն այլ բան է հայրենիքի հանդեպ գիտակից ապրումը, որ մարդ ունենում կամ չի ունենում. խոսքը պարտք-պարտականության մասին չէ, այլ հոգեւոր այն կապի, որ կարող է ունենալ ասենք նյույորքաբնակ մի հայ Հայաստանի հետ ու անդրօվկիանոսյան ափերին իր հոգու ափաչափ հայրենիքը ծովածավալ ապրումի վերածի այնպես, որ շատ ու շատ օտարացած սրտերի մեջ կարողանա արձագանքել տալ «վերադարձ արմատներին» շարժման կանչը:
Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանը ծնվել ու դաստիարակվել է սփյուռքահայ մի գերդաստանում, ուր ազգային կյանքի` հոգեւոր, մշակութային բոլոր իրողությունների հանդեպ պահպանված էր արթուն վերաբերմունքը` ճանաչել, իմանալ ու սիրել հայրենի պատմությունը, ավանդույթները, կրոնը, երկիրը. «Հայաստանը մեր երկիրն է, այնտեղ ապրողները մեր քույրերն ու եղբայրները», հոր` հայտնի երգիծաբան, լրագրող Միհրան Տեր-Ստեփանյանի («Խելոք Դավիթ» գրական կեղծանվամբ) այս խոսքերը ուղեկից են եղել նրան դեռ մանկուց. այդպես էլ ընդունեց նա դրանք իբրեւ իրողություն, ու երբ բավական ուշ ավագ քրոջ` Իրմայի հետ 2002-ին Հայաստան եկավ, բնավ անծանոթ երկիր չգտավ եւ օտարոտի չնայեց շուրջը` ու չասաց, թե «վարժված չենք տակավին», նրան ոչ միայն ծանոթ, այլեւ սիրելի ու հարազատ էր այս ժողովուրդը, նրա պատմությունն ու ներկան, սովորույթներն ու բարքերը: Այս զգացողություն-վերաբերմունքը հայրենիքի սիրո հպարտության, որ քիչ է համարել վարակիչ կամ օրինակելի, ժառանգելի չի կարող լինել միայն արյամբ կամ ներարկված դաստիարակությամբ, արմատները ձգվում են շատ ավելի հեռու` սա ազգային գենի կանչն է, ինքնությանը արժանավայել տեր կանգնող հայ կնոջ առաքինությունը, որ ակամայից միտքդ տեղափոխում է «Հայոց աշխարհի փափկասուն կանանց» 5-րդ դարի խորքերը: Իսկ այսօրվա լեզվով` այս գիտակցումն ասես յուրահատուկ մարտահրավեր է դարի, համաշխարհայնացման անիմանալիություն տանող շարժումներին:
Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանը մի զարմանալի ինքնամոռացումով ու շատ երկար կարող է խոսել միայն դասագրքերի մասին, այնպիսի գորովանքով, ինչպես երեխաների, որոնց նա պարզապես պաշտում է. Արա-Մարալՙ հայ այս երկու մանուկները նրա կյանքի էությունն են` մխրճված օրերի գործունեության ամեն շերտի մեջ: Այս ուղղությամբ նրա հետաքրքրությունները զարմանալի բազմազան ու բովանդակային են, հորինել ամեն-ամեն ինչ` նպաստելու օտարության մեջ նոր սերնդի հայապահպանմանը: Դրա ամենագործուն վկայություններից մեկը Նյու Յորքում իր հիմնադրած հայ դպրության կրթության եւ մշակույթի կենտրոնն է` սեղմ, բայց բազմաբովանդակ գիտաժողովներով` հայերենին, հայոց պատմությանը, կրոնին վերաբերող, նաեւ ուսուցիչների կատարելագործման խտացյալ դասընթացները` կրթական նոր մեթոդներին ծանոթացնելու նպատակով:
Հայապահպան ամրոցներից ամենահիմնականը Սիլվայի ջանքերով ստեղծված Խրիմյան ճեմարանն է եւ իր հեղինակությամբ ուսուցողական բնույթի բազում եւ «Արա-Մարալ» դասագրքերի շարքը, որոնց մեթոդաբանական հիմքը աշակերտի հանդեպ անհատական մոտեցման սկզբունքից է ելնում. «Ամեն երեխայի համար մեկ գիրք պետք է ստեղծել խորքին մեջ, ատոր համար զանազանություն կմտցնեմ, ձեւերու տարբերություններ»: Դասագրքերի ամենապարզ թեմաներն անգամ կազմված են երեխային ընդհանուր գիտելիք մատուցելու անհրաժեշտությամբ: Առաջին դասագիրքը նախատեսված է երեք տարեկանների համար` տառաճանաչությունը սովորեցնում է պատկերի եւ լսողության միջոցով: Միաժամանակ դասագրքերը ծանոթացնում են ընտանիք, միջավայր, մարդկային պարզ հարաբերություններ հասկացողություններին, քայլ առ քայլ ձեւավորելով նաեւ երեխայի ազգային նկարագիրը` հայ հոգեւոր եւ մշակութային, անցյալի պատմության եւ այսօրվա կարեւոր իրողությունների թեմատիկ ընտրությամբ (եկեղեցի, ազգային եւ հոգեւոր տոներ, հերոսներ, թագավորներ)` նպատակ ունենալով ոչ միայն գիտելիքի հաղորդումը, նաեւ մարդու հոգեկերտվածքի ձեւավորումը դեռ մանկուց, քրիստոնեական եւ ազգային արժեքների գիտակցության ներարկումով: Ե՛վ դասավարժությունները, ե՛ւ ուսուցման մեթոդները մշակված են եւ հանգամանորեն հաշվի են առնված երեխայի տարիքային, ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, նաեւ ընտանեկան, միջավայրային պատրաստվածությունը` այսպես ասած «հայկականության աստիճանը»:
Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի 7-8 տասնյակից ավելի դասագրքերից յուրաքանչյուրը կազմված է ուրույն մոտեցումով: Երեւույթների, իրերի ընդհանուր պատկերացումները դասագրքից դասագիրք խորանում, ընդլայնում են երեխայի մտահորիզոնը: Խոսելավարժությունների, գրելավարժությունների, խաղերի, երգերի միջոցով զարգացնելով երեխայի ունակությունները, հասցնում է նրան տառաճանաչության եւ ընթերցանության մակարդակի: Դասագրքերի զանազանությունը եւ դասընթացի ինտերակտիվությունը` ուսուցչի եւ աշակերտի միջեւ կապը համարում է լավագույն ձեւ, իսկ ավելի ուշագրավը ուսուցչի անհատական մոտեցումն է յուրաքանչյուր աշակերտի կարողություններին. առաջադիմություն ցուցաբերած աշակերտին հանձնարարվում է լրացուցիչ դասագիրք: Մշակված է այնպիսի համակարգ, որի շնորհիվ յուրաքանչյուր մանկավարժ դյուրությամբ հաղթահարել կարողանա ուսուցման ամենից բարդ` տառաճանաչությունից ընթերցանության շրջանը. դասը սովորելու պրոցեսն ավարտել դասարանում, հնարավորինս կարճ ժամանակաընթացքում, նախ` հետաքրքրություն արթնացնել, ապա հարց ու պատասխանի միջոցով ամրապնդել ուսուցվող նյութը: Սիլվա Տեր-Ստեփանյանը առաջարկում է ուսուցման մեթոդի օրինակելի եւ արդյունավետ ձեւեր: Այս փորձը կարելի է կիրառել նաեւ հայաստանյան կրթարաններում:
Աշխարհագրական երգարան Հայաստանի մասին
Հարյուրից ավելի իր դասագրքերից, մեթոդական ձեռնարկներից, ուղեցույցներից մեր ուշադրությունը գրավեց այս յուրահատուկ երգարանը` ձոնված Հայաստանին:
«Երեք տարեկան էի, մայրս ձեռքս բռնած ֆրանսական դպրոց ինձի տարավ: Երբ դասարան մտանք, մայրապետը երգելով Ֆրանսայի քարտեզը կսորվեցներ: Մայրիկիս ձեռքը թողնելը եւ մայրապետի փեշը բռնելս մեկ եղավ», հիշողության սեփական փորձառությունն է թերեւս, որ ուսուցման նրա որդեգրած մեթոդի մեջ ամրակայել է երեխայի մեջ չափածո, կարճ տեքստերի միջոցով աշխարհաճանաչողության սաղմերը դնել, եւ հիմնականում անել դա երգ-երաժշտության ճանապարհով:
Այս մոտեցմամբ է Նյու Յորքում լույս տեսել մեծադիր, պատկերազարդ նրա հեղինակած «Հայը եւ իր հայրենիքը» երգարանըՙ 46 ինքնագիր ոտանավորներով եւ դրանցով ստեղծված երգերով ու նոտագրությամբ: Աշխարհագրական այս յուրահատուկ երգարանը հայ երեխայի հեռակա հանդիպումն է Հայաստանի հետ. երգի, պարի, նկարների, խաղերի միջոցով տրված է հայրենի երկրի նկարագիրը: Աշխարհագրության դասը վերածվում է մեկօրյա շրջապտույտի Հայաստանում: Իր մոլորակի փոքրիկ հերոսները` Արա - Մարալը, Հայաստան ոտք են դնում հայերենի ու պատմության իմացությամբ: Մայր աթոռ Սբ. Էջմիածինը բացում է հոգու հայրենական դարպասները, ապաՙ Արարատըՙ հայ կայնքի հավերժության, բաղձանքի, հավաքականության խորհուրդը կրող լեռը: Չափածո փոքրիկ տեքստերն ընդգրկում են Հայոց աշխարհի բոլոր երեւույթներն ու իրողությունները. հայրենի բնաշխարհ, քար ու հող, լեռ ու գետ, բույս ու թռչուն, գյուղ ու քաղաք, մշակույթ ու կրոն:
Հեղինակին հաջողվել է իրացնել եւ իրականացնել փայփայած գաղափարըՙ հերոսականության եւ հաղթականության ոգի, ազգային արժանապատվության ու հպարտության զգացում ներարկել ամենափոքր տարիքից, օտարության մեջ հային փոխանցել մտավոր այնպիսի կարողություն եւ հոգեբանական վիճակներ, որ կյանքային ամենատարբեր հանգամանքներում նրան ներդաշնակությունը պահպանելու հնարավորություն տա երկուՙ ամերիկյան եւ հայկական իրականությունների մեջ: Սրտացավության եւ առ հայրենին ունեցած հոգեւոր տուրք է սա, առ Հայաստան ունեցած սիրո առհավատչյա:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ