Նոյեմբերի 8-ին Եվրոհանձնաժողովը կհրապարակի Թուրքիային վերաբերող խիստ քննադատական զեկույց, տեղեկացնում է «Ֆիգարո» թերթը: Այդուհանդերձ Բրյուսելը չի ուզում ընդհատել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները:
Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայում «դանդաղել է բարեփոխումների ընթացքը»: Բացի դրանից, լուծված չէ Կիպրոսի խնդիրը: Վերջինիս լուծումը վճռական է քաղաքական առումով: 2005 թ. սեպտեմբերին ԵՄ-ը Անկարայից պահանջեց մինչեւ 2006 թ. վերջն իր օդանավակայանները եւ նավահանգիստները բացել կիպրական նավերի եւ օդանավերի առջեւ, սպառնալով հակառակ դեպքում հարցականի տակ դնել անդամակցության բանակցությունների շարունակումը:
Վերջնագրի ժամկետը մոտենում է ավարտին, բայց Անկարայում առաջընթաց չկա: Եվրոհանձնաժողովն ընդհանուր առմամբ կողմ է Թուրքիայի անդամակցությանը: Սակայն ներկա իրավիճակը Բրյուսելում տարաձայնություններ է առաջացրել: Եվրոկոմիսարների դիրքորոշումները թուրքամետ կամ հակաթուրքական են, նայած նրանց երկրների քաղաքական շահերի: Ըստ «Ֆիգարոյի», ֆրանսիացիները պահանջում են բանակցությունների մասնակի ընդհատում (մաքսային միության պահանջների անտեսման պատճառով), իսկ կիպրացի կոմիսարը պահանջում է Թուրքիայի անդամակցության բանակցությունների ամբողջական ընդհատում:
Նման պայմաններում ԵՄ ներկայիս նախագահ Ֆինլանդիան առաջարկում է նոյեմբերի 5-ին Հելսինկիում կազմակերպել Թուրքիայի եւ Կիպրոսի արտգործնախարարների հանդիպում: Ֆինների ներկայացրած ծրագրի համաձայն, Եվրոմիությունը պետք է առեւտուր սկսի Հյուսիսային Կիպրոսի հետ, որպեսզի Թուրքիան բացի իր նավահանգիստները կիպրական նավերի առջեւ:
Ամեն դեպքում վերջնական որոշումն ընդունվելու է դեկտեմբերի 16-ին Բրյուսելում, ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Այդ օրը հաշվի կառնվեն Եվրոհանձնաժողովի հանձնարարականները, որոնք անցյալում երբեւէ այսքան խիստ չէին եղել: Թուրքիան մասնավորապես քննադատվում է խոսքի ազատության, կանանց եւ քրդերի իրավունքների ոտնահարման առումով:
ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Օլի Ռենը մասնավոր զրույցում ասել է, որ մտահոգիչ է նաեւ Թուրքիայի հասարակության իսլամացումը: Անցյալում Եվրոհանձնաժողովը բնավ չէր համարձակվել շոշափել այդ թեման:
Պ. Ք.