«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2006-10-28 | #207, 2006-10-31 | #208, 2006-11-01


ԿՀԵՇՏԱՑՎԻ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՄԵՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ

Այս եւ այլ հարցեր են քննարկվել Բրյուսելում

Երեկ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հոկտեմբերի 25-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոմիություն համագործակցության կոմիտեի հերթական` 7-րդ նիստին քննարկված հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Կարեն Ճշմարիտյանը, որ համագործակցության հայկական կողմի համանախագահն է, տեղեկացրեց, որ նիստին քննարկվել են Հայաստանի եւ Եվրոմիության կնքած գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրագործման ընթացքը, նախորդ նիստից մինչ այժմ տեղի ունեցած զարգացումները, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Անդրադարձ է եղել Մեծամորի ատոմակայանի հիմնախնդրին եւ ատոմակայանի անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացմանն ուղղված համագործակցությունը շարունակելու համաձայնություն է ձեռք բերվել: Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ այժմ կան այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներ, նախանշված ծրագրային հաշվարկներ:

Հայկական պատվիրակության կազմում եղել են արտաքին գործերի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, էներգետիկայի, արդարադատության նախարարների տեղակալներ, մեր երկրում Եվրոմիության ներկայացուցիչներ: Նիստին գործընկերների ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ հատկապես վերջին ժամանակաշրջանում Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի արտոնագրման տրամադրման ընթացակարգերն անհարկի բարդացվել են, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստան-Եվրոմիություն երկկողմ հարաբերությունների զարգացման վրա:

Կարեն Ճշմարիտյանը չցանկանալով նշել մեր երկրում որեւէ դեսպանատան անուն, ասուլիսին հայտարարեց, որ արտոնագրեր ստանալու համար հարցազրույցների են կանչվում կառավարության ներկայացուցիչներ, եվրոպական երկրներ հրավիրված պետական պաշտոնյաներ, բարդացվում է Շենգենյան երկրների հետ համագործակցող մեր գործարարներին վիզաների տրամադրումը, ինչը նախկինում չի եղել: «Կարծում եմ, դա կոնկրետ մեկ դեսպանատան խնդիր չէ: Նրանք կատարում են այն հրահանգը, որ ստանում են եվրոպական կառույցից»: Նա տեղեկացրեց, որ որոշվել է հարցն ընդգրկել նիստի արձանագրության մեջ եւ շուտափույթ լուծում տալ:

Եվրոպացիները հավաստիացրել են, որ Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ շնորհելու ձգձգումը զուտ տեխնիկական խնդիր է: Այս հարցը քննարկվել է նաեւ Կարեն Ճշմարիտյանի եւ Եվրոհանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության ղեկավարի հանդիպմանը:

Հայաստանում Եվրոմիության երկրների ներդրումների ծավալը կտրուկ աճ է արձանագրել 2003 թ.-ին: Օտարերկրյա 400 մլն ԱՄՆ դոլար ներդրումների մեջ ԵՄ մասնաբաժինը նախորդ տարի կազմել է 53,9 տոկոս: Կարեն Ճշմարիտյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի այս թիվը կմեծանա 20 տոկոսով: Հայաստանում ներդրումների ծավալով ԵՄ անդամ երկրների առաջին տեղում Գերմանիան էՙ 97,354 մլն դոլար, ապա Հունաստանը, Ֆրանսիան: Անցյալ տարի լուրջ առաջընթաց են գրանցել Գերմանիան եւ Ֆրանսիան:

Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի ներդրումներին, ապա. «այս երկիրը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է: Վլադիմիր Պուտինի երեկվա խոսքը վերաբերում էր միայն նախորդ տարվան, սակայն 1991-2005 թթ. Ռուսաստանը Հայաստանում ներդրումների ծավալով առաջին տեղում է եղել», նախօրեին ՌԴ նախագահ Պուտինի մտահոգության վերաբերյալ ասաց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը:

Եվրոպական կողմի գործընկերները այս տարվա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կայցելեն Հայաստանՙ գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրերն առավել մանրամասն քննարկելու եւ հնգամյա ծրագրի ժամկետները ճշգրտելու:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4