«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2006-11-01 | #209, 2006-11-02 | #210, 2006-11-03


ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԸ ԿԱՐՏԱԴՐԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ 10-15 ՏՈԿՈՍԸ

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում կառուցվել են 17 փոքր ՀԷԿ-եր (ՓՀԷԿ) այն դեպքում, երբ 2004 թ.-ին նախորդող 7 տարիների ընթացքում դրանց թիվը եղել է 18-ը: Ներկայումս գործող 47 փոքր հիդրոէլեկտրակայաններին մինչեւ 2010 թ.-ը կավելանան եւս 50-ը, դրանց ընդհանուր թիվը հասնելով 97-ի: Այս մասին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի համատեղ կազմակերպածՙ փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրերի ֆինանսավորման խնդիրներին նվիրված սեմինարի բացման խոսքում հայտնեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա նաեւ ավելացրեց, որ 4 տարի հետո արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալների մեջ փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան կկազմի սպառման ավելի քան 15 տոկոսը:

Փոքր ՀԷԿ-երի ոլորտի զարգացման միտումներն առավել մանրամասն ներկայացրեց նույն հանձնաժողովի բաժնի պետ Աբգար Բուդաղյանը: Նա հայտնեց, որ ներկայումս ՓՀԷԿ-երի բաժինն արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալներում գտնվում է 2-2,5 տոկոսի սահմաններում: Կառուցման փուլում գտնվող 51 ՓՀԷԿ-երը մեծ մասամբ գտնվում են բնական ջրահոսերի, ապա նաեւ ոռոգման համալիրների եւ խմելու ջրատարների վրա: 2010 թ.-ին նրանց ընդհանուր գումարային հզորությունը կկազմի 175 ՄՎտ, իսկ տարեկան արտադրվող էլեկտրաէներգիանՙ մոտ 644 մլն Կվտ/ժ: Այս ցուցանիշներին հասնելու համար անհրաժեշտ կլինի ներդնել 47 մլրդ դրամ:

Բնական ջրահոսի վրա կառուցված ՓՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը հանձնաժողովի որոշմամբ գործում է 15 տարվա ընթացքում եւ կազմում է 4,5 ցենտ 1 կվտ/ժ-ի դիմաց (առանց ավելացված հարկի): Խմելու ջրատարների վրա կառուցված կայանինըՙ 2 ցենտ, իսկ ոռոգման համակարգերի վրայինըՙ 3 ցենտ այդ նույն ժամկետի համար: Սա նշանակում է, որ հնարավորինս նվազում են ներդնողի ռիսկերը, եւ դա արվում է այս ոլորտի զարգացումը խթանելու նպատակով:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի ներկայացուցիչ Թամարա Բաբայանը ներկայացրեց ՓՀԷԿ-երի վարկավորման մեխանիզմները: Նա տեղեկացրեց, որ այդ ծրագրի ֆինանսավորմանը մասնակցում են Համաշխարհային բանկը, Միջազգային զարգացման ընկերակցությունն ու Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկը: Վարկերի նվազագույն չափը կազմում է 30 հազար դոլար, առավելագույնըՙ 2 մլն դոլար, դրանք տրվում են ինչպես դոլարով, այնպես էլ դրամով: Իսկ 1 փոքր ՀԷԿ կառուցելու միջին արժեքը 500 հազար դոլար է: Ֆինանսավորումը տրվում է էներգաարտադրության ծավալների ավելացման, էլեկտրակայանների հզորությունը մինչեւ 10 ՄՎտ-ի հասցնելու, առնվազն 30 տոկոս համաֆինանսավորման եւ մի շարք այլ պայմանների առկայությամբ:

Վերականգնվող էներգետիկայի ծրագրի նախապատրաստման համակարգող Արա Մարջանյանը ներկայացրեց Համաշխարհային բանկի ծրագրի իրագործման գրասենյակի իրականացրած միջոցառումներն այս ոլորտում, դրանց արդյունքները եւ ի հայտ եկած խոչընդոտները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, «Հայռուսգազարդի» առաջարկի վերաբերյալ

Պատասխանելով «Հայռուսգազարդ» ընկերության կողմից գազի սակագների անակնկալ բարձրացման հայտին վերաբերող հարցին, երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այն կարծիքը հայտնեց, որ ընկերությունը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի 6 ամիսը մեկ սակագների վերանայման հայտ ներկայացնել: Սակայն թե ինչ որոշում կընդունի հանձնաժողովը, ինչպես նշեց նրա նախագահը, պարզ կդառնա, երբ ստացվի այդ հայտը եւ ուսումնասիրվի:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4