«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2006-10-27 | #206, 2006-10-28 | #207, 2006-10-31


ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՄԵԿԴԱՐՅԱ ՍԱՀՄԱՆԻՆ

Արեւմտահայության համար XX դարասկզբի ճակատագրական գործողությունների տարիներինՙ 1908 թ. հոկտեմբերի 28-ին Պոլսում հիմնադրվեց «Ժամանակ» օրաթերթըՙ Միսաք եւ Սարգիս Գոչունյան եղբայրների կողմից: Օսմանյան կայսրությունում քաղաքական, տնտեսական, մշակութային ասպարեզներում հայերի ակտիվ գործոն լինելու հանգամանքներում օրաթերթը տարբեր նշանակություն ունեցավ: Հատկապես հայալեզու ոչ սակավ պարբերականների մեջ այն իր ճանապարհը կարողացավ հարթել պատվով իր ընթերցողական շրջանակով ժողովրդական համարում ձեռք բերեց, որն ապահովեց թերթի տեւականությունը: Անխուսափելիորեն կրելով արեւմտահայությանը պատուհասած մեծ ողբերգության անդրադարձները, Թուրքիայում հայկական գործոնի հետզհետե նվազմանը զուգահեռ վերածվեց համայնքային նշանակությամբ թերթիՙ մշտապես պահպանելով իր ժողովրդամետ բնույթը եւ առաքելությունը: Դարի համաշխարհայնացման վտանգներին դեմՙ թերթը լինելով հայապահպան կարեւոր ազդակներից մեկըՙ շարունակեց իր գոյությունը, դիմագրավելով շատ փորձություններիՙ հայկական արժեքների հանդեպ համատարած անտարբերությանը, հայոց լեզվի ու մշակույթի հանդեպ երբեմն թշնամանքի հասնող վերաբերմունքին, 109 օրից ավելի տխրահռչակ շրջափակմանը: Այս ամենը օր-օրի ավելի դժվարացնում է հայալեզու պարբերականի հրատարակումը: Սակայն ահավասիկ 99 տարի թերթը գոյատեւում է եւ արդեն մեկդարյա իր կենսագրությամբ երախտիքով հիշում է հիմնադիրներին եւ թերթի հետագա կայացմանը մեծապես նպաստած անցյալ եւ ներկա խմբագիրներին. Միսաք եւ Սարգիս Գոչունյաններ, Մարտիրոս, Մելիք եւ, ներկայիս, Արա Գոչունյաններ, բոլոր աշխատակիցներին եւ թերթի հավատարիմ ընթերցողներին, որոնք են արժեւորում եւ իմաստավորում յուրաքանչյուր թերթի գոյություն, աշխատանք ու նվիրում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4