«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2006-11-01 | #209, 2006-11-02 | #210, 2006-11-03


ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈ՞Վ

Թե շաքար ներմուծողից շաքար արտադրող դարձողի շահերից ելնելով

Հայաստանում շաքարի արտադրությունը խթանելու եւ տեղական արտադրողների շահերը պաշտպանելու հիմնավորմամբ երեկ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծին: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխության ընդունումը կնպաստի տնտեսության նույն ճյուղի տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովմանը, ներքին շուկայում շաքարի տեղական արտադրանքի պահանջարկի մեծացմանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ օրինակ Վրաստանում գործող շաքարի գործարանը Ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում առանց մաքսատուրքի իր արտադրանքը ներմուծում է Հայաստան: Այսինքն, ստեղծվել է անհավասար պայմաններ տնտեսության նույն ճյուղի տարբեր տնտեսվարողների համար, երբ օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների համար գործում է առավել բարենպաստ հարկման դաշտ, քան ներքին արտադրողի համար:

Նշենք, որ Հայաստանում շաքարի արտադրություն գրեթե գոյություն չունի, եւ այն ներմուծվում է: Ներմուծողը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ֆլիտֆուդ» ընկերությունն է, որը շուկայում ունի գերիշխող դիրք եւ չի հանդիպում էական մրցակցության: Օրենքի այս փոփոխությունը սակայն արվել է դարձյալ այս ընկերության սեփականատիրոջ շահերից ելնելով, քանի որ վերջինս Ախուրյանում սկսել է շաքարի արտադրության գործարանի կառուցումը: Այժմ արդեն «Ֆլիտֆուդը» գերիշխող դիրք ունեցող ներմուծողից կվերածվի գերիշխող դիրք ունեցող արտադրողի: Այլապես ինչպես հասկանալ, թե ինչու օրենքում նման փոփոխությունը չի կատարվել տարիներ առաջ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4