Երեկ վիճում էին իշխանությունների ներկայացուցիչներն ու գործարարները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախաձեռնությամբ երեկ կլոր սեղան էր հրավիրվել, նվիրված դրամի արժեւորմանը եւ դրա ազդեցությանը տեղական արտադրողների ու հատկապես արտահանողների վրա: Միջոցառմանը մասնակցում էին ինչպես արտահանման ուղղվածություն ունեցող տեղական արտադրողները, այնպես էլ կառավարության, պետական կարգավորող մարմինների ներկայացուցիչներն ու Կենտրոնական բանկի նախագահը:
Դրամի արժեւորման երեւույթին անդրադառնալով, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն այն շաղկապեց տնտեսության մրցունակության խնդրի հետ: Նշելով, որ դրամի արժեւորման հիմնական պատճառը արտերկրից կապիտալի խոշոր ներհոսքն է մեր երկիր եւ շինարարության ու սպասարկման ոլորտներում արձանագրված աճի բարձր տեմպերը, ԿԲ նախագահն ընդգծեց, որ դա առաջացնում է մրցունակության խնդիր: Այսինքն, տեղական արտադրողները պետք է կարողանան ավելի նվազ ծախսերով եւ ցածր գնով իրացնել իրենց ապրանքը միջազգային շուկայում: Ձեռնարկություններից շատերն իրենց մրցունակ լինելու ելքը տեսնում են ԿԲ կողմից փոխարժեքն ամրագրելու մեջ, ինչը, սակայն Տիգրան Սարգսյանի համոզմամբ, չի բերի նրանց մրցունակության բարձրացմանը: «Եթե փոխարժեքն ամրագրենք, ապա գները կսկսեն աճել: Այդ նույն ձեռնարկությունները ստիպված կլինեն աշխատավարձեր բարձրացնել, գների բարձրացմանը համընթաց ծախսերն ավելացնել եւ դարձյալ դառնալ անմրցունակ», փաստարկեց Տիգրան Սարգսյանը:
Ազգային արժույթի արժեւորումը զուտ հայկական երեւույթ չէ: Նման երեւույթներ ժամանակին ունեցել են ներկայիս զարգացած երկրներըՙ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Սինգապուրը եւ ուրիշներ: Հետեւաբար, այդ կապիտալի ներհոսքի տեմպերի պահպանման պարագայում մեր ձեռնարկությունները, ըստ Տիգրան Սարգսյանի, պետք է կարողանան արագ վերակառուցվել: Արտադրողականության բարձրացման համար պետք է ձեռք բերվեն նոր տեխնոլոգիաներ, բարելավվի մենեջմենտը եւ բարձրացնի ծախսերի արդյունավետությունը:
Արդյոք ձեռնարկություններն ունե՞ն հնարավորություններ արտադրողականության բարձրացման համար: Այս հարցին ԿԲ նախագահը, վկայակոչելով իր ուսումնասիրության արդյունքները, դրական է պատասխանում, ասելով, որ նրանց շահութաբերությունն ավելի բարձր է, քան նրանց եվրոպական գործընկերներինը: Բացի այդ, ձեռնարկությունները կարող են միջազգային ֆինանսական շուկայից միջոցներ ներգրավել 0 տոկոսադրույքով, եթե գործեն թափանցիկ, ստանան վարկանիշ եւ թողարկեն բաժնետոմսեր: Սակայն վերջիններս դա չեն ցանկանում անել բարձր ստվերայնությունից չհրաժարվելու համար: Այդուհանդերձ, Տիգրան Սարգսյանը նշեց, որ 30 ձեռնարկություններ արդեն դիմել են այդ նպատակով: «Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ այդ ձեռնարկությունները կստանան առավելություն, եթե գնան այս ճանապարհով», ասաց ելույթ ունեցողը, միաժամանակ ավելացնելով, որ խոսքը ցավոտ գործընթացների մասին է:
Իսկ ի՞նչ է անում պետությունը դրամի արժեւորման հետեւանքները մեղմացնելու համար: Պետությունն, ըստ ԿԲ նախագահի, մտնում է շուկա եւ ներքաշում է դրամը 5-9 տոկոսով, դրանով արտարժույթ գնում եւ նվազեցնում արժեւորման տեմպը: Սակայն ավելի մեծ քանակով եւ բարձր տոկոսադրույքներով ԿԲ-ն դա չի կարող անել, որովհետեւ դա կարող է բերել վարկերի թանկացմանը:
Հաջորդ ելույթ ունեցողը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն էր: Նա հայտնեց, որ այս տարի հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարել 32 ապրանքային շուկաներում եւ մոնիտորինգՙ նախկինում ուսումնասիրված 70 շուկաներում, որոնք բոլորը հիմնականում զանգվածային սպառման ապրանքներն են: Նա փաստեց, որ ներքին շուկայում տնտեսվարողների միջեւ պայմանագրեր գրեթե չկան, իսկ գործարքները տեղի են ունենում կանխիկ դրամով: Այդ շուկաներում ահռելի ստվերային շրջանառություն է կատարվումՙ մինչեւ 80 տոկոս: Շատ հաճախ պարզապես արտառոց պատկեր է ստացվում, երբ 1 շնչին ընկնող ապրանքի քանակով Հայաստանը մի քանի անգամ զիջում է հարեւան այլ երկրներին: Օրինակՙ պարզվում է, որ Հայաստանում 1 անձը տարեկան սպառում է 300 գրամ պանիր, 400 գրամ պաղպաղակ, 1,3 կգ կարագ եւ այլն: Սա խոսում է ստվերային շրջանառության մեծ ծավալների մասին: Աշոտ Շահնազարյանը ստեղծված վիճակի համար մեղքը վերագրեց ոչ միայն գործարարներին, այլեւ օրենսդրությանը: Նա այն կարծիքը հայտնեց, որ այդ վիճակը ստեղծվել է պարզեցված հարկի եւ հաստատագրված վճարների պատճառով:
Գործարարների մոտեցումներն ու դժգոհությունները ներկայացրեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը: Նա դրամի արժեւորումը համարեց օբյեկտիվ գործոնների հետեւանք, բայց ընդգծեց այն սուբյեկտիվ գործոնները, որ ուղեկցում են դրան: Մասնավորապես փոխարժեքի կարճատեւ կտրուկ տատանումները, որոնք շատ ցավոտ են անդրադառնում բիզնեսի վրա: ՀԱԳՄ նախագահը անհասկանալի համարեց նաեւ այն փաստը, որ դրամի արժեւորումը չի բերում դրամի գնողականության բարձրացմանը եւ գների անկմանը: «Եթե արժեւորումը շարունակվի, ապա կգա մի ժամանակ, երբ 1 շիշ ջուրը կարժենա ոչ թե 200 դրամ, այլ 200 դոլար», նման պատկերավոր համեմատություն անելով, Արսեն Ղազարյանն ընդգծեց այն խնդրի սրությունը, որին բախվում են տեղական արտադրողները: Միաժամանակ ՀԱԳՄ նախագահը նույնպես այն կարծիքը հայտնեց, որ ներկրողներն աշխատում են, իր բնորոշմամբ, «գերշահույթով»: Դա է նաեւ խանգարում արտադրողների կողմից արժեթղթերի թողարկմանը, քանի որ այդ ներմուծողները կարող են ձեռք բերել նրանց ձեռնարկությունները: Այսինքն, արտադրողները զգուշանում են կապիտալի վերաբաշխումից:
Արսեն Ղազարյանն առաջարկեց փոփոխել ջրի, հեռահաղորդակցության, էներգակիրների սակագները, որոնք հաստատվել են այն ժամանակ, երբ դրամ-դոլար փոխարժեքը 580 դրամ էր 1 դոլարի դիմաց: Հայկական երկաթուղին, չգիտես ինչու, մինչ այժմ փոխարժեքը հաշվարկում է 1 դոլարը 500 դրամ սկզբունքով: «Առաջարկում ենք կառավարությանը վերանայել այդ սակագները, որը ազդակ կլինի նաեւ ներմուծողների համար, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց գերշահույթներից», նշեց միության նախագահը:
Քննարկմանը հրավիրված էր նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, սակայն հավանաբար անհրաժեշտ է, որ նման մակարդակի քննարկումներն անցկացվեն հանրապետության նախագահի կամ առնվազն վարչապետի մասնակցությամբ: