«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2006-10-26 | #205, 2006-10-27 | #206, 2006-10-28


ԱՆԳԼԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԱՐԴԵՆ ԿԻՐԱՌԵԼԻ Է

Հայերեն-անգլերեն համակարգչային թարգմանիչը հանրությանն առաջին անգամ ներկայացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակի ընթացքում կազմակերպված «DigiTec 2006» միջազգային տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսումՙ հոկտեմբերի 6-8-ը: Դրանից ընդամենը մի քանի օր առաջ թարգմանիչն էլ-մայրենի անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացավ համահայկական էլ-բովանդակության մրցույթում: Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի ղեկավարած «Մեքենայական թարգմանության եւ կոմպյուտերային համակարգերի հայերենացման» գիտական լաբորատորիան արդեն 6 տարի աշխատում է թարգմանչական համակարգի մշակման վրա: «Ազգը» քանիցս անդրադարձել է այդ ընթացքում առաջացած ֆինանսական դժվարություններին, որոնք կամաց-կամաց հաղթահարվեցին Բաց հասարակության ինստիտուտի, «Եվրասիա» հիմնադրամի, իսկ այս տարի արդեն հանրապետության վարչապետի հովանավորությամբ: Երկարատեւ տքնանքից հետո պրոֆ Մանուկյանն այսօր ուրախ է ու հպարտ, որ ինտերնետային անգլերեն-հայերեն թարգմանիչը` www.translator.am, մատչելի է դարձել հանրությանը:

Իհարկե, այն դեռեւս կատարյալ չէ եւ նորածնի պես կարիք ունի հոգածության ու փայփայանքի, այսինքնՙ անընդմեջ զարգացման ու մշակման, այլապես կատարված ամբողջ աշխատանքը կարող է իմաստազրկվել: «Ես օրերս իմացա, որ ճապոնացիներն այդպիսի համակարգ ստեղծելու համար ծախսել են 320 միլիոն դոլար: Մենք դա արել ենք նվազագույն միջոցներով, ինչը նորից հաստատում է, որ մենք մտավոր հզոր ներուժ ունեցող ժողովուրդ ենք: Ես անկեղծորեն հպարտանում եմ, որ տարիների իմ երազանքը վերջապես շոշափելի դարձավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ: Համակարգն արդեն աշխատում է, ունենք բազմաթիվ այցելուներ, որոնք մեզ են ուղարկում իրենց դիտողություններն ու առաջարկները: Դա մեզ ուրախացնում եւ աշխատելու նոր եռանդ է տալիս: Սակայն գիտության եւ կրթության նախարարությունը մի տեսակ հեռու է պահում իրեն, առանձնապես հետաքրքրված չէ համակարգը զարգացնելով, ինչն իսկապես մտահոգիչ է, որովհետեւ թարգմանիչ ծրագիրն առավելապես օգտավետ է կրթական համակարգի համար: Մինչեւ տարեվերջ ինտերնետն ամբողջապես հայերեն կդառնա, եւ մեր աշակերտները կազատվեն ինտերնետում անգլերենի գերիշխանությունից: Իմ ցանկությունն է, որ նրանք ամենից առաջ պաշտեն հայերենը, հետո միայն տարվեն օտար լեզուներով: Չլինի այնպես, որ անգլերենի իմացությունը նոր սերնդի համար գերապատվելի դառնա հայերենից: Դա կործանարար կլինի մեր ազգի համար, որովհետեւ մեզ հայ պահողն ամենից առաջ մայրենին է», ասում է պրոֆ Մանուկյանը:

Այսօր նրան հուզում է նաեւ իր գործը շարունակական տեսնելու հարցը, նրան տանջում է իր կողքին երիտասարդ մասնագետների պակասը, ինչը կարող է լրջորեն վնասել դժվարությամբ տեղից շարժված ու ներկա պահին հաջող ընթացող աշխատանքին: Դրանով լրջորեն զբաղվելն ու հատուկ մոտեցում ցուցաբերելը նա համարում է խիստ անհրաժեշտ, մանավանդ որ ինտերնետային թարգմանչական համակարգը դեռեւս կիրառելի չէ մեր հարեւան երկրներում: Արդեն իսկ ծնվում են համատեղ աշխատելու մտահղացումներ, որոնց իրականացումը կախված է համակարգի զարգացմանը տեր կանգնելու պետական մոտեցումից:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4