Թե ինչպես է ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների նախագիծը` հատկապես քվեաթերթիկների ապակենտրոնացված տպագրությունը, ծրարների անվավեր ճանաչելու թերի կարգը, լիովին փակ ընտրախուցերը եւ... բջջային հեռախոսները նպաստելու առաջիկա ընտրությունների կեղծմանը, երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողներին ներկայացրեց ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը:
Շ. Քոչարյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը եւս շեշտել է, որ պետք է քվեաթերթիկների տպագրության կենտրոնացված համակարգ գործի, որպեսզի վերահսկվի քվեաթերթիկների տպագրության ու առաքման գործընթացը: Այլապես այն դառնում է անվերահսկելի` տպագրվում եւ տարածվում են լրացուցիչ քվեաթերթիկներ: «Դա լայնածավալ կեղծիքների հնարավորություն է ստեղծում», նշեց բանախոսը:
Եվս մեկ նորամուծություն. երբ ընտրողը քվեարկում է փակ ընտրախցում, նրա գործողություններն անվերահսկելի են, այսինքնՙ նա կարող է ընտրական կարուսելի մի օղակ լինել եւ փոխել քվեաթերթիկը գրպանում եղած քվեաթերթիկով, կամ կարող է լուսանկարել, տեսագրել իր քվեարկած քվեաթերթիկը բջջային հեռախոսով եւ դրա համար կաշառք վերցնել թեկնածուից:
Ինչ վերաբերում է մեկ թեկնածուով ընտրություններին, բանախոսը նշեց, որ այն Վենետիկի հանձնաժողովի առաջարկով պետք է բացառվի, որպեսզի ժողովրդավարություն եւ քաղաքականապես ակտիվ հասարակություն ստեղծվի: Մինչդեռ. «Մեզանում այդ երեւույթը փաստացի գործընթաց է դարձել: Սա նշանակում է, որ երկիրը գնում է ոչ թե դեպի ժողովրդավարություն, այլ վերադառնում է դեպի նախկին խորհրդային, որոշ մարդկանց համար հաճելի համակարգը», ասաց նա:
«Հակասական է, երբ մի կողմից գոչում են 2007-ի ընտրությունների Հայաստանի համար ճակատագրական լինելու մասին, մյուս կողմից նոր կեղծիքների հնարավորություններ են ստեղծում»: Այս իմաստով բանախոսը մեջբերեց նաեւ միջազգային կառույցների բազմիցս հնչեցրած միտքը, որ. «Եթե լիներ իշխանությունների քաղաքական կամքը, մենք կունենայինք ազատ, արդար ընտրություններ»: Բայց այստեղ է, որ հեգնում է ժողովրդական իմաստնությունը` թան էլ չէ` փրթած մածո՛ւն:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ