«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2006-10-27 | #206, 2006-10-28 | #207, 2006-10-31


ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ ՏԱՐԵԿԱՆ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՄԵԿՆՈՒՄ 30 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ

Սոցիալական վիճակը փոքր-ինչ մեղմում է ոսկու արդյունահանման ձեռնարկության գործունեությունը

Գեղարքունիքի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության եւ Համաշխարհային բանկի հրատարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցի, այս մարզում աղքատ է բնակչության գրեթե 42 տոկոսը: Հայաստանի 10 մարզերից աղքատության այս ցուցանիշով Գեղարքունիքից ավելի վատթար վիճակում է գտնվում միայն Շիրակի մարզը: Թերեւս այս հանգամանքը նկատի ունենալով է 2005 թ.-ի մարտի 31-ին կառավարությունն ընդունել Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը:

Մարզի տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարեւելյան հատվածում եւ ծովի մակերեւույթից բարձր է 1800-2800 մետրով: Այն ամենամեծ մարզն է, որի տարածքը կազմում է 5348 քառ.կմ: Բնակչության պաշտոնական թիվը 240 հազարն է: Մարզն ունի 5 քաղաքային եւ 87 գյուղական համայնքներ:

Սեւանա լճի առկայությունը, հիասքանչ բնաշխարհը եւ բազում պատմաճարտարապետական հուշարձանները հնարավորություններ են ստեղծում զբոսաշրջության զարգացման համար: Սակայն Գեղարքունիքում ավանդաբար զարգացած է եղել արդյունաբերությունը: Խորհրդային Միության փլուզման ժամանակ այս մարզի արդյունաբերական ձեռնարկությունները նույնպես մատնվեցին հարկադիր պարապուրդի, իսկ նրանց աշխատակիցները հայտնվեցին սոցիալական ծանր կացության մեջ: Ներկայումս այստեղ գտնվող 78 արդյունաբերական ձեռնարկությունների փոքր մասն է գործում, այն էլ իր հնարավորություների 10-15% չափով: Դրա հետեւանքով կտրուկ ավելացել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Տարեկան այն հասնում է 30 հազար մարդու: Պատկերացնելու համար սոցիալական պատկերը Գեղարքունիքում, տեղեկացնենք նաեւ, որ 11722 ընտանիքներ նպաստառուներ են, իսկ աշխատանք փնտրողների թիվը մոտ 8 հազար է: Դրանից 6 հազարը գործազուրկներ են: Սա միայն այն մարդկանց թիվն է, որոնք դիմել են զբաղվածության պետական ծառայությանը: Մինչդեռ իրական գործազրկությունն առնվազն երեք-չորս անգամ ավելի է:

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում միայն, մասնավորապես 12 հազար բնակչություն ունեցող Վարդենիսում եւ 1000 բնակչություն ունեցող Սոդքում, սոցիալական վիճակը փոքր-ինչ մեղմվեց, երբ վերսկսվեց ոսկու հանքերի շահագործումը: Ներկայումս մարզի արդյունաբերության հիմնական ուղղությունը, շնորհիվ ոսկու արդյունահանման, դարձել է հանքարդյունաբերությունը: Հնդկական AGRC (Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն) ընկերության կողմից շահագործվող ոսկու բաց հանքերում աշխատում են 213 մարդ, իսկ ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 500 է: Հանքարդյունահանման հիմնական գործընթացին մասնակցողներից բացի, կան նաեւ օժանդակող աշխատակիցներ, որոնք նպաստում են հանքահանման աշխատանքների կազմակերպմանը: AGRC-ին Վարդենիսի տարածաշրջանում, ինչպես նաեւ Արարատում, որտեղ գտնվում է ոսկու կորզման ձեռնարկությունը, ամենաբարձր վարձատրությամբ աշխատող ընկերությունն է: Վարդենիսի բնակիչների հավաստմամբ, ձեռնարկությունը ինչ-որ չափով աջակցում է նաեւ քաղաքի բնակիչների սոցիալական վիճակի բարելավմանը:

Այս տարվա ընթացքում ընկերությունը նախատեսում է ավելացնել հանքանյութի արդյունահանման ծավալները: Հընթացս հանքերում աշխատողների համար տարեկան երկու անգամ անվտանգության դասընթացներ է անցկացնում: Նման անհրաժեշտությունը պայմանավորված է ձեռնարկության գործունեության ընթացքում դժբախտ պատահարները բացառելու նպատակով: Ծրագիր կա ոսկու հանքերի վերջնական մշակումից հետո տարածքի վերականգնման ուղղությամբ:

Այդուհանդերձ, ոսկու արդյունահանման ձեռնարկության գործունեությունը չի կարող ընդգրկել ամբողջ մարզի տարածքը եւ էական ազդեցություն ունենալ զբաղվածության խնդրի լուծման վրա: Ներկայումս արտագնա աշխատանքի չմեկնած եւ մարզում մնացած բնակչության մեծ մասն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում: Սեւանա լճին հարակից բնակավայրերի բնակիչներն էլ կամ ձկնորսությամբ, կամ հանգստյան տներում եւ հյուրանոցներում աշխատելով են վաստակում իրենց հացը: Իսկ հատկապես քաղաքային բնակչության (շուրջ 100 հազար մարդ) մեծ մասը շարունակում է մնալ առանց աշխատանքիՙ դրանից բխող տխուր հետեւանքներով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4